Մայր Աթոռում կատարուեց Հին Վեհարանի վերաբացման արարողութիւնը

Յուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցաւ Հին Վեհարանի վերաբացման հանդիսաւոր արարողութիւնը: Պատմական կառոյցը հիմնանորոգուել ու բարեկարգուել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանի եւ տիկին Վերա Սեդրակեանի ազնիւ բարերարութեամբ:

Բացման արարողութեանը ներկայ էին ՀՀ Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, ՀՀ Առողջապահութեան նախարար Արմէն Մուրադեանը, Մայր Աթոռի միաբաններ, Հին Վեհարանի բարերարները եւ ՀԲԸՄ անդամներ, ինչպէս նաեւ կրթութեան ու մշակոյթի գործիչներ:

Արարողութիւնն սկսուեց Տէրունական աղօթքով, ապա հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի եւ մասնակցութեամբ հոգեւորականաց դասի կատարուեց օրհնութեան կարգ: Հաւարտ արարողութեան, ներկաներին իր օրհնութիւնը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Փառք եւ գոհութիւն ենք բարձրացնում առ Աստուած, որ մեր կեանքից ներս առատօրէն շնորհներ է հեղում, որոնցով բարեզարդւում է եւ պայծառանում մեր Ս. Եկեղեցին իր առաքելութեան մէջ: Մենք գոհութիւն ենք յայտնում Աստծուն, որ այսօր ձեզ հետ միասին բացում ենք դռները Հին Վեհարանի», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով  Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը բերեց Հին Վեհարանի նորոգութիւնը յանձն առած Հայ Եկեղեցու եւ ազգի նուիրեալ զաւակներ տէր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակեաններին` մաղթելով, որ Երկնաւոր Տիրոջ Աջը միշտ տարածեալ մնայ Սեդրակեան ընտանիքի վրայ: «Նրանք նոյնպէս ցանկացան բարի յիշատակ ունենալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որովհետեւ ապրել են Ս. Էջմիածնով եւ իրենց առաքելութեան մէջ միշտ կարեւոր տեղ է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը», – ասաց Հայոց Հայրապետը` գնահատանքով վկայելով նաեւ, որ ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակեանը մշտապէս կարեւորել է համագործակցութիւնը Հայ Եկեղեցու եւ ՀԲԸՄ-ի միջեւ` այն հաւատով, որ համատեղ գործունէութիւնը պիտի գայ զօրացնելու ազգային կեանքը, նպաստելու Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելութեան առաւել արդիւնավետ իրականացմանը յատկապէս Սփիւռքում:

Հին Վեհարանի վերաբացման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը յայտնեց նաեւ Մայր Աթոռի բարեկարգման գործին տարիներ շարունակ իրենց կարեւոր նպաստը բերող տիար Գագիկ Գալստեանին եւ «Հորիզոն 95» շինարարական ընկերութեան աշխատակիցներին` մաղթելով գեղեցիկ իրագործումներով շարունակել հայրենի երկիրը շէնացնելու իրենց բարի ծառայութիւնը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղօթքով հայցեց Բարձրեալից, որ խաղաղութիւնն ուղեկից դարձնի Հայոց աշխարհին եւ աշխարհասփիւռ հայորդիներին, որպէսզի գոհաբանութեամբ եւ նուիրեալ աշխատանքով կարողանան պայծառացնել հայ կեանքը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում:

Այնուհետեւ Հայոց Հովուապետը եւ Սեդրակեան ամուսինները, հատելով Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապաւէնը, կատարեցին բացումը հիմնանորոգուած Հին Վեհարանի, շրջեցին սրահներում, դիտեցին ցուցադրուող բարձրարուեստ արժէքաւոր եկեղեցական-ծիսական ցուցանմուշները:

Ղազար Ա Ջահկեցի Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալութեան շրջանում`1738-1751 թթ.-ին, Հայոց Կաթողիկոսարանը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի արեւմտեան կողմից փոխադրւում եւ հաստատւում է դեռեւս Ս. Մովսէս Գ Տաթեւացի Հայրապետի շրջանում (1629-1632 թթ.) կառուցուած երկյարկանի շէնքի վերին հարկում: Մինչեւ 1962 թուականն Ամենայն Հայոց Հայրապետները բնակուել եւ իրենց գործունէութիւնն իրականացնել են Հին Վեհարանի շէնքում: 1968 թ.-ին, պայմանաւորուած նոր Վեհարանի հիմնադրմամբ, լուսահոգի Վազգէն Ա Հայրապետի նախաձեռնութեամբ եւ ազգային բարերար Ալէք Մանուկեանի աջակցութեամբ Հին Վեհարանը նորոգւում է եւ սկսում գործել որպէս թանգարան: 2010-14 թթ.-ի հիմնանորոգութիւնից յետոյ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Հին Վեհարանում հաստատւում են Հայոց Հայրապետներին եւ արքաներին նուիրուած ցուցասրահներ, որտեղ զետեղուած են նրանց գեղանկարները, նուիրական առարկաներ եւ անձնական իրեր: Հովնաթանեանների ձեռքով նկարազարդուած գահասրահում` «Ծաղկեայ դահլիճում», ցուցադրւում է 400 տարուայ հնութիւն ունեցող Սրբալոյս Միւռոն: Այստեղ է նաեւ 1837 թ.-ին Մադրասում պատրաստուած Հայոց Հայրապետների պատմական գահը եւ Հայրապետական արծիւը, որ պատկանել է Փիլիպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655 թթ.): Սրահներից մէկում ցուցադրութեան են դրուած նաեւ Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացուած են հայկական արծաթագործութեան եւ ասեղնագործութեան եզակի ստեղծագործութիւններ, ծիսական պարագաներ:

Scroll Up