Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտէի հանդիպումը Ժնեւում
Յուլիսի 2-ին Ժնեւում (Շուեյցարիայ) սկսուեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական կոմիտէի 64-րդ հանդիպումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ԵՀԽ Կենտրոնական կոմիտէում ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի թեմական պատուիրակ ու թեմի միջեկեղեցական յարաբերութիւնների տնօրէն Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը եւ Մայր Աթոռի Համացանցային ծառայութիւնների գրասենեակի տնօրէն տիկին Փոլայ Տէր-Մաթոյեանը: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնից հանդիպմանը մասնակցում են Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզեանը եւ տիկին Թենի Փերրի Սիմոնեանը:
Կենտրոնական կոմիտէի հանդիպումը բացուեց աղօթքով, որի ժամանակ ներկաներն աղօթեցին բարեյիշատակ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզեանի եւ բոլոր այն անձանց հոգիների հանգստութեան համար, ովքեր ներգրաւուած են եղել էկումենիկ շարժման մէջ:
Եօթնօրեայ հանդիպման օրակարգի առաջին խնդիրներից էր մօտակայ ութ տարիների համար կոմիտէի մշտական յանձնաժողովների ղեկավարների ընտրութիւնն ու անդամների նշանակումը: նկատի ունենալով Վիգէն արքեպիսկոպոսի երկարամեայ փորձառութիւնը եւ ակտիւ մասնակցութիւնը էկումենիկ շարժմանը` համընդհանուր համաձայնութեամբ նրան ընտրեցին ԵՀԽ կարեւորագոյն յանձնախմբերից մէկի` Ֆինանսական քաղաքականութեան յանձնախմբի նախագահ: Վիգէն Սրբազանն ի պաշտօնէ կը ծառայի նաեւ որպէս ԵՀԽ Գործադիր կոմիտէի անդամ: Տիկին Փոլայ Տէր-Մաթոյեանն ընտրուեց Կառավարման եւ թեկնածուների առաջադրման յանձնախմբի անդամ:
Կենտրոնական կոմիտէի հանդիպման օրակարգի թեմաները հիմնականում առնչւում են Արդարութեան եւ խաղաղութեան ուխտագնացութեան նիւթին, որի շրջանակներում քննարկումներ են տեղի ունենալու Եկեղեցիների միութեան, բնակլիմայական փոփոխութիւնների, տնտեսական արդարութեան եւ ռեսուրսների բաշխման վերաբերեալ: 2013 թ. նոյեմբերին ԵՀԽ-ի կողմից որդեգրած միութեան յայտարարութիւնը կոչ էր արել բոլոր Եկեղեցիներին «աւելի աշխուժացնել յանուն արդարութեան, խաղաղութեան եւ արարչութեան բժշկման աշխատանքը եւ միասին դիմագրաւել արդի սոցիալական, տնտեսական եւ բարոյական խնդիրների բարդ մարտահրաւէրները»:
ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի 64-րդ հանդիպումը կ’աւարտուի յուլիսի 9-ին: