Առաջնորդ Սրբազանը Արազի ազատ գօտու ազգապատկան ժառանգութիւնների խնդիրը քննարկեց դոկտ. Սերմեսդի հետ
Մայիսի 31-ի կէսօրին, Հայաստանից վերադարձի ճանապարհին, Ջուլֆա քաղաքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը պաշտօնական հանդիպում ունեցաւ Արազի Ազատ գօտու կրօնական ու մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան բաժնի ընդհ. տնօրէն դոկտ. Սերմեսդի հետ: Հանդիպմանը ներկայ գտնւեցին Սրբազան Հօրն ուղեկցող Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, ինչպէս նաեւ Հայ-իրանական յարաբերութիւնների յանձնաժողովի իրանցի անդամ Նազիֆին:
Աշխատանքային հանդիպման ընթացքում կարեւորութեամբ անդրադարձ կատարւեց կողմերի միջեւ գործակցութեան, ի նկատի ունենալով Արազի ազատ գօտու ստացած լայն շահեկանութիւնը յատկապէս Արեւելեան Ատրպատականում եւ ընդհանրապէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Սոյն վաճառաշահ նորահաստատ տարածաշրջանում հսկայ տարածութեամբ հողամասեր պատկանում են Ատրպատականի հայոց թեմին, որոնց շահարկման համար համատեղ ծրագրեր են մշակւում ազգային առաջնորդարանի եւ Արազի ազատ գօտու միջեւ:
Ժողովական նիստի ընթացքում քննարկւեցին Ատրպատականի հայոց թեմի այն սրբավայրերի հետ կապւած խնդիրները, որոնք գտնւում են Արազի ազատ գօտում: Արաքսի ափում գտնւող Հովւի մատուռի վերանորոգման աշխատանքներին ու ընդհանրապէս վերանորոգելի սրբավայրերի շինարարական գործին ակնարկելով, առաջնորդ Սրբազանը շեշտեց Հայ Եկեղեցու աւանդական ճարտարապետութեան ու սրբատեղիների ներքին դասաւորումների ու յարդարանքի կանոնները պահպանելու անհրաժեշտութիւնը: Այս առնչութեամբ առաջնորդ Սրբազանն ու Թեմական խորհրդի ատենապետը լայն ծանօթութիւններ տւեցին Տղմուտ գետի երկայնքին գտնւող երեք պատմական եկեղեցիների՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի, Ս. Սարգիսի եւ Ս. Գէորգի մասին, որոնք ինքնաշարժի ճանապարհ չունենալով՝ անմխիթար վիճակում են գտնւում, տեղի գիւղացիների խղճին թողւած: Այս առիթով առաջնորդ Սրբազանը դոկտ. Սերմեսդին յայտնեց թեմի երիտասարդութեան համար ծրագրւած ուխտագնացութեան քայլարշաւը դէպի այդ պատմական սրբավայրերը՝ իր իսկ գլխաւորութեամբ:
Հանդիպման գլխաւոր նիւթը կազմեց Ս. Ստեփանոս Նախավկայ վանքին նկատմամբ առաւել ուշադրութիւն դարձնելու խնդիրը: Նշենք, թէ օրական դրութեամբ հարիւրաւոր զբօսաշրջիկներ շրջակայ երկրներից կայցելեն վանք, հիանալով նրա լեռնաթառ դիրքին, պատմութեանը, հայկական հանճարեղ ճարտարապետութեանը եւ կատարւած մասնագիտական վերանորոգութեանը: Դոկտ. Սերմեսդը յայտնեց, թէ այս տարի այցելուների քանակը, յատկապէս Իրանական Նոր տարւայ օրերին, աւելացել է նախորդ բոլոր տարիների այցելուների թիւը, տասնեակ հազարով: Գնահատական խօսք եղաւ նաեւ առաջնորդարանի կողմից նշանակւած հայ պահապան Ռազմիկ Դիլանեանի մասին, որը խղճամտութեամբ ծառայում է Նախավկայ վանքում, բծախնդրութեամբ հսկելով տաճարում զբօսաշրջիկների կարգապահութեանը եւ մոմավառութեանը:
Թեմակալ առաջնորդի եւ ազգային իշխանութեան համատեղ որոշումով՝ երկու տարի առաջ հաստատւած ուխտագնացութեան յատուկ օր իբրեւ նշւել է՝ իւրաքանչիւր տարւայ օգոստոս ամսի վերջին շաբաթավերջը: Ուստի՝ նոյն թւականը հաստատւեց իբրեւ Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի ուխտագնացութեան մնայուն թւական: Այս ուղղութեամբ կողմերը քննարկեցին ուխտաւորների մեծ խմբեր ապահովելու հնարաւորութիւնները՝ միաժամանակ մտածելով առաջիկայ տարիներին եռօրեայ դրութեան վերածելու այն, նման Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան:
Դրական սոյն աշխատանքային հանդիպումը շարունակելու եւ ընդլայնելու որոշումով կողմերը հրաժեշտ տւեցին, առաջիկայ նիստերում Ազատ գօտու ընդհանուր կառավարիչը, հրիտակւած տարածքների ընդհանուր տնօրէնը եւ այլ պատասխանատուներ հրաւիրելու խոստումով:
Յայտնենք, թէ առաջնորդ Սրբազանը վերադառնում էր Հայաստանից, որտեղ մասնակցութիւն էր բերել Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսների նախագահութեամբ Ծիսական բարեկարգման եւ Հայոց Ցեղասպանութեան նահատակների Սրբադասման յանձնախմբերի միացեալ ժողովին՝ առ ի նախապատրաստութիւն առաջիկայ նոյեմբերին գումարւելիք եպիսկոպոսական ժողովին: