Եպիսկոպոսների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Յունիսի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսների եւ hայաստանեան թեմերի առաջնորդների հերթական ժողովը:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ներկաներին: Իր խօսքում Նորին Սրբութիւնը կարեւորեց ժողովի օրակարգում ընդգրկուած հարցերի համակողմանի քննարկումը եւ բարի արդիւնաւորում մաղթեց ժողովականների աշխատանքներին:

Ժողովում քննարկուեցին Եկեղեցու հոգեւոր-կրթական, քարոզչական առաքելութեանը վերաբերող կանոնական, ծիսական եւ սոցիալական բնոյթի հարցեր:

Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատութիւնների գործունէութեան եւ 2014-2015 ուս. տարուայ ընդունելութեան գործընթացի վերաբերեալ  զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատութիւնների վերատեսուչ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը: Համաձայն Սրբազանի զեկուցման` Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատութիւններում ներկայումս ուսանում են 236 սաներ: Գեւորգ Սրբազանը մասնաւորաբար խօսեց հոգեւորականութեան պատրաստութեան ծրագրերի, ճեմարանական ընդունելութեան կազմակերպման ընթացքում ծառացող դժուարութիւնների եւ դրանց յաղթահարման ուղղութեամբ ձեռնարկուող միջոցառումների մասին: Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետի կողմից թելադրութիւն արուեց թեմակալ առաջնորդներին` համայնքներում հոգեւոր հովիւների միջոցով քաջալերելու երիտասարդներին, որպէսզի դիմեն Հոգեւոր ճեմարան: Հոգեւոր-կրթական հաստատութիւններին յանձնարարուեց նաեւ լայն քարոզչութիւն իրականացնել հաստատութիւնների վերաբերեալ իրազեկուածութիւնը բարձրացնելու նպատակով:

Արհեստական վիժեցման խնդրի մասին զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը: Զեկոյցում անդրադարձ կատարուեց Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրներին, ծնելիութեան աճի նուազմանը, ամուսնալուծութիւնների թուաքանակի մեծացման եւ այդ համատեքստում արհեստական ու սեռով պայմանաւորուած վիժեցման խնդիրներին: Քննարկման ընթացքում մասնաւոր կերպով շեշտադրուեց յիշեալ խնդիրների յաղթահարման ուղղութեամբ ինչպէս օրէնսդրական, այնպէս եւ հոգեւոր բնոյթի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտութիւնը:

Խնդրի առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց թեմակալներին` աւելի զօրացնելու ընտանիքի, ընտանեկան արժէքների ամրապնդմանն ուղղուած քարոզչութիւնը: Յանձնարարական տրուեց Հայեցակարգային գրասենեակին ձեռնամուխ լինելու Ս. Պսակի խորհրդի եւ ժողովին արծարծուած նիւթերի վերաբերեալ Եկեղեցու հայեցակարգային մօտեցումների յստակեցմանը:

Scroll Up