ՀՀ սփիւռքի նախարարութեան` «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում կայացաւ Նոր Ջուղայի Աւետարանի եւ այլ ձեռագիր մատեանների ցուցադրութիւնը, միջազգային գիտաժողով եւ երկու գրքի շնորհանդէս
Մայիսի 23-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հետ համագործակցութեամբ կայացան իրանահայ համայնքին նուիրուած` «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի միջոցառումներ:
«Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» եւ «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» գրքերի շնորհանդէսը
ՀՀ սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուերով հրատարակուած Վահան Բայբուրդեանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտ) եւ Յովհաննէս Զատիկեանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» («Նորավանք» ԳԿՀ) գրքերի շնորհանդէսը:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: «Յատկանշական է, որ «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներե գիրքը հեղինակել է իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդեանը: իսկ դա նշանակում է, որ հեղինակը հիմնախնդիրը քննել է եւ որպէս դիւանագէ՛տ, եւ որպէս գիտնական-մասնագէ՛տ: գրքում համակողմանի քննութեան են ենթարկուել մեր հնագոյն համայնքներից մէկի` Իրանի հայ համայնքի արդի հիմնախնդիրները, այնտեղ հայկական կրօնական եւ աշխարհիկ կառոյցների, հայապահպանութեան, իրանական հասարակութեան մէջ հայերի ինտէգրման, համայնքի ներուժի, համայնքի ու Հայաստանի միջեւ կապերի, համայնքի հեռանկարների հետ կապուած հիմնահարցերը: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը իր յետագայ գործունէութեան ընթացքում անպայման հաշուի կ’առնի այն բոլոր առաջարկութիւնները, որ պարոն Բայբուրդեանը ներկայացրել է իր այս հանրագիտարանային արժէք ներկայացնող ուսումնասիրութեան մէջ»:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի փորձագէտ Հասան Սաբեթջուն հաւաստիացրեց. «Իրանահայ համայնքը մեր պետութեան կարեւոր մասնիկն է եւ Նոր Ջուղայի օրերի կազմակերպումը Հայաստանում հայ-իրանական սերտ բարեկամութեան հաւաստիքն է: Ուրախ եմ, որ գրքի հեղինակը Իրանի հայ համայնքին նուիրուած եւ համայնքին իր երկարամեայ ծառայութիւնները մատուցած անձն է»:
Շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարութեանը նման հետազօտութիւն կատարելու նախաձեռնութեամբ հանդէս գալու եւ գրքի տպագրութիւնը ֆինանսաւորելու համար` աշխատութեան հեղինակ Վահան Բայբուրդեանը նշեց. «Գիրքը գրել եմ մեծ ներշնչանքով, այն ոչ միայն իմ մտածողութեան, այլեւ սրտի ջերմութեան արդիւնքն է»:
Ներկայացնելով «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կէսին» աշխատութիւնը` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը նշեց, որ այն ծաւալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դ. երկրորդ կէսի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացութեանը, նահանգի գաւառների պատմութեանը եւ ժողովրդագրութեանը: Գրքին յատուկ կարեւորութիւն են հաղորդում եւ նրանում տեղ գտած ժողովրդագրական աղիւսակները, տեղագրական եւ ազգագրական հարուստ նիւթը:
Շնորհակալութիւն յայտնելով Յովհաննէս Զատիկեանին` Կարինի նահանգին վերաբերող հիմնարար աշխատութիւնը ընթերցողի սեղանին ճիշտ ժամանակին դնելու համար` նախարարը նշեց. «Մօտենում է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, որի ճանապարհին եւ՛ պետութիւնը, եւ՛ Սփիւռքի համայնքները լայնածաւալ աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան ուղղութեամբ: Այդ ճանապարհին հայ համայնքների եւ յատկապէս Թուրքիայի հայկական տարածքների եւ այնտեղ ապրող հայութեան մասին ուսումնասիրութիւնների արդիւնքում վերհանւում են ճշմարտութիւններ: Այս աշխատանքները գալիս են հաստատելու մեր պահանջատիրութիւնը»:
Գրքի հեղինակ Յովհաննէս Զատիկեանը, շնորհակալութիւն յայտնելով նախարարութեանն ուսումնասիրութիւնն իրեն վստահելու համար` նշեց, որ սիրով կ’ուսումնասիրի նաեւ մնացած նահանգների պատմութիւնը, որի պարագայում միայն կարելի է փաստել մեր կորուստների ճշգրիտ քանակը:
Զեկուցումներով հանդէս եկան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանը, ՀՊՄԴ գիտական գրադարանի տնօրէն տիգրան Պետրոսեանցը, «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար արեստակես Սիմաւորեանը:
Նոր Ջուղայի Աւետարանի եւ այլ ձեռագիր մատեանների
ցուցահանդէսի բացում
Այնուհետեւ մատենադարանում կայացաւ նոր Ջուղայի Աւետարանի եւ այլ ձեռագիր մատեանների ցուցահանդէսի բացման արարողութիւնը: հանդիսութեանը մասնակցում էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, Հհ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տէր Բաբկէն եպս. Չարեանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասեանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանը եւ այլք:
Ողջունելով մասնակիցներին` ՀՀ սփիւռքի նախարարը նշեց. «Այսօր ես առանձնայատուկ հպարտութեամբ եմ մասնակցում Նոր Ջուղայի Աւետարանի եւ ձեռագիր մատեանների ցուցադրութեանը: Նոր Ջուղայի հայ համայնքը հիմնադրուել է 1604-1606թթ., երբ Շահ Աբասի միջոցով Նախիջեւանի Ջուղայի հայութիւնը բռնագաղթուել եւ բնակեցուել է ժամանակի մայրաքաղաք Սպահանում: Այդ ժամանակներից աշխատասէր եւ տաղանդաւոր հայութիւնը ստեղծել է հոգեւոր եւ մշակութային հսկայական ժառանգութիւն, որը պահպանուել է Իրանի Իսկալամական հանրապետութեան պետական հոգածութեամբ: Իրանի հայ համայնքը վայելում է Իրանի պետութեան վստահութիւնն ու յարգանքը` միաժամանակ հաւատարիմ մնալով իր ազգային հոգեւոր եւ մշակութային աւանդոյթներին»:
ՀՀ սփիւռքի նախարարը շնորհակալութիւն յայտնելով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանին` մաղթեց երկու պետութիւններին աւելի սերտ համագործակցութիւն, որին անշուշտ իր անուրանալի եւ մեծ աւանդն է բերում իրանահայ համայնքը:
Շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարութեանը միջոցառմանը հրաւիրելու համար` ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին նշեց. «Սպահանի հայերը խելացի են, աշխատասէր եւ ունեն մեծ կամք, ուստի մշտապէս վայելել են Իրանի կառավարութեան եւ ժողովրդի վստահութիւնը»:
Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տէր Բաբկէն եպս. Չարեանը կարեւորեց այն հանգամանքը, որ Նոր Ջուղայի օրերը նշւում են յատկապէս Սուրբ Ամենափրկիչ վանքի Սուրբ Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակին, եւ Նոր Ջուղայի հայկական ձեռագրերը ցուցադրւում են Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում:
«Այս բոլոր ձեռագրերը մեր ժողովրդի հարստութիւնն ու հպարտութիւնն են: Դարերի պատմութիւն ունեցող Նոր Ջուղայի Աւետարաններում մեր ժողովրդի շունչն է», – յաւելեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդը:
Նոր Ջուղայի ձեռագիր մատեանների ցուցադրութիւնը բարձր գնահատեց նաեւ Մատենադարանի գլխաւոր աւանդապահ Գեւորգ Տէր-վարդանեանը:
«Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայութեան կ’եանքում» խորագրով միջազգային գիտաժողով
Մատենադարանում տեղի ունեցաւ «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայութեան կ’եանքում» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնեց Իրանի հայ համայնքի ղեկավարներին: «Սուրբ Ամենափրկիչ վանքը համարւում է Իրանի հայ համայնքի հոգեւոր, ազգային, մշակութային եւ հասարակական գործունէութեան գլխաւոր կենտրոնը: Սպահանի Հայոց Թեմի միջոցով ղեկավարուող վանքը 1932 թուականից գրանցուած է Իրանի ազգային կոթողների ցուցակում, ինչի համար եւս իմ անսահման շնորհակալութիւնն եմ յայտնում Իրանի կառավարութեանը», -նշեց ՀՀ սփիւռքի նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ Նոր Ջուղայի օրերը գալիս են եւս մէկ անգամ հաւաստելու, որ Հայաստանն ու Իրանը դարերով քայլել են կողք կողքի եւ փոխադարձ յարգանքի, գնահատանքի պայմաններում դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ Սպահանում հայերի կողմից ստեղծուած կոթողները այնքան գրաւիչ են, որ արժանանում են բոլոր զբօսաշրջիկների ուշադրութեանը:
Զեկուցումներով հանդէս եկան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն (ԻԻՀ), ճարտարապետ Շերլի Աւետեանը, Իրանական մշակոյթի գծով փորձագէտ, ձեռագրերի խոշոր հաւաքորդ Աւօ Յովհաննիսեանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայեանը (ԱՄՆ), Մ.Մաշտոցի անուան հին ձեռագրերի գիտահետազօտական ինստիտուտի եւ հհ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինէ Կոստիկեանը: