Շօշափելի Զգացմունքը՝ Ռազմիկ Սամուէլցի Նկարչութեան Մէջ

Սէրը, զգացումը, երաժշտութիւնը, մեզ շրջապատող էներգետիկ դաշտերը, շատ կարեւոր բաներ այս կեանքում, անշօշափելի են: Մենք դրանք ընկալում ենք, թէպէտ չենք տեսնում: Ռազմիկ Սամուէլցը (Ռազմիկ Հաջիկեան) նկարում է մեր կեանքը շրջապատող այդ տրամադրութիւնները: Մեր զրոյցի ժամանակ էլ նա փորձում էր նկարել այդ անտեսանելի էներգետիկ դաշտը, որը սկզբում անգոյն էր՝ ինչպէս ինքն ասաց, յետոյ գունաւորուեց, երբ պաշտօնական հարցազրոյցը վերածուեց երկխօսութեան:
«Նկարում եմ այն, ինչից ազդւում եմ, – ասում է նա, – դա կարող լինել գեղեցիկ կին, հաճելի անակնկալ… ամէն ինչ: Բացասական տպաւորութիւնը նոյնպէս կարող է վերածուել կտաւի: Կարծես հրամայականը ունեմ աշխատելու, եթէ կայ այդ ներքին հրամայականը, ուրեմն նկարում եմ, եթէ ոչ՝ ապա կարող եմ շաբաթներով չնկարել»:
Վերացական (աբստրակտ) գեղանկարչութեան մէջ Ռազմիկին բնորոշում է գունային ու գծային համադրութիւնն ու խաղը: Գիծը գոյնին շարժում է ապահովում: Նկարի բերած տրամադրութեան մէջ բացատրութիւն ես փնտռում, փորձում ես պարզաբանել աշխարհի երեւոյթների իմաստը: Այնինչ, իմաստը պատկանում է գիտակցութեանը, իսկ Ռազմիկի արուեստը փորձում է ընկալել զգացմունքը: Նա հիանալի է օգտագործում վերացականի տուած անսահմանութեան հնարքը: Մենք տեսնում ենք Ռազմիկի աշխարհի մի կտորը միայն, սակայն տարածքը անբռնելի է՝ նկարից դուրս:
«Իմ ոճի սկզբնաղբոյրը, ինձ ուժ տուողը եղել է Արշիլ Գորկին: Ամերիկայում, երբ առաջին անգամ տեսայ նրա կտաւները, թէ նա ինչպէս է աշխատել մի գծով՝ հասկացայ, որ փնտռտուքներիս պատասխանը գտայ՝ ճիշդ էի: Պէտք չէ նկարը ծանրացնել, մի գիծը կարող է շրջափակել ու փոխանցել էներգիան: Գծով՝ ես փորձում եմ անջատել էներգիաները, բացայայտել ու դիտողին հասկանալի դարձնել այն: Ես իմ նկարչութեան զուգահեռը համարում եմ երաժշտութիւնը, քանի որ նոյն իմպուլսներն (ներքին մղումներն-Խմբ.) են. մէկը ընկալում է ականջով, միւսն էլ՝ աչքով, սակայն նոյն թրթիռներն են, որ պէտք է զգալ: Իսկ ամենակարեւորը, ես փորձում եմ իմ հասկացած ճաշակը փոխանցել: Երբ ես նկար եմ նուիրում կամ վաճառում, ես ուրախ եմ՝ քանի որ իմ ճաշակից մի կտոր է փոխանցւում մէկ ուրիշին»:
«Նկարների լաւ վաճառքը համարո՞ւմ ես գնահատանքի նշան», – հարցնում եմ. «Այո, – հաստատում է Ռազմիկը, – դա նաեւ վստահութիւն բերող եւ արժեւորող նշան է: Ես գիտեմ ինչ եմ անում, սակայն դիմացինի գնահատանքը հաստատում է ինքդ քեզ»:
Ռազմիկի համար կարեւորը նոր տեսանկիւնն առաջադրելն է: Այդպիսին էր դեռեւս խորհրդային տարիներին, երբ ձգտում էր ծրագրուած, սահմանափակ թեմաները կոտրել ու ազգայինը ներկայացնել: Օրինակ՝ Կոմիտասին վերաբերող դիպլոմային աշխատանքի էսքիզը Ռազմիկի համար շատ դժուարութեամբ է հաստատուել, սակայն դա նրա առաջին յաղթանակն էր: Հարազատ թեմայի մարմնաւորումը՝ Կոմիտասի դիմանկարը, մինչեւ հիմա էլ Ռազմիկի սիրելի աշխատանքներից է: Իր արուեստանոցում Ռազմիկի վերջին գործը՝ Քրիստոսին գրկած Մարիամ Աստուածածնի դիմանկարն է: Կտաւից սեւեռուն մեզ է նայում երիտասարդ, համարեա աղջնակ Մարիամը՝ ակնկալիքներով, պահանջող ու սպասող հայեացքով: Դեռահաս Մարիամը ինքնավստահ է, բայց եւ փխրուն՝ իր մարդկային բնոյթով: «Ցանկացայ կոտրել Մարիամի ու Աստուածամանուկի կարծատիպը, – ասում է Ռազմիկը, – նորահարս, դեռատի աղջնակ է եղել Մարիամը, որին վերապահուած է եղել աստուածային առաքելութիւն՝ նուիրաբերել իր որդուն մարդկութեանը»:
Ռազմիկն աւարտել է Երեւանի Թերլեմեզեանի անուան ուսումնարանը, այնուհետեւ Գեղարուեստի ակադեմիան: 1990թ.ից UNESCO-ի նկարիչների անդամ է: Առաջին անհատական ցուցահանդէսը կազմակերպել է Հենրիկ Իգիթեանը, ով ինչպէս Ռազմիկն է ասում՝ առաջինը հաւատաց իր ուժերին: Հայաստանում եւ Միացեալ Նահանգներում բազմաթիւ ցուցադրութիւններից կարեւորում է 2011 թուականի Մայիսին LA Artcore-ի անհատական եւ Մարտի 29ից Գլենդելի Բրանդ արուեստի կենտրոնում բացուած խմբակային ցուցադրութեան մասնակցութիւնները:
«Միշտ գոհ եմ, որ կարողացել եմ զբաղուել իմ սիրած գործով, – ասում է Ռազմիկը, – նաեւ այստեղ՝ Միացեալ Նահանգներում: Համբաւ ստեղծելու նպատակով յատուկ ջանք չեմ թափել: LA Artcore ցուցադրութիւնն էլ ինձ համար անսպասելի էր: Յանձնախմբի անդամներից մէկը՝ Լիդիա Տակիշիթան եկաւ արուեստանոց, պտտուեց ու ցուցադրութան առաջարկութիւն արեց: Մի քանի ամիս անց իմ կտաւները ներկայացուեցին կենտրոնական ցուցասրահում: Այս տարի նորից հրաւէր ունեմ»:
LA Artcore-ի առաջին ցուցադրութեան ազդագրի վրայ Ռազմիկը տեղադրել էր իր Մարի տատիկի դիմանկարը՝ ամենասիրած աշխատանքերից մէկը: Խօսակցութեան ընթացքում հասկանալի դարձաւ, որ Ռազմիկը յատուկ պարտականութիւն է զգում Ցեղասպանութիւն վերապրած տատի, նրա տարած ցաւի ու ողբերգութեան հանդէպ: Ռազմիկի աշխատանքներում անգամ ներկայ է յիշողութիւնը, զգացումի պատումը, որի թելը դէպի անցեալ է տանում:
«Գաղթի ճանապարհին մահանում են տատիկիս երեխաները, – պատմում է Ռազմիկը, – նրանց հերթով-հերթով թաղելով՝ նա շարունակում է երթը: Ուշաթափ, հիւծուած, ճանապարհը կորցրած քայլում է, եւ արդէն յուսահատ՝ դիմացը մի սպիտակ ձիաւոր է երեւում: Քայլում է դէպի ձիաւորը: Ամէն անգամ ուշագնացութիւնից սթափուելուց յետոյ տեսնում է նոյն ձիաւորին, եւ այդպէս հասնում տուն՝ Քեսապ: Այստեղ նոր կեանք է սկսում, նոր ընտանիք ստեղծում, ու ծնում հինգ երեխայ: Վերջին տղան, պապս՝ Սամուէլը, կրում էր իր եղբօր անունը, որին թուրքերը մորթել էին աչքի առաջ: Տատս չէր կարողանում իր որդուն անունով կոչել, ամէն անգամ աչքերը լցւում էին յիշելով եղբօր ողբերգական մահը…»:
LA Artcore-ը Լոս Անջելեսում մեծ հեղինակութիւն վայելող կազմակերպութիւն է, որի նպատակն է ներկայացնել ժամանակակից նկարիչներին: Այս տարի Մայիսի 29ից մինչեւ Յունիսի 22ը LA Artcore-ի հերթական խմբակային ցուցադրութեանը մասնակցում է նաեւ Ռազմիկ Սամուելցը*: Եթէ LA Artcore-ը երկրորդ անգամ է հրաւիրում նոյն նկարիչին, ապա սա արուեստի գնահատանքի հիանալի ցուցանիշ է:
Ռազմիկ Սամուէլցի երջանկութեան յաջորդ աղբիւրը երեխաների հետ աշխատանքն է: Սամուէլի եւ նրա տիկնոջ՝ Յասմիկի հիմնադրած Art 4Art արուեստի դպրոցը արդէն տասնհինգ տարեկան է**: Երեխաներին այստեղ ուսուցանում են համաշխարհային ու հայ արուեստ, տեխնիկական եւ ժանրային նրբութիւններ: Յասմիկ Յովհաննիսեան- Հաջիկեանը նրանց հայերէն է դասաւանդում: Հայկական մտածողութիւն ներդնելու ցանկութիւնն է, որ արուեստի դասերի հետ նաեւ հայերէն գրել կարդալ է դասաւանդւում: Եւ ոչ պակաս կարեւոր է, որ ստուդիայի երեխաները նախապատրաստւում են նաեւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ընդունելութեան քննութիւններին: Ռազմիկը յիշում է տասնեակ օրինակներ, որ դպրոցի դասերի շնորհիւ շատ աշակերտներ մասնագիտական կրթութեան համար ընտրել են արուեստը:
«Երեխաները ինձ սէր ու էներգիա են տալիս, – ասում է Ռազմիկը, – վեց ժամ այսօր աշխատել եմ, սակայն չեմ սպառուել, հակառակը: Բոլոր երեխաները հանճարեղ նկարիչներ են: Միայն պէտք է երեխային ճանաչել տալ իրեն, զարգացնել ու պահպանել եղածը: Հրաշքը պէտք չէ փչացնել: Պիկասօն անգամ չի վախեցել երեխաներին ընդօրինակելուց: Ես նոյնպէս նայում եմ ու հիանում: Ապրում եմ ստեղծագործելու հրճուանքը, ոչ միայն իմ, այլ նաեւ իմ աշակերտների, եւ դա ոչնչի հետ համեմատել չի կարելի»:
Պատրաստեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ