Նոր Ջուղայի Հայ համայնքը պատշաճ կերպով նշեց Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցը

Ապրիլ 23

Հսկումի արարողութիւն, մոմերով երթ  գեղարւեստական ծրագիր

Ապրիլի 23-ին Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի Հայոց թեմի  առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի, տեղի ունեցաւ Հսկումի արարողութիւն, ապա  եկեղեցուց դէպի Ս. Ամենափրկիչ վանքը  տանող  պողոտաներով  կազմակերպւեց մոմերով երթ: Ժողովրդական երթը,  ուղեկցութեամբ քահանայից  դասի,  Իրանի Իսլամական  խորհրդարանում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանի, Հայ դատի յանձնախմբի եւ ազգային մարմինների նեկայացուցիչների, գլխաւորում էր Առաջնորդ սրբազան հայրը, որը աւարտւեց  նահատակաց հուշարձանի մօտ, ուր   մոմերը տեղադրւեցին Դէր Զորից բերւած ապրիլեան զոհերի աճիւնների ու յուշարձանի շուրջը:

 Հայոց ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման յանձնախմբի խօսքից յետոյ օրւայ առթիւ ելոյթ ունեցաւ   Իսլ.  Խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ով Ապրիլի  23-ին Հայոց  ցեղասպանութեան 99-րդ տարելիցի առթիւ ելոյթ է ունեցել նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում :

Յաջորդ բաժնում Նոր Ջուղայի Հայ Մ.Մ.«Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթը, համագործակցութեամբ  Ս.Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի ղեկավար Համիկ Ալէքսանդրեանի եւ Ս.Ա. վանքի  «Կոմիտաս»  երգչախմբի երիտասարդ մենակատար Վանա Շիրվանեանի, ասմունքի, պարի եւ Կոմիտասի մշակած երգերի կատարումներով ներկայացրեց գեղարւեստական ծրագիր, որը նւիրւած էր Կոմիտաս վարդապետի ծննդեան 145-ամեակին: Յաջորդիւ թեմակալ առաջնորդ սրբազան հայրը  հանդէս եկաւ իր պատգամով : 100-ամեակի սեմին  օրւայ առթիւ սրբազան հօր ելոյթը տարբերւում էր նրանով, որ նա խօսեց Մեծ եղեռնի նահատակ   հոգեւորականների, մտաւորականների, հայրերի ու մայրերի հետ: (Պատգամի ամբողջականը տես՝ «Ալիք» 23 ապրիլ  համարի 2-րդ էջում  կամ www.alikonline.ir կայքում ):

   Սրբազան հայրը նաեւ գնահատանքի խօսքը ուղղեց  բոլոր նրանց, ովքեր մասնակից էին  Մեծ եղեռնի  99-ամեակի ոգեկոչման ձեռնարկների  իրականացման աշխատանքներին, յատկապէս  ողջունեց մեծ բազմութեանը՝ Ապրիլեան եղեռնի զոհերի յիշատակին միակամ կեցւածքով   յարգանքի տուրք մատուցելու կապակցութեամբ    եւ  յորդորեց նոյն  պատասխանատւութեամբ եւ նոյն ոգով շարունակել պահանջատիրական պայքարը՝  ի խնդիր մեր արդար իրաւունքների ձեռքբերման :

       Երեկոն շարունակւեց մոմավառութեամբ, իսկ յուշարձանի մօտ 24-ժամեայ նստացոյցի դիմած  «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամները վանկարկում էին պահանջատիրական լոզունգներ եւ երգում էին ազգային յեղափոխական երգեր:  24-ժամեայ ջահերով յուշարձանի մօտ պահակութիւնը  հերթականութեամբ ապահովեցին Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան    Սկաուտական միաւորի անդամները:  Նշելի է որ նոյն միութեան մշակութային միաւորի նախաձեռնութեամբ  Ս.Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպւել էր «Ցեղասպանութեան լռութիւնը» խորագրով լուսանկարների ցուցահանդէս:

 Ապրիլ 24

Հոգեհանգստեան արարողութիւն, ժողովրդական ծաղկեմատոյց եւ բողոքի ցոյց

       Նոր Ջուղայում Հայոց ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ծրագրած ձեռնակների շարանում Ապրիլ 24-ի առաւօտեան ժամը 10:30-ին, նախագահութեամբ Սպահանի Հայոց թեմի  առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ մասնակցութեամբ քահանայից  եւ դպրաց դասերի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, Ս. Ամենափրկիչ վանքում, Ապրիլեան Եղեռնի նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանին մօտ, կայացաւ հոգեհանգստեան արարողութիւն, որից  յետոյ  Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհուրդի խօսքով հանդէս եկաւ Քարոլին Դիլանչեանը: Յաջորդիւ ընթերցւեց 24-ժամեայ նստացոյցի դիմած «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան խօսքը, ապա նահատակաց յուշարձանին  ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարհեցին  Հոգեւորականաց դասը, Իրանի իսլամական  խորհրդարանում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանը, ազգային մարմինների, միութիւնների եւ ենթամարմինների եւ  երգչախմբերի ներկայացուցիչները, Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչները,  Հայոց Ազգ. դպրոցների տեսչութիւնները, ուսուցչական կազմերը եւ ծնողական խորհուրդները, Հայոց ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման յանձնախումբը եւ ներկայ հոծ բազմութիւնը:

    Յատկանշական է, որ այս տարի քայլարշաւ իրականացնելու  իրաւունք չէր տրւել,  սակայն ծաղկեմատոյցից յետոյ  պահանջատէր հայորդիները ինքնաբուխ  կերպով երթ կազմակերպեցին Ս. Ամենափրկիչ վանքից դէպի Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւն եւ  լոզունգներ վանկարկելով՝  իրենց  ձայնը միացրին համայն հայութեան  պահանջատիրական ձայնին:

Երանուշ Թահմազեան

Իրան(Նոր Ջուղա)

unnamed unnamed (16) unnamed (15) unnamed (14) unnamed (13) unnamed (12) unnamed (11) unnamed (10) unnamed (9) unnamed (8) unnamed (7) unnamed (6) unnamed (5) unnamed (4) unnamed (3) unnamed (2) unnamed (1)

Scroll Up