Փարիզի «Դպրոցասէր» վարժարանի աշակերտները Մայր Աթոռում

Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի «Դպրոցասէր» վարժարանի աշակերտներին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյեանի:

Հանդիպման սկզբում տիար Ս. Պետոյեանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց «Դպրոցասէր» վարժարանի աշակերտներին, ովքեր համայն հայութեան հոգեւոր կենտրոն էին այցելել` ստանալու Նորին Սրբութեան օրհնութիւնը եւ հայրական պատգամները:

Ամենայն Հայոց Հայրապետն իր խօսքում նշեց, որ աշակերտների այցելութիւնը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին պիտի ոգեշնչի ու խանդավառի նրանց` նախանձախնդրօրէն եւ ջանասիրաբար գիտելիքներ ամբարելու, զօրանալու հաւատամութեան մէջ հանդէպ ազգային-հոգեւոր սրբութիւններն ու արժէքները:

Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը յայտնեց տիար Սարգիս Պետոյեանին եւ դպրոցի տնօրինութեանն ու մանկավարժներին, որոնց նուիրեալ ջանքերով հայրենիքից հեռու գտնուող հայորդիները հայեցի կրթութիւն են ստանում` ճանաչելով իրենց ազգային ինքնութիւնը:

Scroll Up