Նոր հրատարակութիւններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Երուանդ Տէր-Մինասեանի «Հայոց Եկեղեցին» եւ «Քրիստոսի հրաշքների եւ բժշկութիւնների հայ միջնադարեան մեկնութիւնները» աշխատութիւնները:
Նշանաւոր հայագէտ, աստուածաբանութեան լիցենցիատ, փիլիսոփական եւ բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, գիտութեան վաստակաւոր գործիչ Երուանդ Տէր-Մինասեանի «Հայոց Եկեղեցին» ուսումնաօժանդակ ձեռնարկը գիտատեսական եւ եկեղեցաբանական մօտեցումների ներդաշնակ զուգորդութեամբ ներկայացնում է Առաքելական շրջանից մինչեւ 1970-ականներն ընկած ժամանակաշրջանի Հայ Եկեղեցու պատմութիւնը:
Գիրքը, որը հրատարակութեան է պատրաստել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատութիւնների վերատեսուչ, Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը, իբրեւ լրացուցիչ ուսումնական ձեռնարկ` հասցէագրւում է ուսանողութեանը եւ Հայ Եկեղեցու պատմութեամբ հետաքրքրուող ընթերցող լայն հանրութեանը:
Երուանդ Տէր-Մինասեանի «Հայոց Եկեղեցին» աշխատութիւնը, որը լոյս է տեսել «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ, նուիրւում է Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի հիմնադրման 140-ամեակին:
Միւս` «Քրիստոսի հրաշքների եւ բժշկութիւնների հայ միջնադարեան մեկնութիւնները» աշխատութիւնը կազմուած է ըստ ձեռագիր եւ տպագիր աղբիւրների: Ծաղկաքաղ այս բնագրում բժշկութիւնների կամ հրաշքների մեկնութիւնները տրուած են ըստ Աւետարանների հերթագայութեան, ապա մեկնիչների ժամանակագրական կարգով: Տէրունական հրաշքների մեկնութեան ներկայացուող բնագիրը հնարաւորութիւն է տալիս մեկնողական գրական աւանդոյթի մէջ աւելի տեսանելի դարձնել աւանդականն ու փոխանցուողը, իւրաքանչիւր հեղինակի անհատական-ինքնուրոյն շերտերի դրսեւորումները:
Աշխատութիւնը, որը կազմել է Նաիրա Թամամեանը` խմբագրութեամբ Գեւորգ Տէր-Վարդանեանի, նախատեսուած է հոգեւոր կրթական հաստատութիւնների, Աստուածաբանութեան ֆակուլտետի ուսանողների եւ ընթերցողների լայն շրջանակների համար:
Գիրքը հրատարակուել է Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիէլ Չեմպերճեանի մեկենասութեամբ: