Երեւանի Միջազգային կանանց ասոցիացիայի անդամների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Երեւանի Միջազգային կանանց ասոցիացիայի (ԵՄԿԱ) անդամներին` գլխաւորութեամբ ԵՄԿԱ նախագահ Միրնայ Մկրտչեան-Տեչլերի: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը:

Հանդիպման սկզբում ԵՄԿԱ նախագահ Միրնայ Մկրտչեան-Տեչլերն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ասոցիացիայի անդամներին, ինչպէս նաեւ` կազմակերպութեան գործունէութիւնը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններում զանազան բարեգործական ծրագրեր են իրականացւում:

Ողջունելով ԵՄԿԱ անդամների այցը Մայր Աթոռ` Նորին Սրբութիւնը Ս. Աստուածածնի Աւետման գալիք տօնի առիթով իր շնորհաւորանքները փոխանցեց ասոցիացիայի անդամներին: Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ կանանց մեծարանքի ու գնահատանքի այդ տօնն իր խորհրդով արտայայտութիւն է նաեւ այն բարձր ու վեհ ընկալումների, որ ունի հայ ժողովուրդը հանդէպ մայրութիւնը: Ապա անդրադառնալով հայ կնոջ կարեւոր դերին ու առաքելութեանը հայ ժողովրդի կեանքում` Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս ընդգծեց, որ հասարակական կեանքի վրայ առաջին կնիքը թողնում են կանայք, քանի որ մանուկներին իրենց տուած դաստիարակութեամբ է պայմանաւորուած տուեալ ժողովրդի ապագան:

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը ԵՄԿԱ անդամներին նաեւ յորդորեց հայ եկեղեցիներին կից գործող տիկնանց միութիւնների միջոցով ակտիւ մասնակցութիւն եւ օգտակարութիւն բերել Եկեղեցու առաքելութեան իրականացմանը` հայ ժողովրդի զաւակներին համախմբելու հոգեւոր արժէքների ու նախնեաց հաւատքի շուրջ: Այնուհետեւ Նորին Սրբութիւնը, գնահատանք յայտնելով ԵՄԿԱ գործունէութեան եւ ներդրուող ջանքերի համար, յաջողութիւն մաղթեց ասոցիացիայի աստուածահաճոյ առաքելութեանը:

Scroll Up