«Հորիզոն» Հեռուստաընկերութիւնը Ապրիլի 1ից Կը Հեռարձակուի Ֆրեզնոյում

«Հորիզոն» հեռուստաընկերութիւնը Ապրիլի 1ից կը հեռարձակուի Ֆրեզնոյում անվճար՝ 31.6 ալիքով (Free to air 31.6): Համայնքի սիրուած հեռուստաալիքը կարելի է դիտել անվճար՝ սովորական ալեհաւաքի (antenna) միջոցով: «Վենթուրա Բրոդքեսթինկ» ընկերութեան (Ventura Broadcasting Company) ջանքերով, Ֆրեզնոյի եւ կենտրոնական Քալիֆորնիայի բնակիչներին կը ներկայացուի «Հորիզոն» հեռուստաընկերութեան ողջ յայտագիրը՝ տեղեկատուական, ժամանցային, հանրամատչելի, գիտակրթական եւ ամենակարեւորը՝ տեղական բովանդակային հեռուստահաղորդումների բազմազան ընտրանիով: «Գործունէութեան 25 տարիների ընթացքում «Հորիզոն»ը եղել է Հարաւային Քալիֆորնիայի ամենայուսալի հայկական հեռուստաընկերութիւնը՝ լրատուութեան ու ժամանցի լաւագոյն աղբիւրը:

«Այսուհետ, «Հորիզոն»ի միջոցով Ֆրեզնոյի մեր հայրենակիցներն առաւել տեղեկացուած կը լինեն ու կը ներգրաւուեն հայրենիքի, աշխարհասփիւռ հայութեան ու ամերիկահայ համայնքի կեանքում: Ես ու մասնաւորաբար գործընկերս՝ «Վենթուրա Բրոդքեսթինք» ընկերութեան սեփականատէր Մարկ Շիրինը, որոշեցինք մի շարք ամերիկեան եւ միջազգային հեռուստաալիքների (80ալիք) հետ մէկտեղ հայկական յայտագիր ներկայացնել Ֆրեզնոյի մեր հեռուստադիտողներին, եւ լաւագոյն ընտրութիւնը «Հորիզոն»ն էր: Նպատակն է՝ վառ պահել մեր լեզուն, մշակոյթը, ազգային արժէքները», նշում է «Վենթուրա Բրոդքեսթինկ» ընկերութեան տնօրէն Լեւոն Էսկիճեանը:
Ֆրեզնոյում «Հորիզոն» հեռուստաընկերութեամբ կը հեռարձակուեն բազմաժանր հաղորդումներ, այդ թւում՝ «Բարի Լոյս», «Ֆիլմ Դիալոգ», «Միւզիք Բոքս», «Էմ-Սթէյջ», «Էմ-Քլաբ» եւ այլ ժամանցային ծրագրեր, հայկական, ամերիկեան ու միջազգային գեղարուեստական կինոնկարներ, Հայաստանում նկարահանուած գիտահանրամատչելի եւ կրթական հաղորդումներ: Միաժամանակ, կը ներկայացուի Հայաստանի եւ միջազգային իրադարձութիւնների մասին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան լրատուական հաղորդումներ: «Հորիզոն Լայֆ»ի՝ «Ասպարէզ», «Առաքելութիւն», «Խաչմերուկ» հաղորդաշարերի շրջանակներում հեռուստադիտողները կարող են հետեւել համերկրային, համայնքային եւ Հայաստանին առնչուող շաբաթուայ ամենաարդիական թեմաներին՝ հեռուստամեկնաբանների եւ հաղորդման հիւրերի համատեղ վերլուծութեամբ:
Ինչպէս դիտել «Հորիզոն» հեռուստաընկերութիւն.
Քայլ 1.- Բազմաբնակարան շէնքերի դէպքում, սովորաբար իւրաքանչիւր բնակարանում առկայ է ընդհանուր ալեհաւաքին միացուած կաբել (cable), որն անվճար կարելի է միացնել հեռուստացոյցին:
Քայլ 2.- Միացումից յետոյ, «որոնում» ազդանշանը յայտնուելուն պէս հեռակառավարման վահանակով պէտք է փնտռել 31.6 ալիքը:
Ալեհաւաք չունենալու դէպքում, այն կարելի է գնել իւրաքանչիւր խանութից («Բեսթ Բայ» կամ «Վենթուրա թի.վի.» (Ventura TV, 3619 E Ventura ave, Fresno, CA):
Յաւելեալ տեղեկութիւնների համար կարելի է զանգել հետեւեալ հեռախօսահամարով՝ 559 436 6388 կամ այցելել կայք՝
Venturabroadcasting.com

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

asbarez.com

Scroll Up