Հայ-Ամերիկեան Առեւտրի Պալատը Մեծարեց Հայ Կանանց
Հայ-ամերիկեան Առեւտրի Պալատը Մարտի 14ին նշեց գործունէութեան 15 ամեակը՝ տօնական խնջոյքով եւ ամէնամեայ «Տարուայ լաւագոյն կանայք» մրցանակաբաշխութեամբ: «Իւնիվերսալ Հիլթոն» հիւրանոցի շքեղ սրահում հաւաքուել էին կազմակերպութեան անդամները, ընկերներ ու բազմաթիւ հիւրեր:
«Մեր առաքելութիւնն է զարգացնել ամերիկահայ համայնքի արդիւնաբերական, առեւտրային, մասնագիտական հնարաւորութիւններն ու արծարծել հանրային շահերը՝ առեւտրի միջոցով եւ խթանելով կապեր Ամերիկեան ու արտասահմանեան ընկերութիւնների միջեւ», յոբելեանական ձեռնարկի ժամանակ իր ուղերձում նշեց Հայ-ամերիկեան Առեւտրի պալատի նախագահ Արմէն Ջանեանը: Նա միաժամանակ ամփոփեց կազմակերպութեան գործունէութիւնը՝ առանձնացնելով 1999 թուականից անցկացուող ձեռնարկը, որի ժամանակ ճանաչւում են իրենց գործունէութեան ոլորտում եւ համայնքում յաջողութիւններ արձանագրած անհատներ:
«Այս մարդիկ իրենց աշխատանքով եւ նուիրուածութեամբ զգալի ներդրում են ունենում մեր համայնքում եւ ներշնչման աղբիւր են բոլորիս համար», յայտնեց Ջանեանը:
«Տարուայ լաւագոյն կանայք» ձեռնարկը, որի ընթացքում մեծարւում եւ մի քանի անուանակարգերում պարգեւներ է յանձնւում տարբեր ոլորտներում գործող կանանց, հայ համայնքի ամենասպասուած միջոցառումներից է դարձել: Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատի Մեծ Լոս Անջելեսի մասնաճիւղի նախագահ Ալիսա Ասմարեանը նշեց, որ կանանց նուիրուած այս ձեռնարկը ուղղուած է հասարակութեան մէջ կնոջ դերը եւս մէկ անգամ ընդգծելուն:
«Այս պարագայում՝ ամերիկահայ կնոջ, ով լինելով նուիրուած մայր ու կին, միաժամանակ կարողանում է յաջողութիւններ գրանցել մասնագիտական ոլորտում եւ ակտիւ ներգրաւուած լինել համայնքի կեանքում», նշեց Ասմարեանը:
Պարգեւների արժանացած կանայք էլ երախտագիտութիւն յայտնելով մեծարման համար՝ նշեցին, որ միշտ հաճելի է եւ ոգեւորիչ գնահատուած լինել աշխատանքի դիմաց: Նրանք կարեւորեցին Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատի դերն ու գործունէութիւնը համայնքի կեանքում:
Հարկ է նշել, որ Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատի ամէնամեայ այս ձեռնարկն անցնում է տօնական մթնոլորտում, միաժամանակ համայնքին է ներկայացնում հայ կանանց: Ներկայացնում ենք 2014թ.ի Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատի կողմից տարբեր անուանակարգերում ընտրեալներին: Ըստ այդմ, «Գործարար Կին» պարգեւը յանձնուեց Ջուլիէթ Բունաթիին, «Կառավարութեան ոլորտ»ի լաւագոյն կին ներկայացուցիչ ճանաչուեց Մերի Յովակիմեանը, «Գրական» մր-ցանակը տրուեց Նաթելա Լալաբեկեանին, «Լրագրութեան» ոլորտում՝ Նանէ Աւագեանին, «Մեդիա» ոլորտում՝ Ռուբինա Մաթեւոսեանին, «Օրէնքի կիրառում» անուանակարգում՝ լէյտենանտ Լոլա Աբրահամեանին, «Կինը Գեղարուեստում» պարգեւը յանձնուեց՝ Լուիզա Խաչատրեանին, «Արուեստի եւ Ժամանց»ի ոլորտում՝ Թագուհի Մանոյեանին, «Գիտնական կին»՝ Լինդա Քասաբեանին, «Կրթութեան» ոլորտում՝ Լիւբա Գասպարեանին, «Հանրային ծառայութիւն» ոլորտում՝ Մադլէն Աշճեանին եւ Սեդա Խօճայեանին: Առեւտրի պալատի նախագահի կողմից՝ «Տարուայ կազմակերպութիւն» անուանակարգում պարգեւ յանձնուեց «Սորոպտոմիստ Ինթերնեյշնլ» կազմակերպութեանը, «Առեւտրի պալատի բարեկամ» անուանակարգում Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի նախագահ Նորա Յովսէփեանին, «Հայ համայնքի բարեկամ» է ճանաչուել Լենա Քորտոշեան-Պաղպուտարեանը, «Հայաստանի բարեկամ» անուանումով մրցանակը տրուեց Նաիրի Ղազուրեանին: