Հայ Փոքրիկ Շախմատիստների Մեծ Յաղթանակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/0000Chess1.jpg)
Ամերիկայի Միացեալ Նահանգների շախմատի պատանիների ազգային կոնգրեսը այս տարուայ Մարտի 1-2ին տեղի ունեցաւ Քալիֆորնիայի Ըրվայն քաղաքում: Տարուայ այս խոշոր շախմատային իրադարձութեանը մասնակցելու էին եկել Ամերիկայի տարբեր նահանգների լաւագոյն շախմատային ակումբների պատանիներն ու աղջիկները:
Նորթ Հոլիվուդի (7339 Varna avenue, North Hollywood, CA 91605) եւ Փասադինայի (1060 North Allen avenue, Pasadena, CA 91104) հասցէներում գործող շախմատի դպրոցը, որը ներկայացնում էր Advanced Chess Organization (ACO) շախմատի ակումբը, փայլուն հանդէս եկաւ այս առաջնութիւնում՝ վաստակելով երկու թիմային գաւաթներ:
Նախ, մինչեւ 8 տարեկանների մրցաշարում, որին մասնակցում էր նաեւ Callaghan McCarty-Snead-ը՝ 1789 վարկանիշով, մեր հայ պատանիները վաստակեցին երրորդ պատուաւոր տեղը: Այստեղ յատկապէս ուշադրութեան են արժանի Զաւէն Գէօզալեանի փայլուն յաղթանակները վարկանիշով իրենից շատ բարձր շախմատիստների նկատմամբ: ACO թիմի համար կարեւոր միաւորներ բերեցին Ալեքս Գեւջեանը, Անդրանիկ Գէօզալեանը, Էմիլ Սարգսեանը եւ Մայքլ Թագւորեանը:
Այնուհետեւ, ACO շախմատի դպրոցի սաները մինչեւ 10 տարեկանների մրցաշարում կրկնեցին իրենց կրտսեր թիմակիցների յաջողութիւնը:
Չնայած այս չափազանց բարձր կարգ ունեցող մրցաշարում մասնակցում էին նաեւ Alexander John Costello-ն, Anthony Ge-ն՝ իրենց 1900ին մօտ վարկանիշներով, ACO թիմի մարզիկները ցոյց տուեցին յամառ կամք՝ նուաճելով երրորդ տեղի պատուաւոր գաւաթը: Այս մարզակարգում ACO թիմը ներկայացնում էին աղջիկների հաւաքականի թիմի աւագ Իզաբելա Քուրդջուկեանը, Արմէն Օրդակեանը, Արթուր Ալեքսանեանը եւ Նազարէթ Չուկույեանը, որն իր հրաշալի խաղով աւելացրեց իր վարկանիշը 833 միաւորով: ACO-ի մէկ ալ ներկայացուցիչ՝ Օննիկ Քաւուքչեանը մինչեւ 16 տարեկանների մարզակարգում ուժեղագոյն մրցակիցների դէմ պայքարում գրաւեց 11րդ տեղը, իր անհատական վարկանիշը բարձրացնելով 1445 միաւորով:
Թիմի ամենափոքր ներկայացուցիչները՝ վեցամեայ Սահակ Կոկիկեանը եւ Դաւիթ Տօնիկեանը, առաջին անգամ հանդէս գալով նմանատիպ խոշոր մրցաշարում, ստացան իրենց առաջին վարկանիշները:
Շախմատի դպրոցի հիմնադիր տնօրէն, FIDE միջազգային կարգի մարզիչ Արթուր Աղաջանեանը, գոհունակութեամբ նշելով իր սաների ներկայ յաջողութիւնը, ապագայում իր սաներից նորանոր մեծ յաղթանակներ է ակնկալում:
http://asbarez.com/