Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի արտաքին գործերի նախարարին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/DSC_0014.jpg)
Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Իւան Մրկիչի գլխաւորած պատուիրակութեանը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ հայ եւ սերբ բարեկամ ժողովուրդների պատմական ընդհանրութիւններին եւ ներկայիս մարտահրաւէրներին` մասնաւորապէս ընդգծելով երկու ժողովուրդների հոգեւոր-մշակութային, նաեւ քաղաքական կեանքում Հայ Առաքելական ու Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ունեցած բացառիկ դերակատարութիւնը:
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ արձանագրեց երկու պետութիւնների միջեւ առաւել սերտացող յարաբերութիւնները` շեշտելով, որ իբրեւ յարութեանը հաւատացող ժողովուրդներ` պէտք է լաւատեսութեան ոգով դիմագրաւել ներկայիս դժուարութիւնները:
Իր հերթին Սերբիայի Արտաքին գործերի նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Իրենէոս պատրիարքի եղբայրական ողջոյններն ու բարեմաղթանքները, ապա ներկայացրեց այցի ընթացքում արձանագրուած արդիւնքները, անդրադարձաւ երկու ժողովուրդների կեանքում առկայ նոյնական խնդիրները համատեղ, գործակցութեան ոգով յաղթահարելու անհրաժեշտութեանը:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի, ինչպէս նաեւ երկու երկրների հոգեւոր կեանքի, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ