Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի Եւրոպայի 15-րդ անհատական առաջնութեան մասնակիցներին

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի Եւրոպայի 15-րդ անհատական առաջնութեան մասնակիցներին: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը եւ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը:
Հանդիպման սկզբում Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջնութեան մասնակիցներին եւ մրցապայքարում արձանագրուած արդիւնքները:
Նորին Սրբութիւնը, ողջունելով շախմատիստների ներկայութիւնը համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուրախութիւն յայտնեց, որ մեր երկրում իրականացւում են բազմաթիւ միջազգային միջոցառումներ ինչպէս մշակոյթի եւ կրթութեան, այնպէս էլ սպորտի բնագաւառում: Անդրադառնալով շախմատի նկատմամբ հայ ժողովրդի առանձնայատուկ վերաբերմունքին` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ շախմատը, որպէս ստեղծագործական մտքի արտայայտութիւն, ազնուական խաղ է եւ կարեւոր առաքելութիւն ունի մարդկութեան կեանքում` իր ոգով նպաստելու ազգերի ու մշակոյթների միջեւ փոխհասկացողութեան զօրացմանը: Վեհափառ Հայրապետը մասնաւորապէս կարեւորեց շախմատի բարերար ներգործութիւնն անձի մէջ դրական որակների ու յատկութիւնների կերտման, նրա կերպարի ձեւաւորման գործում:
Հանդիպման աւարտին Նորին Սրբութիւնը պատասխանեց առաջնութեան մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր սպորտաձեւերի նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքին, Հայ Եկեղեցու պատմութեանն ու դերակատարութեանը հասարակական կեանքում, ինչպէս նաեւ ԼՂՀ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործում Եկեղեցու մասնակցութեանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ