Քահանայական ձեռնադրութիւն Մայր Աթոռում Ս. Վարդանանց տօնի առիթով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/unnamed-78.jpg)
Փետրուարի 27-ին` Սրբոց Վարդանանց տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցուեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաեւ կատարուեց քահանայական ձեռնադրութիւն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ստացան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի չորս եւ Քահանայից լսարանի վեց շրջանաւարտ սարկաւագներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը քահանայութեան կոչեց նորընծաներին` Սրբալոյս Միւռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, եւ շնորհեց նրանց հոգեւոր նոր անուններ: Առնակ սրկ. Տէրտէրեանը վերակոչուեց Տ. Տաթեւ քահանայ, Յովհաննէս սրկ. Միրզոյեանը` Տ. Արսէն քահանայ, Անդրանիկ սրկ. Յովհաննիսեանը` Տ. Ոսկան քահանայ, Ռոման սրկ. Պետրոսեանը` Տ. Փառեն քահանայ, Ռոբերտ սրկ. Ասատրեանը` Տ. Ատոմ քահանայ, Վահրամ սրկ. Քարտաշեանը` Տ. Աբէլ քահանայ, Դաւիթ սրկ. Մարգարեանը` Տ. Աբգար քահանայ, Կարէն սրկ. Հեբոյեանը` Տ. Վահան քահանայ, Հրայր սրկ. Գրիգորեանը` Տ. Համազասպ քահանայ, Զաւէն սրկ. Յարութիւնեանը` Տ. Յովակիմ քահանայ: Ձեռնադրութեան արարողութեան աւարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը տուեցին ներկաներին:
Այնուհետեւ ձեռնադրող Սրբազան Հայրը, իր ուրախութիւնը յայտնելով Ս. Վարդանանց տօնին կատարած ձեռնադրութեան առիթով եւ շնորհաւորելով նորընծայ քահանայ հայրերին, իր քարոզում անդրադարձաւ քահանայութեան կարեւորութեանը: «Մեր Տիրոջ մի խօսքով ձկնորսները վերափոխուեցին առաքեալների եւ առանց երկմտելու գնացին Նրա կանչին ընդառաջ՝ թողնելով ամէն ինչ՝ թեբ անուն, թեբ ընտանիք եւ թեբ ապրուստ: Նրանք նոր ծնունդ, նոր անուն եւ նոր կեանք ստացան: Աղօթքով լեցուն այս կամարները, սիրելիներ, վկաներն են բազմաթիւ նման հոգեւոր ծնունդների, ականատեսն են Սուրբ Հոգու շնորհների բաշխման, որոնք երկնքից առատապէս հեղուել են Միածնի Իջման Սուրբ Սեղանին ծնկի եկած կոչեալների վրայ՝ Սուրբ Հոգու աներեւոյթ հպումով օծելով նրանց՝ որպէս Աստծոյ սպասաւորներ:
…Շնորհընկալ եւ հոգեկիր երէցներ եղաք այսօր ձեռնադրութեան եւ ձեռքի հպումով, իսկ Սրբալոյս Միւռոնի օծմամբ դարձաք երկու հազարամեակ ձգուող սրբազան խորհրդի մասնակիցներ: Սուրբ խորանին կանգնած այս նորաօծ հոգեւորականներից իւրաքանչիւրն իր սիրտը բացեց, ընդառաջ գնաց այն կանչին, որը դժուարագոյններից է մարդկային կեանքում: Նրանք համաձայնեցին լինել մարդկանց որսորդներ, յանձն առան եւ ուխտեցին Զեբեդէոսի որդիների նման ամէն ինչ սիրով կատարել, սուրբ հայրապետների կանոններով առաջնորդուել եւ նրանցից երբեք չխոտորուել կամ նահանջել», – ասաց Սրբազան Հայրը` յորդորելով նորընծաներին իրենց ծառայութիւնը բերել հայ ժողովրդին եւ Եկեղեցուն անսասան հաւատով, անսակարկ նուիրումով ու անկոտրում կամքով:
Իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձաւ նաեւ Ս. Վարդանանց նահատակների տօնի խորհրդին: «Մի ամբողջ ազգ Աւարայրում փորձուեց եւ փրկուեց մի աներեւոյթ ձեռքի միջոցով. Ամենազօր Տէրն էր, Ով, տեսնելով հայ ազգի հաւատքը, հայրենի հողին նահատակուելու ոգին, Իրեն ուղղուած յուսառատ աղօթքը, անսաց մեր փոքր ածուի սրտաբուխ աղօթքին, եւ Տղմուտի ջրերը մեր հաւատքի մկրտութեան, իսկ Աւարայրը՝ ալ արեան մկրտութեան փրկարար նաւակի վերածեց: Աւարայրը չի կարող հայի համար յուշ լինել, չի կարող լոկ պատմութիւն մնալ, այն հայ տեսակի, Աստծուն որդեգրուելու պանծալի ուղու պսակումն է: Մի ամբողջ ժողովրդի լաւագոյն զաւակները՝ ռամիկ, շինական, իշխան, զօրական, ուսուցիչ եւ վարդապետ, ոտքի կանգնած գնում էին նահատակուելու այն հայրենիքի եւ այն Տիրոջ համար, որտեղից նոր կեանք սկսուեց: …Վարդանանք մեր ժողովրդի պատմութեան եւ յիշողութեան մէջ դաջուած են իբրեւ հայրենասիրութեան, հաւատասիրութեան եւ արիութեան խորհրդանիշներ, եւ այս բոլորն անառարկելի է, սուրբ Վարդանանք այն հերոսներն են, ովքեր լսեցին Աստուծոյ կանչը, ովքեր իրենց մաշկի գոյն եւ զրահ դարձրին Քիրստոսի հաւատքը», – ընդգծեց պատարագիչ Սրբազանը:
Քարոզի աւարտին Մուշեղ Սրբազանը Հայ Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասի եւ հաւատաւոր ժողովրդի անունից շնորհաւորեց Ամենայն Հայոց Հայրապետին անուանակոչութեան օրուայ առիթով` մաղթելով Ս. Վարդանանց բարեխօսութեամբ երկար տարիների անսասան գահակալութիւն:
Այնուհետեւ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհաւորելու քահանաներին եւ համբուրելով նրանց միւռոնաբոյր ճակատներն ու ձեռքերը` ստանալու առաջին «Ողջոյն»-ը:
Նորընծայ քահանայ հայրերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կ’անցկացնեն քառասնօրեայ պատրաստութեան եւ աղօթքի շրջան, որից յետոյ ծառայութեան կը կոչուեն Հայ Եկեղեցու տարբեր կառոյցներում եւ թեմերում:
Սուրբ Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուանակոչութեան տօնի առիթով Իջման Ս. Սեղանի առջեւ, նախագահութեամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքեանի, կատարուեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղօթք բարձրացրեցին առ Աստուած` Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան անսասանութեան ու պայծառութեան եւ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան եւ արգասաւոր հովուապետութեան համար: