Ալպերտ Մկրտչեանը 77 Տարեկան Է

Անուանի բեմադրիչ Ալպերտ Մկրտչեան կը նշէ իր ծննդեան տարեդարձը: Դերասան Մհեր Մկրտչեանի եղբայրը փետրուար 27-ին դարձաւ 77 տարեկան:
«Արմէնփրէս»-ի փոխանցմամբ, Ալպերտ Մկրտչեանը ծնած է 1937թ. փետրուար 27-ին, Լենինական: 1960 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտի դերասանական, այնուհետեւ Մոսկուայի Շանժանկարչութեան ինստիտուտի բեմադրութեան բաժինները:
1971թուականէն եղած է «Հայֆիլմ»-ի բեմադրիչ: 2003-էն Երեւանի «Մհեր Մկրտչեան» թատրոնի տնօրէնն ու գեղարուեստական ղեկավարն է: 1980-2001թթ. դասաւանդած է Երեւանի Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանին մէջ, ԵԹԿՊԻ-ի մէջ: Բեմադրիչի ամենայայտնի գործերն են «Հին օրերի երգը», «Մեր մանկութեան տանգոն», «Ուրախ աւտոբուս» շարժանկարները:
2000 թուականին պարգեւատրուած է ՀՀ «Մովսէս Խորենացի» մետալով: 2003-ին արժանացած է ՀՀ ժողովրդական արուեստագէտի կոչման: «Հայակ» հայկական ամենամեայ առաջին մրցանակաբաշխութեան Յատուկ մրցանակի դափնեկիր է:
http://armenpress.am/