Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ քահանայից հաւաք

Փետրուարի 25-ին` Ս. Ղեւոնդեանց քահանայից տօնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ քահանայից աւանդական հաւաքը: Քահանայից ժողովին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եպիսկոպոսները, Հայաստանեան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի եւ թեմերի երկու հարիւր քսան հոգեւոր սպասաւորներ:

Առաւօտեան Մայր Տաճարում եկեղեցականները, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողութեան: Պատարագիչն էր Սեւանի տարածաշրջանի Ծաղկունքի Ս. Սարգիս եւ Ցամաքաբերդի Ս. Գեւորգ եկեղեցիների հոգեւոր հովիւ Տ. Նշան քահանայ Սարգսեանը: Պատարագի ընթացքում արժանապատիւ Տէր Հայրը յաւուր պատշաճի քարոզ խօսեց` անդրադառնալով տօնի խորհրդի կարեւորութեանը հայ ժողովրդի կեանքում. <<Ղեւոնդեանք իրենց նահատակութեամբ ապացուցեցին, որ կարելի է նմանուել Քրիստոսին` կատարելով Տիրոջ` Երկնաւոր Հօր նման կատարեալ լինելու պատուէրը: Ղեւոնդեանք իրենց նահատակութեամբ ստիպեցին մեզ սիրել մեր երկիրը, Քրիստոսի արեամբ գնուած առաքելահաստատ մեր Մայր եկեղեցին եւ տանջուած ու յաղթանակած մեր ժողովրդին: Ղեւոնդեանների խորհուրդը յարատեւ է: Պատմութեան քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ եւ այսօր էլ երաշխաւորն է մեր յաղթանակների ինչպէս անցեալ դարավերջին պատմական Արցախում, այնպէս էլ այս նոր ժամանակներում>>:

Պատարագից յետոյ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից աւանդական հաւաքը, որի  քննարկման թեմաներն էին` <<Կիրակնօրեայ դպրոցների կարեւորութիւնը համայնքային կեանքում>> եւ <<Երէցկնոջ դերը հովուական ծառայութեան մէջ>>:

Ժողովը բացուեց քահանայից հաւաքի կազմակերպիչ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանի խօսքով: Այնուհետեւ քահանայ հայրերին իր օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբութիւնը, տօնի առիթով իր շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները բերելով ժողովին մասնակից հոգեւոր սպասաւորներին, մասնաւորապէս նշեց. <<Փառք ենք տալիս Աստծուն, որ սովորոյթի համաձայն ամէն տարի թեմակալ առաջնորդների գլխաւորութեամբ այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, աղօթքի, սիրոյ եւ եղբայրական  մթնոլորտում անդրադարձ է կատարւում եկեղեցական կեանքում առկայ խնդիրներին, որոնց լուծումները  կարեւոր եւ անհրաժեշտ են հոգեւոր ծառայութիւնն աւելի արդիւնաւոր դարձնելու համար: Մենք ունենք Եկեղեցու առջեւ ծառացած բազում խնդիրներ ու դժուարութիւններ, որոնց մասին այսօր բարձրաձայնելու առիթ եւ հնարաւորութիւն է ստեղծւում հոգեւոր սպասաւորներիս համար>>: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց թեմակալ առաջնորդներին եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներին, ովքեր նուիրումով ու յանձնառութեամբ են կատարում իրենց առաքելութիւնը ազգային կեանքից ներս: Վեհափառ Հայրապետն աղօթք բարձրացրեց առ Աստուած ժողովի արդիւնաւոր ընթացքի համար` եկեղեցականներին մաղթելով արեւշատութիւն եւ բարեյաջող ծառայութիւն:

Հաւաքի ընթացքում զեկոյցներով հանդէս եկան Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան վարդապետ Նաւասարդեանը եւ Արագածոտնի թեմից Տ. Գարեգին քահանայ Արսենեանը:

Քննարկումների արդիւնքում կարեւորուեց կիրակնօրեայ դպրոցների դերն ու նշանակութիւնը համայնքային կեանքում: Թեմերի հոգեւոր սպասաւորներն իրենց մտահոգութիւններն արտայայտեցին կիրակնօրեայ դպրոցների գործունէութեանն առնչուող խնդիրների կապակցութեամբ: Ապա ժողովականների կողմից անհրաժեշտ նկատուեց բոլոր համայնքներում կիրակնօրեայ դպրոցների ստեղծումը, քանի որ դրանք նպաստում են մանուկների շրջանում հոգեւոր գիտելիքների զարգացմանն ու բարոյական կերպարի կերտմանը:

Անդրադառնալով հոգեւոր սպասաւորութեան արդիւնաւոր կազմակերպման գործում երէցկնոջ դերակատարութեան կարեւորութեանը` արձանագրուեց համայնքային կեանքում երէցկնոջ ներգրաւուածութեան անհրաժեշտութիւնը: Իբրեւ յաջողուած օրինակ ներկայացուեց Արագածոտնի թեմում իրականացուած <<Լոյս մանկանց>> կիրակնօրեայ դպրոցների ծրագիրը, որին թեմի երէցկանայք գործուն մասնակցութիւն են բերել ի նպաստ երեխաների հոգեւոր դաստիարակութեան: Ժողովի ընթացքում որոշուեց երէցկանանց համար ամենամեայ հաւաքներ կազմակերպել ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որոնք առաւել կը նպաստեն համայնքներում հովուական կեանքի մէջ նրանց օգտակար ներգրաւուածութեանը:

Ժողովի աւարտին տեղի ունեցաւ ամենամեայ աւանդական պարգեւաբաշխութիւնը: Տօնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը <<Սբ. Ներսէս Շնորհալի>> շքանշան յանձնեց Տ. Կարապետ աւագ քահանայ Գըլըճեանին` քահանայութեան 50-ամեակի եւ Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում 20-ամեայ հոգեւոր ծառայութեան համար: Ծաղկեայ փիլօն կրելու իրաւունք շնորհուեց Արարատեան Հայրապետական թեմից Տ. Դանիէլ քահանայ Բաղումեանին, Տ. Զաքարիա քահանայ Աւետիսեանին, Տ. Վարդան քահանայ Գափոյեանին, Տ. Եսայի քահանայ Արթենեանին, Տ. Անուշաւան քահանայ Կոշեցեանին, Արմաւիրի թեմից Տ. Մկրտիչ քահանայ Մուշադեանին, Արցախի թեմից Տ. Բարսեղ քահանայ Անդրեանին,  Գուգարաց թեմից Տ. Վահան քահանայ Ազարեանին եւ Տ. Ստեփանոս քահանայ Մարգարեանին, Վիրահայոց թեմից Տ. Յուսիկ քահանայ Յարութիւնեանին, Տ. Նարեկ քահանայ Ղուշչեանին եւ Տ. Սամուէլ քահանայ Թորոսեանին: Լանջախաչ կրելու իրաւունքին արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Գաբրիէլ քահանայ Վարդանեանը  եւ Տ. Ղեւոնդ քահանայ Տեօմկինը, ՀՀ Զինուած ուժերի հոգեւոր սպասաւորութիւնից Տ. Ենովք քահանայ Եսայեանը եւ Տ. Սամուէլ քահանայ Սարգսեանը, Գեղարքունեաց թեմից Տ. Տիրատուր քահանայ Յակոբեանը, Սիւնեաց թեմից Տ. Ռաֆայէլ քահանայ Խաչիկեանը, Շիրակի թեմից Տ. Յարութիւն քահանայ Պետրոսեանը, Գերմանիայի հայոց թեմից Տ. Գնել քահանայ Գաբրիէլեանը, Տ. Այգիկ քահանայ Յովհաննիսեանը եւ Տ. Հրաչ քահանայ Պիլիճին, Ռումինիայի հայոց թեմից Տ. Հեթում քահանայ Թարուերդեանը, Բուլղարիայի հայոց թեմից Տ. Հրաչ քահանայ Մուրադեանը:

Շնորհաբաշխութեան աւարտին հոգեւորականներին վերստին հայրապետական իր պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: <<Այսօր առկայ են բոլոր հնարաւորութիւնները, որ մենք կարողանանք մեր ժողովրդին քրիստոնէական  ճշմարիտ արժէքներով ապրեցնել, այդ արժեհամակարգի մէջ կրթել ու դաստիարակել: Ուստի անհրաժեշտ է նուիրում, յանձնառութեան ոգի եւ զոհաբերութեան գիտակցութիւն. բառեր, որոնք ամբողջապէս պատկերում են մեր առաքելութիւնը եւ մշտական ուղեկիցները պէտք է լինեն հոգեւոր սպասաւորի: Մենք վստահ ենք, որ միասնական աշխատանքի միջոցով պիտի կարողանանք մեր ժողովրդին պահել մեր հայրերի սուրբ հաւատքի, ազգային աւանդոյթների, եկեղեցական կարգերի ու կանոնների մէջ>>,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքում: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ, որ այսօր եկեղեցականները յաճախ դժուարին ու ծանր պայմաններում անտրտունջ կերպով նուիրեալ ծառայութիւն են բերում ժողովրդին` իրենց վրայ վերցնելով մեծ յանձնառութիւններ ու զրկանքներ: Իր օրհնութիւնը բերելով Հայ Եկեղեցու հոգեւոր ողջ դասին` Նորին Սրբութիւնը յորդորեց տօնի խորհրդով զօրացած շարունակել իրենց տէրունապատուէր առաքելութիւնը եւ աներկիւղ ու նախանձախնդիր կերպով կրել ամէն տեսակի յանձնառութիւն` ի սէր հաւատաւոր ժողովրդի, Եկեղեցու եւ Հայրենիքի:

Ժողովի ամփոփումից յետոյ Մայր Տաճարում եկեղեցականները մասնակցեցին Երեկոյեան ժամերգութեան:

Scroll Up