Թատրոն, որն ամենահինն է հայոց սփիւռքում

«Հայերն այսօրի» թղթակցի երկխօսութիւնը Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Բայանդուրեանի հետ:

Կարծես մեր գիտակցութեան մէջ չի տեղաւորւում, որ Վրաստանն ու Թբիլիսին սփիւռք են, իսկ Թբիլիսիի հայկական թատրոնն էլ` սփիւռքահայ թատրոն: Ո՛չ, Վրաստանը սփիւռք չէ այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար, որովհետեւ նրանք հարիւրամեակներ ի վեր ապրում են իրենցը դարձած հողի վրայ` իւրովի միաւորելով ու մէկտեղելով հայ եւ վրաց ժողովուրդների կենցաղն ու մշակոյթը: Յատկապէս մշակոյթը, որն այստեղ մեր ինքնութեան հանգրուաններից մէկն է դարձել, մեր գոյութեան այն վկայութիւններից մէկը, որում ամփոփուել են եւ՛ մեր ձգտումները Ոգեղէնի աշխարհում, եւ՛ մեր կերպն ու տեսակը:

Մշակոյթի մեծագոյն իրողութիւնը Պետրոս Ադամեանի անուան թատրոնն է, որը հիմնադրուել է 1857 թուականին եւ ահա աւելի քան մէկուկէս դար Թիֆլիս-թբիլիսիում հայոց խօսքն է հնչեցնում, բեմատեսութեան մեր առանձնայատկութիւններն է ներկայացնում:

Հայկական ամենահին խաղացանկային թատրոնի` Ադամեանի անուան հայկական պետական թատրոնի ստեղծագործական կառավարումը մօտ երկու տասնամեակ ստանձնել է Արմէն Բայանդուրեանը` Վրաստանի ամենաինքնատիպ բեմադրիչներից մէկը, ով նաեւ ազգային-հանրային գործիչ է, Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր:

– Սիրելի՛ Արմէն, բնականաբար, իմ առաջին հարցը վերաբերելու է թատրոնի շէնքի վիճակին, որը, մեղմ ասած, ծայրայեղ վատ է: Գիտեմ, որ արդէն քայլեր են ձեռնարկւում` հիմնանորոգումներ իրականացնելու, շէնքը փլուզումից փրկելու համար:

– Աւանդական Հաւլաբարում գտնուող այս շէնքը թատրոնին է տրամադրուել 1937 թուականին: Միլիոնատէր Փիթոեւի` ֆրանսիական «կարտելիէ նշանաւոր ներկայացուցիչներից մէկի` Ժորժ Փիթէեւի հօր կառուցած Արտիստական թատրոնը այդպէս էլ մեզ բաժին չհասաւ… Այս բոլոր տարիների ընթացքում թատրոնի շէնքը մէկ անգամ ենթարկուել է հիմնանորոգման, իսկ անկախութեան հռչակումից յետոյ էլ Հայաստանի կառավարութեան ջանքերով կատարուել են որոշակի վերանորոգիչ աշխատանքներ: Սակայն այսօր արդէն անհնար է դարձել այստեղ աշխատելը, որովհետեւ ամէն պահ կարող են փլուզուել շէնքի պատերը… Մէկ տարուց աւելի ջանքեր ենք գործադրել` վերանորոգումն իրականացնելու համար: Եւ ահա Վրաստանի նախագահ Միխէիլ Սահակաշուիլու յանձնարարութեամբ կառավարութիւնը յատկացրել է երկու միլիոն լարի: Սա իսկապէս մեծ ներդրում է, հոգատարութեան դրսեւորում: Համոզուած ենք, որ կարճ ժամանակամիջոցում կը կատարուեն մեր ակնկալած աշխատանքները: Իսկ ստեղծագործական խումբն էլ անգործութեան չի մատնուի. մեզ արդէն տրամադրուել է համապատասխան տարածք, որտեղ կը կազմակերպուեն փորձերը, կը պատրաստուեն նոր բեմադրութիւններ:

– Վերանորոգումը, ուրեմն, չի խանգարի, որ ստեղծագործական աշխատանքներն ընթանան համաչափօրէն, չկտրուի կապը հանդիսատեսի հետ: 

– Հանդիսատեսի հետ կապը հիմա էլ չի կտրուել: Չնայած ծանր պայմաններին` մենք երեք նոր բեմադրութիւն ենք պատրաստել, իսկ առաջիկայում էլ պատրաստւում ենք հիւրախաղերով հանդէս գալ Հայաստանում` Վանաձորում, Գիւմրիում, Երեւանում: Մեզ համար չափազանց կարեւոր են լինելու այս հիւրախաղերը, որոնք կը նպաստեն, որ մեր թատրոնը դուրս չմղուի ազգային թատերական ընթացքից, այն զարգացումներից, որոնք հիմնորոշ են ժամանակակից հայ թատրոնի համար: Մենք ինքներս ենք մշտապէս ջանացել, որ անջրպետ չառաջանայ մեր եւ հայաստանեան թատերական ընթացքի միջեւ, մեզ զատուած չզգանք գեղարուեստական այն գործընթացներից, որոնք հայրենիքում հաստատում են իրենց կենսունակութիւնը:

– Իսկ արդեօ՞ք յաջողւում է մշտապէս լինել այդ ընթացքի մէջ, չկորցնել սերտակցման հնարաւորութիւնները: 

– Ինչպէս ասում են` ամէն ինչ պիտի լինի երկուստէք, որպէսզի բնականոն, օրինաչափ եւ արդիւնաւէտ լինեն փոխառնչութիւններն ու միասնական դաշտի ստեղծման ջանքերը: Պէտք է խոստովանել, որ ոչ միշտ ենք զգում հայաստանեան թատրոնների եւ թատերական կառոյցների ցանկութիւնները` Թբիլիսիի հայկական թատրոնը ներառելու տարբեր նախաձեռնութիւնների եւ ծրագրերի մէջ, ջրբաժան չձեւաւորելու «մերէ ու «իրենցէ միջեւ… Մենք միշտ էլ պատրաստակամօրէն արձագանքել ենք տարբեր փառատօնների հրաւէրներին, ներկայ ենք եղել հայաստանեան նշանակալի առաջնախաղերին, բայց այսօր մեր թատրոնը զգում է մասնագիտական աջակցութեան, թատերագիտական մտքի ներկայութեան անհրաժեշտութիւնը: Մեր ներկայացումներին, ի հարկէ, գալիս են վրացական թատրոնի շատ նշանաւոր դէմքեր, մենք սերտ բարեկամութիւն ենք հաստատել աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի հետ, ով մեր թատրոնի լաւագոյն բարեկամն է: Մամուլի էջերից հիմնականում վրաց թատերական մտքի ներկայացուցիչներն են իրենց գնահատութիւնները հնչեցնում, սակայն շատ ենք ուզում, որ հայ թատերական միտքը եւս մասնակցութիւն բերի մեր ներկայացումների արժեւորումներին, իր կարծիքը յայտնի, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է, քանզի մենք ազգային թատրոն ենք` այդ թատրոնին բնորոշ գեղարուեստական ձգտումներով, առանձնայատկութիւններով, մտածողութեան եւ կերպի ընդհանրացումներով:

– Ես գիտեմ, որ Ադամեանի անուան թատրոնն այսօր չունի ստեղծագործական կադրերի խնդիր. թատրոնը համալրուած է երիտասարդ դերասան-դերասանուհիներով, իսկ արդեօ՞ք բաւարար է մասնագիտական այն կրթութիւնը, որը ստացել են նրանք: 

– Մեր թատրոնը բոլոր ժամանակներում ունեցել է հզօր դերասանակազմ, ինքնատիպ ռեժիսուրայ: Ժամանակ առ ժամանակ մեզ մօտ աշխատանքի են անցել Երեւանի թատերական ինստիտուտի շրջանաւարտներ, որոնց թիւն, ի հարկէ, մեծ չի եղել: Վերջին տարիներին, ընդառաջ գնալով մեր ցանկութեանը, Թբիլիսիի Ռուսթաւելու անուան թատերական ակադեմիայի տնօրինութիւնը մի ամբողջ կուրս պատրաստեց մեզ համար, եւ բոլոր շրջանաւարտներն էլ այսօր թատրոնում են: Ունենք նաեւ դրամատիկական ստուդիայ, որի շրջանաւարտները եւս համալրում են մեր դերասանախումբը: Ի հարկէ, շատ կը կամենայինք, որ նրանք բարձրագոյն կրթութիւն ստանային, որովհետեւ ժամանակակից դերասանի համար չափազանց կարեւոր է բարձրագոյն համակարգուած կրթութիւնը: Իսկ դրա համար միջոցներ են պէտք: Այսօր բոլորը չէ, որ ունեն այն սոցիալական բարւոք պայմանները, որոնք հնարաւորութիւն կը տային ուսանելու Երեւանում: Կարծում եմ, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը կարող է ստեղծել յատուկ արուեստանոց` հեռակայ ուսուցմամբ, որն էլ հնարաւորութիւն կ’ընձեռի մեր երիտասարդներին ստանալու անհրաժեշտ կրթութիւնը: Եթէ մեր որոշ հայ գործարարներ էլ, ովքեր փքուն ու շքեղութիւնից պայթող մրցոյթ-համերգներ են կազմակերպում մոսկովեան թանկարժէք համերգասրահներում, մի քիչ թատերասէր ու ազգասէր լինէին եւ որոշակի գումարներ տրամադրէին մեր երիտասարդութեանը, տարուայ մէջ գոնէ մէկ ամիս Երեւանում ապրելու եւ դասախօսութիւններ լսելու համար, ապա մենք լուծուած կը համարէինք նաեւ այդ կարեւորագոյն հարցը: Թատրոնը երբեք եւ ոչ մէկից ողորմութիւն չի խնդրել, չի բախել մեր ունեւորների դռները, արժանապատուօրէն կրել է իր խաչը` տանելով շատ դժուարութիւններ, սակայն հայապահպանութիւնը համազգային խնդիր է, իսկ մեր թատրոնն էլ լծուած է այդ կարեւոր խնդրի լուծմանը. այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ «տաշիրէ ու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողները ըմբռնեն, որ թատրոնին ցուցաբերուող ցանկացած աջակցութիւն շատ աւելի խորքային կարող է լինել:

– Սիրելի՛ Արմէն, յուսանք, որ թէ՛ Հայաստանում, թէ՛ նրա սահմաններից դուրս ապրող մեր գործարարները, տարբեր մշակութային կազմակերպութիւնները կը փորձեն հասկանալ ու արժեւորել այն նշանակութիւնը, որն ունի մեր հնագոյն թատրոնը` Պետրոս Ադամեանի անուան հայկական պետական թատրոնը, եւ չեն զլանայ իրենց ներդրումները կատարել: Նաեւ յուսանք, որ քո բարձրացրած խնդիրներն անարձագանք չեն մնայ, եւ թատրոնի հայաստանեան հիւրախաղերի ժամանակ կը ծաւալուեն համակողմանի քննարկումներ:

ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ

Scroll Up