Հայ մամուլի սպասաւորը չի կարող չվստահել իր հարազատ ժողովրդի աչալրջութեանը

Օրերս պոլսահայ անուանի գրող Միսաք Գոչունեանի «Կրակին մէջէն» գրքի շնորհանդէսին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանը: «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցեց նրա հետ.

– Պարոն Գոչունեան, ինչու՞ որոշեցիք գրքի շնորհանդէսն անցկացնել Հայաստանում:

– «Ժամանակ» օրաթերթի 100-ամեակը նշուել է Ստամբուլում եւ Սփիւռքի տարբեր համայնքներում: Այն մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել նաեւ հայրենիքում: Հայաստանի ԶԼՄ-ներից, տարբեր ստեղծագործական միութիւններից, քաղաքական շրջանակներից բազմաթիւ շնորհաւորանքներ ենք ստացել: Մենք էլ ցանկացանք յոբելեանի առաջացրած խանդավառութիւնը, տպաւորութիւնները կիսել հայրենի հասարակութեան հետ: Միսաք Գոչունեանը, լինելով արեւմտահայ գրող, շատ ջերմ է ընդունուել արեւելահայ գրասէրների շրջանում: Հաշուի առնելով, որ Պոլսի ամենահին թերթի յոբելեանին, այսպէս ասած, համահայկական երանգ էր տրուել, ցանկացանք շեշտադրել այդ փաստը: Ինչ-որ իմաստով «Կրակին մէջէն» գիրքը  դարձաւ մեր լեզուի, մեր ընդհանրական միասնութեան խորհրդանիշը:

Ուզում եմ Ձեր միջոցով իմ երախտագիտութիւնը յայտնել «Տիգրան Մեծ» հրատարակչութեան տնօրէն Վրէժ Մարկոսեանին, ով աջակցեց գրքի հրատարակմանը:

Այստեղ մի այլ կարեւոր երեւոյթ էլ կայ: Գիրքը հրատարակութեան է պատրաստել Սեւան Դերմենջեանը, ով ուսանել է Երեւանի պետական համալսարանի Հայոց լեզու եւ գրականութիւն ֆակուլտետում: Մենք աստիճանաբար տեսնում ենք, թէ ինչպէս հայրենիքում պատրաստուած, բարձրագոյն կրթութիւն ստացած մի անձնաւորութիւն վերադառնում է իր համայնք, ու իր ստացած գիտելիները ծառայեցնում  ի նպաստ հայոց լեզուի պահպանման: Միեւնոյն ժամանակ մեր բարոյական պարտքն ենք համարում ինչ-որ ձեւով հատուցել հայրենիքին  ստացած գիտելիքների համար:

–  Ակնյայտ է, որ այսօր արտերկրում հայոց լեզուի պահպանումը կարեւորագոյն հարց  է:

–  Երեւի ողջ հայութիւնը միանշանակ ընդունում է այն փաստը, որ այսօր Սփիւռքը ուծացման վտանգի առաջ է կանգնած. լեզուն է կորցնում, ինքնութիւնն է կորցնում: Դիմակայելու առաջին նախապայմանը, ըստ իս, ամենօրեայ ստեղծագործական աշխատանքն է, արտադրանք իրականացնելն է: Մարդիկ ակամայ կը սկսեն  հասկանալ, որ ամէն ինչ դեռ կորած չէ, որ դեռ շատ անելիքներ, չիրականացած նպատակներ կան: Գուցէ առաջին հայեացքից ուռճացուած ընկալուի, որ գրքի հրատարակութեանը նման իմաստ է տրւում: Ասում են, որ հայ ժողովրդի գոյատեւման գլխաւոր գաղտնիքներից մէկը հայ մարդու` հայ գրքի նկատմամբ պաշտամունքի հասնող սէրն է: Ի հարկէ, պէտք չէ չափազանցնել, սակայն փաստ է, որ գիրքը մեզ համար աւելին է, քան պարզապէս գիրքը` ընդունուած չափանիշներով: Դրա վառ ապացոյցն է այն, որ յաջորդ տարի Երեւանը դառնալու է գրքի մայրաքաղաք:

– Իսկ Սփիւռքում գրատպութեան ինչպիսի՞ հնարաւորութիւններ կան:

– Բնականաբար Սփիւռքում հնարաւորութիւնները մեծ չեն, բայց ամէն մէկն իր անկիւնում, իր հնարաւորութիւնների սահմաններում  կարող է անել մի գործ, որն իսկական պոռթկում կարող է առաջացնել ընդհանուրի մէջ: Այդ պատճառով ենք խանդավառուած այս գրքի հրատարակութեամբ:

– Պարոբն Գոչունեան, ինչպիսի՞ն է «Ժամանակ» օրաթերթի ներկան:

– Հարիւր տարի ի վեր պարբերաբար հրատարակուող թերթը հարուստ աւանդոյթներ ունի: Բայց մամուլի բնոյթն այնպիսին է, որ չես կարող մէկ դար շարունակ նոյն սկզբունքներով առաջնորդուել: Ժամանակներն այնքան յարափոփոխ են, որ ակամայ համակերպւում ես ժամանակի հետ: Ես սա չեմ ասում յարմարուողականութեան, արկածախնդրութեան, պատեհապաշտութեան տեսանկիւնից: Որպէս ժողովուրդ` մեր մեծագոյն խնդիրներից մէկն էլ  ժամանակի ոգին պահելն է, ժամանակին համընթաց քայլելը: Միւս կողմից էլ` հայ ժողովրդի ինքնակատարելագործման դրսեւորման լաւագոյն արտայայտութիւններից մէկն էլ այն է, որ մեր ժողովուրդը միշտ ինքնաքննադատաբար է վերաբերւում իր ընդհանուր երթին, միշտ էլ լրացուցիչ ջանք է գործադրում թեբ անհատական, թեբ ազգային նպատակների համար:  Մենք այսօր սփռուած ենք աշխարհով մէկ եւ այս հանգամանքը առաւելութեան կարող ենք վերածել միմիայն մեր ժողովրդի զանգուածներին հայկական տեղեկատուութեան հոսքը ապահովելով: Եթէ այսօր մեր ժողովրդի հոգեւոր միասնութիւնը Հայ առաքելական եկեղեցին է ապահովում, ապա կարող ենք ասել, որ գաղափարի, մտածելու միասնականութիւնը հայ մամուլը, ԶԼՄ-ներն են ապահովում: Խօսքը, բնականաբար,  մեր ժողովրդի միատեսակ մտածելակերպ ունենալու մասին չէ: Հայ ժողովուրդը պատմական այնպիսի փորձութիւններ է տեսել, որ տարբեր կարծիքներ ընկալելու, իր մաղից անցկացնելու եւ ճիշտ ուղղութիւն գտնելու ունակութիւն ունի: Հայ մամուլի սպասաւորը չի կարող չվստահել իր հարազատ ժողովրդի աչալրջութեանը:

– Իսկ այսօր դժուար չէ՞ Ստամբուլում հայկական թերթ հրատարակել:

– Թերթ հրատարակելն ունի իր  եւբ դժուար, եւբ դիւրին կողմերը: Դժուարութիւնը արհեստավարժ լրագրողների պակասութիւնն է.  նոր սերնդից լրագրողներ գրեթէ  չեն ծնւում, գրողներ չեն ծնւում. հայկական դպրոցներում սովորողների թիւն է նուազում, հայկական թերթեր կարդացողն է պակասում, հայ գրքի հրատարակութեան թափն է նուազում: Միւս կողմից`  եթէ համեմատենք, անշուշտ, առանց որեւէ շեշտադրումի, այսօր 1,5 միլիոնանոց հայկական համայնք ունեցող ԱՄՆ-ում մէկ հայկական օրաթերթ է լոյս տեսնում, այնպիսի համայնք, որն իր ներուժով, իր հնարաւորութիւններով ուժ է տալիս ամբողջ աշխարհի հայութեանը, համազգային միասնականութեան գաղափարի շօշափելի դրսեւորումների մեծ մասը նրանց ներդրումներն են ապահովում: Իսկ մի փոքր Ստամբուլում մի քանի թերթ է հրատարակւում: Ըստ իս` սա հարուստ աւանդոյթների առկայութեամբ է պայմանաւորուած: Սակայն նոյն լաւատեսութեամբ չենք կարող նայել  ապագային: Միայն աւանդոյթին ապաւինելով, վստահելով, դու կարող ես ժառանգագեր (ժառանգութեան գերի) դառնալ: Մենք փնտրում ենք մի ուղի, որը մեզ կը դարձնի ժառանգատէր: Ոչ թէ այդ ժառանգութիւնը սպառող, այլ այդ ժառանգութեանը տէր կանգնող, ժառանգութիւնը աւելացնող մարդ:

– Իսկ ի՞նչ է հարկաւոր ժառանգատէր դառնալու համար:

– Կախարդական դեղատոմս ոչ մէկն էլ չունի, որ ասի` սա է պէտք: Տեսականօրէն պէտք է մեր ժողովրդին առաւելագոյն չափով գիտակից դարձնել, հայկականութեան երեսակը, իրենց ինքնութեան երեսակը միշտ վերանորոգ պահել: Հայ լինելու կարեւորագոյն նախապայմանը, որտեղ էլ որ նա ապրի, Հայ Առաքելական Եկեղեցում մկրտուած լինելն է, մայրենիի իմացութիւնն է, եւ սրանով հանդերձ` ազգային կեանքին ինչ-որ ձեւով, ինչ-որ մակարդակով մասնակցութիւն ունենալը:

Զրոյցը վարեց Լուսինէ Աբրահամեանը

Scroll Up