«ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆՆ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/03/rZEOu4SwsPXiRh8Vv4gDd0gadU.jpg)
Hayernaysor-ի թղթակիցը զրուցել է արձակագիր, թատերագիր, երգիծաբան, լրագրող ու հրատարակիչ, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Սամուէլ Խալաթեանի հետ:
Սամուէլ Խալաթեանն իմ ընկերն է, ուստի հեշտ էր նրա հետ զրուցելը, քանի որ ես նրա մասին շատ բան գիտեմ:
– Ես ինձ 100 տարեկան էլ եմ զգում, երբ յոգնած եմ լինում, յուսահատուած… Սակայն միայն բացասական լիցքերի դէպքում չէ, որ զգում եմ տարիքս կամ էլ կամենում եմ այն տեղաւորել 100-ի շրջանակներում: Երկու տասնեակից աւելի գրքեր եմ հրատարակել, Հայաստանի գրեթէ բոլոր թատրոններում բեմադրուել են իմ պիեսները, դրանց մի մասը թարգմանուել է օտար լեզուներով… Երբ նայում եմ այս ամէնին, իսկապէս ինձ 100 տարեկան եմ զգում, որովհետեւ զարմանում եմ, թէ այսքանը երբ եւ ինչպէս, ինչ ջանքերի եւ լարման միջոցով եմ ստեղծել: Մշտական վազք, հիմա նաեւ` սոցիալական դժուարութիւններ, իւրատեսակ կռիւ ու պայքար գոյութեան համար, իսկ ես, այդ ամէնի կողքին կամ էլ զուգահեռ` գրում եմ ու գրում… Եարաբ իմանամ` ինչ-որ մէկին պէ՞տք է այդ ամէնը:
– Ի հարկէ, պէտք է, այլապէս քո անունը մոռացութեան կտրուէր, քեզ չէին յիշի, քո դէմ սրեր չէին ճօճի կամ էլ բարեկամութեան առաջարկ չէին անի: Իսկ ես գիտեմ, որ շատերն են հիմա մղւում դէպի քեզ, բարեկամութեան առաջարկ անում: Չնայած թշնամիներ ու հակառակորդներ էլ ունես…
– Աստուած պահի իմ թշնամիներին: Նրանք որ չլինէին, ես ինձ շատ տխուր ու միայնակ կը զգայի: Թշնամիներն ընդդիմութեան նման մի բան են, նրանք ինձ ցոյց են տալիս ծուռ հայելու մէջ, իսկ ես ուշադիր նայում եմ ծռուած-ծռմռուած ՙպատկերիս՚ ու սկսում եմ մտածել լաւը լինելու մասին… Այդպէս հեշտանում է իմ կեանքը: Պատկերացնու՞մ ես, ես պիտի ջանք գործադրէի, ինձ ինքնաստուգման մղէի, հետազօտէի ինքս ինձ, բայց իմ փոխարէն դա անում են իմ հակառակորդները` այսպէս օգնելով ինձ: Կատարեալ չեմ, ի հարկէ, Աստուած հեռու տանի «կատարեալներիցէ, դրանք անկենդան էակներն են, բայց կատարելութեան ձգտումն ինձ օգնում է: Հէնց տեսնում եմ, որ այդ ձգտումն իմ մէջ հասնում է առասպելական չափերի, սկսում եմ երգիծական պատմուածքներ եւ վիպակներ գրել:
– Թեմա կամ հերոսներ ընտրելու հարցում երեւի դժուարութիւն չե՛ս ունենում:
– Ինչու՛ ունենամ, երբ շուրջս թափառող թեմաներ են ու հերոսներ: Դուրս արի փողոց, նայիր շուրջդ, մի քննախոյզ հայեացք հառիր ու կարող ես արդէն նստել համակարգչի մօտ եւ ստեղծել հերթական երգիծական ստեղծագործութիւնը: Իմ կենսագրութիւնն իմ ժամանակի արտացոլումն է, իսկ այդ ժամանակն այնքայ~ն երգիծանք ու երգիծական հերոսներ է իր մէջ պարունակում: Ես վէպ եմ գրել` հերոսներ դարձնելով բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ, ովքեր երեւացել են իմ կենսագրութեան մէջ: Զաւեշտալի, լաց լինելու չափ ծիծաղելի մարդիկ եւ դրութիւններ, որոնք ժամանակի գերիներն էին, այդ ժամանակի գաղափարախօսները: Այլ պայմաններում եւ այլ գաղափարախօսութեան շրջանակներում նրանք բոլորովին ուրիշ մարդիկ կը լինէին, գուցէեւ` շատ համակրելի: Մեր օրերն էլ «նպաստաւորէ են երգիծական հերոսներ գտնելու համար: Դարձեալ նայիր շուրջդ ու ծիծաղից կը թուլանաս:
– Դու գրական ասպարէզ իջար որպէս երգիծաբան: Շատերն էին փնտրում քո ստորագրութիւնը, կարդում քո ստեղծագործութիւնները, որոնք նորոյթ էին մեր երգիծանքում, որը, ցաւօք, ամենաամուլ գրական մարզերից է դարձել: Բայց յանկարծ անցար նաեւ թատերգութեանը, սկսեցիր պիեսներ գրել: Ինչու՛
– Թատերգութեան ասպարէզում «Քաւորս» Վահէ Շահուերդեանն էր: Վանաձորի Աբէլեանի անուան թատրոնում տարեմուտի ներկայացում բեմադրելու համար առաջարկեց ինձ պիես գրել: Դէ ես էլ գրեցի: Թատրոնի հետ հին բարեկամ էի, ժամանակին անգամ դերասան դառնալու մտադրութիւն ունէի, մի քանի դեր խաղացի պետական թատրոնում, բայց հէնց այդ ժամանակ էլ սիրահարուեցի, ամուսնացայ, իսկ կինս թատրոնի այն տարիների գլխաւոր բեմադրիչ Սոկրատ Աքմաքչեանի բարեկամուհին էր… Մի խօսքով, թատրոնը թողեցի որպէս դերասան, բայց ահա մտայ այնտեղ որպէս թատերագիր, անգամ տնօրէն` մի քանի տարի ղեկավարելով Աբէլեանի անուան թատրոնը: Առաջին պիեսս «վանաձորի բարի ասպետներէ էր կոչւում: Դրան յաջորդեցին նորերը: Եւ մի օր էլ տեսայ, որ մի քանի տասնեակ պիեսի հեղինակ եմ: Դրանք բոլորն էլ բեմադրուել են: Շատ են բեմադրուել: Պիեսներ ունեմ, որոնք բեմադրուել են մի քանի թատրոնում, տարբեր բեմադրիչների ու դերասանների մեկնաբանութիւններով: «քառասուն օր համբառնալուց առաջէ պիեսը եօթ թատրոնում է բեմադրուել, բայց երբեք չեմ փորձել ասել, թէ այդ բեմադրութիւններից որն է լաւ, որն է վատ: Ամէն թատրոնն իր ոճն ու սկզբունքներն ունի, գեղարուեստականութեան սեփական դիտումները: Ես համեստ հեղինակի նման դիտել եմ բեմադրութիւնները, ծափահարել դերասաններին ու բեմադրիչներին, իսկ մտքումս, անշուշտ, շատ լաւ էլ գնահատել, դժգոհել ու տրտնջացել: Այդպէս էլ իմ մենադրամաները: Շատ դերասան-դերասանուհիներ են մարմնաւորել նոյն դերը, ամէն մէկը իւրովի է թափանցել իմ ստեղծած աշխարհի մէջ, ամէն մէկն առաջ է մղել սեփական ես-ը: Թատերագրի խնդիրը բարդ է, որովհետեւ յաճախ ոմանք սոսկ որպէս ՙնիւթ՚ են ընդունում գրականութիւնը` մոռանալով նրա առաջնահերթ նշանակութիւնը:
– Քո պիեսներում, յատկապէս կատակերգութիւններում, պարադոքսալ հերոսներ եւ իրավիճակներ են ի յայտ գալիս, որոնք ունեն ներքին ահռելի փիլիսոփայական կուտակումներ: Դու չե՛ս «լրջացնումէ կատակերգութիւնը:
– Իսկ միթէ՛ կեանքը պարադոքսների վրայ չի հենւում: Չկան բացարձակ կատակերգական եւ բացարձակ ողբերգական դրութիւններ եւ վիճակներ: Ամէն ինչ փոխկապակցուած է, միահիւսուած: Զարմանալի բան է կեանքը: Մեզ բոլորիս թւում է, թէ մենք այն լաւ գիտենք, թէ ամէն մէկս կեանքի իմացութեան մեծ պաշար ունենք: Մինչդեռ ամէն օր ու ժամ մի նոր էջ է բացում, մի նոր անակնկալ: Ու մենք կանգնում ենք անիմանալիի եւ իմանալիի խաչմէրուկներում: Թատրոնն էլ է այդպիսին` բարդ, պարադոքսալ, զարմանալի եւ հետաքրքիր: Դրա համար եմ պիեսներ գրում` ինքս առաջարկելով անիմանալիի սահմանները…
– Դու վաթսուն տարեկան ես, կեանքի մի ահռելի տարածք արդէն յաղթահարած: Ինչպէ՛ս ես գնահատում մեր երիտասարդութեանը:
– Ես լաւատես եմ, երիտասարդների հանդէպ մեծ վստահութեամբ լցուած: Լաւ երիտասարդութիւն ունենք` կարդացած, գիտակ, առաջադէմ: Շատերն, ի հարկէ, չեն կարդում: Գուցէ դա ժամանակի հիւանդութիւնն է: Բայց ուզում եմ, որ շատ կարդան, իմանան մեր գրականութիւնը: Դա շատ մեծ պաշար կը տայ, կենսաճանաչողութիւն կը տայ, կ’օգնի կեանքում: Երբ ձեռքս եմ վերցնում ցանկացած թերթ ու խորասուզւում այս կամ այն թեմայի մէջ, մի նոր բան եմ ինձ համար յայտնաբերում: Այսօր թերթ ու գիրք կարդացող երիտասարդները շատ չեն: Դրա համար էլ հեղինակները յաճախ չգիտեն, թէ ում հասցէագրեն իրենց ստեղծագործութիւններն ու յօդուածները:
Զրուցեց Լեւոն ՄՈՒԹԱՖԵԱՆԸ