Սփիւռքահայ մտաւորականներ. Վահրամ Զարեան

Ֆրանսիական եւ համաշխարհային մնջախաղի դպրոցի մեծագոյն ներկայացուցչին` Մարսել Մարսոյին յիշողներ կան Հայաստանում:

Թե´ նշանաւոր մնջախաղորդի հիւրախաղերը Երեւանում նախորդ դարի 60-ական թուականներին, թե´ նրա ելոյթները աշխարհի տարբեր բեմերում միշտ էլ ձեւաւորել են առանձնակի հետաքրքրութիւն իրենց շուրջ: Մնջախաղի մեծ մաեստրոն բազմաթիւ աշակերտներ ունեցաւ աշխարհի տարբեր երկրներում, որոնցից մէկն էլ հայազգի Վահրամ Զարեանն է, ով լինելով մեծ արտիստի վերջին սաներից մէկը` այսօր Մարսոյի դպրոցի աւանդոյթներն է տարածում ամէնուրեք: Իր նշանաւոր ուսուցչից Վահրամ Զարեանը սովորել է մնջախաղային արուեստի ոճական եւ արտայայտչական սկզբունքները, բեմական կերպարի կառուցման հմտութիւնները, տեխնիկական նրբութիւնները, որոնք էլ նպաստում են ներկայացման գեղարուեստական եւ գաղափարական ամբողջացումներին եւ շեշտաւորումներին: Այսօր Վահրամ Զարեանը ստեղծել է թատերախումբ, որում ընդգրկուած են նաեւ Լենա Վիրիցելը եւ Շինեայ Եամահոտօն, իսկ մեծ ճանաչում ձեռք բերած թատրոնն էլ կոչւում է «Theatre Suspendu»: Թատերախմբում ընդգրկուած բոլոր մնջախաղորդներն անցել են Մարսոյի դպրոցով, իսկ վարպետն էլ նրանց համարել է իր ամենատաղանդաւոր աշակերտները:

Վահրամ Զարեանը ծնուել է Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գիւղում: Մանկութիւնից հրապուրուած լինելով թատրոնով` սովորել է Հայաստանի թատերական գործիչների միութեան Վանաձորի դրամատիկական ստուդիայում, որը շատ անուանի արուեստագէտներ է տուել մեր թատրոնին եւ կինոյին: Այնուհետեւ սովորել է Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` հանդիսանալով Գուժ Մանուկեանի արուեստանոցի սան: Ինստիտուտում սովորելու տարիներին էլ ծանօթացել է Մնջախաղի թատրոնի գեղարուեստական ղեկավար Ժիրայր Դադասեանի հետ, իր առաջին քայլերը կատարել Դադասեանի գլխաւորած թատրոնում` մեծ յաջողութեամբ հանդէս գալով «Թռիչք» ներկայացման մէջ: Ունենալով յաջողութիւններ` այնուամենայնիւ Վահրամն իր առջեւ խնդիր է դնում ստանալ եւրոպական կրթութիւն, ծանօթանալ մնջախաղի արուեստի նրբութիւններին: Նա մեկնում է Գերմանիա, որտեղ էլ անսպասելիօրէն ծանօթանում է Մարսել Մարսոյի հետ: Ճակատագրական եղաւ այս հանդիպումը. Վահրամը հրաժարուեց Գերմանիայում արուած գայթակղիչ առաջարկութիւններից եւ Մարսոյի հետ մեկնեց Փարիզ, ուր նրան սպասւում էր տաժանակիր, սակայն երջանիկ ուսումնառութիւն:

Ուսումն աւարտելուց յետոյ էլ Վահրամը դարձաւ Փարիզում անցկացուող «Երիտասարդ տաղանդներ» մրցոյթի դափնեկիր, «Theatre Suspendu» -ի առաջատար դերասան: Այսօր արդէն Վահրամ Զարեանը հանդէս է գալիս աշխարհի տարբեր բեմերում, մշակում մնջախաղային արուեստում նոր ու ինքնատիպ տարրեր, քանզի մնջախաղը երբեք չի հենւում միայն աւանդոյթների վրայ. այն մշտական շարժում եւ նորացումներ է պահանջում: Վահրամի մի շարք ներկայացումներ ունեն վառ արտայայտուած հոգեբանական նկարագրեր. շարժման եւ դիմախաղի միջոցով դերասանը կարողանում է թափանցել մարդկային էութեան ծալքերը, երբեմն առաջնային դարձնել փիլիսոփայական ընդգծումներն ու խորացումները: Նրա արուեստն առանձնայատուկ է հէնց այս թափանցումների եւ ընդհանրացումների շնորհիւ, որոնք ներկայացնում են մարդու երջանկութիւնը, դժբախտութիւնը, նրա հոգում տեղի ունեցող բռնկումներն ու պարպումները: Երբեմն մենակ ու անօգնական են դառնում Վահրամի հերոսները, երբեմն էլ նրանք հանրութեան մէջ են, ծովացող ուրախութիւնների ջրապտոյտում:

Մէկ տարի առաջ Վահրամ Զարեանը Ծաղկաձորում մասնակցեց մնջախաղի միջազգային փառատօնին, վարպետութեան դաս տուեց երիտասարդ արուեստագէտներին: Առաջիկայ աշնանը եւս նա պատրաստւում է հանդէս գալ Հայաստանում:

Լեւոն Մութաֆեան
Լուսանկարները` JanaJ

Scroll Up