Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ

Յունուարի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միութիւնների, հասարակական կազմակերպութիւնների եւ բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհաւորելու Նորին Սրբութեանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ ստանալու հայրապետական օրհնութիւնն ու պատգամը:

Հանդիպման սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միաւորման կենտրոնական գրասենեակի տնօրէն Գեւորգ Մկրտչեանը, ով ներկայ երիտասարդութեան անունից շնորհաւորեց Վեհափառ Հայրապետին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով: Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը խօսքով դիմեց երիտասարդներին` նշելով, որ նրանց բազմաքանակ ներկայութիւնը Մայր Աթոռում նոր լիցք ու զգացումներ է հաղորդում բոլորին` շարունակելու իրենց աստուածահաճոյ կեանքը եւ կերտելու հայ ժողովրդի լուսաւոր ու պայծառ ապագան:

Միջոցառումը հոգեւոր ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով զարդարեց Գեւորգեան հոգեւոր ճեմարանի երգչախումբը:

Ապա երիտասարդներին իր հայրապետական օրհնութիւնն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբութիւնը մաղթեց, որ 2014 թուականը երիտասարդների համար լինի ուրախութեան, բերկրանքի ու յաջողութիւնների տարի: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Աստծոյ օրհնութիւնն ունենալով` երիտասարդները պէտք է ջանքեր գործադրեն, որպէսզի նոր տարին լինի օրհնութեան տարի ինչպէս իւրաքանչիւր հայ անհատի, այնպէս եւ ամբողջ հայ ազգի ու մարդկութեան համար: Ամենայն Հայոց Հայրապետը յորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայութեան հոգեւոր կենտրոն այցելութեան այս առիթը` աղօթք բարձրացնելու Մայր Տաճարում եւ վերանորոգելու իրենց ուխտն Աստծոյ հետ, քայլելու Տիրոջ պատուիրանների համաձայն եւ իրենց եկեղեցասէր ու ազգանուէր կեանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:

Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին 2015 թուականին Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ Եկեղեցու կողմից տարուող աշխատանքներին, Ցեղասպանութեան զոհերի սրբադասմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համագործակցութեանը, Եկեղեցու քարոզչական գործունէութեանը, սիրիահայ համայնքի ներկայ կացութեանը եւ սիրիահայութեանը ցուցաբերուող զօրակցութեանը, բանակում իրականացուող հոգեւոր սպասաւորութեանը եւ եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին    Տեղեկատուական համակարգ

Scroll Up