Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց ճարտարապետ Ջիմ Թորոսեանի հոգեհանգստեան արարողութիւնը

Յունուարի 8-ին Երեւանի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց անուանի ճարտարապետ Ջիմ Թորոսեանի հոգեհանգստեան արարողութիւնը:
Արարողութեան աւարտին Վեհափառ Հայրապետն իր խօսքն ուղղեց սգակիր ընտանիքին եւ ներկաներին:
«Խորը ցաւով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նուիրեալ եւ արժանաւոր զաւակ, վաստակաշատ ճարտարապետ, ակադեմիկոս տիար Ջիմ Թորոսեանի մահուան մասին:
…Լուսահոգի Ջիմ Թորոսեանը ճանաչուած է Հայաստանում եւ Հայաստանից դուրս որպէս ճշմարիտ մտաւորական, տաղանդաշատ եւ երախտաւոր ճարտարապետ: Նրա նախագծած շէնքերը, համալիր կառոյցներն ու կոթողները զարդարում են քաղաքամայր Երեւանը, հայրենի մեր երկրի տարբեր քաղաքներ եւ կրում են մեծ ճարտարապետի հայրենանուէր ու ազգասէր ոգու վառ կնիքը:
Մենք մասնագէտ չենք ճարտարապետութեան բնագաւառի, եւ Մենք չէ, որ պիտի գնահատական տանք շնորհալի ճարտարապետի արուեստին, սակայն այսօր, երբ վերջին հանգրուան ենք ուղեկցում նրան, ցանկանում ենք փոխանցել Մեր տպաւորութիւնները եւ զգացումները, որ ունեցել ենք հոգելոյս Ջիմ Թորոսեանի հետ Մեր շփումների եւ յարաբերութիւնների ընթացքին: Մեր հանդիպումներում մշտապէս զգացել ենք խոհեմազարդ մտաւորականի վեհանձնութիւնը, օրինակելի բարեկրթութիւնը, ազնուութիւնն ու պարկեշտութիւնը, ում հետ մտերմութիւնը ուրախութիւն էր պատճառում եւ խորին յարգանք ու բարեկամական բարի զգացումներ ներշնչում: Նա կենսուրախ էր ու լաւատես եւ միշտ լեցուն նոր մտահղացումներով: Բարեյիշատակ Ջիմ Թորոսեանն ապրում էր ստեղծագործական մշտական երկունքի մէջ եւ իր նախագծերը ստեղծում էր ազգային արժէքների խորը ընկալումով: Արդիականի եւ ազգայինի բարձրաճաշակ համադրութեամբ ու բարձր վարպետութեամբ նա ձգտում էր միշտ կատարելութեան հասցնել իր աշխատանքները` կերտելով նոր ժամանակների հայ ճարտարապետութեան հիանալի կոթողներ: Առանձնայատուկ գրաւչութիւն ունեն հանգուցեալի բացառիկ տաղանդով ստեղծուած, ոգի, ներշնչանք ու քաջալերութիւն հաղորդող նրբաճաշակ զարդաքանդակները: Ջիմ Թորոսեանի շնորհաց դրոշմն են կրում նաեւ նրա նախագծած եկեղեցական կառոյցները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը եւ բացօթեայ խորանը, Սուրբ Վարդան-Սուրբ Յովհաննէս Մկրտիչ մատուռ-մկրտարանը, Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի նոր մասնաշէնքը, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին, ստալինեան բռնատիրութեան տարիներին նահատակեալ հոգեւորականաց յուշապատը: Գովարժան է մեծանուն հայորդու տասնամեակների մանկավարժական բեղուն գործունէութիւնը: Նրա ոգու եւ շնչի ներքոյ ճարտարապետների նոր սերունդներ են կրթուել, ովքեր շարունակելու են լուսահոգի Ջիմ Թորոսեանի աւանդներով ստեղծագործել ու արարել` ի շինութիւն մեր հայրենի երկրի:
Ջիմ Թորոսեանը ճարտարապետական իր մեծ աւանդի ու վաստակի համար արդարօրէն արժանացել է բազմաթիւ պարգեւների: Անուանի ճարտարապետի կուրծքը զարդարել ենք նաեւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատուոյ բարձր շքանշանով` ի գնահատութիւն նրա գովարժան ներդրումի` որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի ատենապետ, եւ հայ մշակոյթին ու ճարտարապետութեանը մատուցած երախտարժան ծառայութիւնների համար:
Ցաւալի կորստի այս պահին ի խորոց սրտի Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Ողորմածն Աստուած մեր ժողովրդի վաստակաշատ զաւակի հոգու հանգստութեան եւ խաղաղութեան համար եւ հայցում, որ Բարեգութ Տէրը երկնից լուսեղէն խորաններում ընդունի անմահ հոգին նորոգ հանգուցեալ սիրելի Ջիմ Թորոսեանի: Եւ թող մխիթարիչ Սուրբ Հոգին սփոփի վշտացեալ սրտերը սգակիր Թորոսեան ընտանիքի անդամների, հարազատների եւ մտերիմների:
Խունկ, աղօթք եւ օրհնութիւն լուսահոգի Ջիմ Թորոսեանի պայծառ յիշատակին», – ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ