Սիլվա Չաքմաքչեան. Աստղային Փայլքի Վարպետը

«Մարդ, Ընկեր, Բարերար, Գործարար կին շրջապատն այսպէս է ընկալում Սիլվա Չաքմաքչեանին, ով իր կեանքով ու գործունէութեամբ է վաստակել այս վեհ կոչումները»:

Շեր, Դայանա Ռոս, Դոլի Փարթոն, Ջենիֆեր Լոպես, Մայքլ եւ Ջանեթ Ջեքսոններ, Ռիհաննա, Ալիսան հրաշքների աշխարհում, «Օշենս Իլեւըն» (Oceans Eleven) հոլիվուդեան հարիւրաւոր յայտնի անուններ՝ դերասաններ, երգիչներ, արուեստագէտներ, ֆիլմեր, Լաս Վեգասեան ու ճամփորդական նաւերի շքեղ շոուներ այս բոլորը միաւորւում են Սիլվիաս Կոստիւմս (Silvia՛s Costumes) հագուստների պատրաստման սրահում: Հոլիվուդի սրտում գործող այս սրահը  շուրջ 30 տարի  ապահովում է ամերիկեան շոու բիզնեսի փայլքն ու շքեղութիւնը՝ հանդիսանալով ոլորտի հանրայայտ դիզայներների վստահելի ու լաւագոյն  գործընկերը, որոնց յաջողութեան առիւծի բաժինը ապահովում են Սիլվիաս Կոստիւմսի հմուտ դերձակները:

«Յաջողութիւնը հնարաւոր է դարձել անձնուէր աշխատանքի շնորհիւ», գործի կայացումն այսպէս է  մեկնաբանում  Սիլվիաս Կոստիւմսի հիմնադիր ու տնօրէն Սիլվա Չաքմաքչեանը:

Տիկին Սիլվայի հետ հանդիպումս նրա «բազմագոյն ու  բազմաձեւ արուեստանոցում» էր, որտեղից էլ սկսւում է ամերիկեան աստղային փայլքը: Սրահում շրջելիս համակւում ես գեղեցիկի աննկարագրելի զգացումով. բազմաթիւ  ոճերի հագուստներ՝ դասականից ժամանակակից, սպորտային, ու երեկոյեան, եւ նրանցից իւրաքանչիւրն իր պատմութիւնն ունի:
Այցելութեանս պահին, տիկին Սիլվայի ղեկավարութեամբ սրահի դերձակները, ամերիկացի դիզայների հետ միասին, աշխատում էին հերթական աստղային պատուէրի, այս անգամ՝ հոլիվուդեան յայտնի դերասան Ուիլ Սմիթի դստեր շոու ծրագրի համար:

«Սիլվիաս Կոստիւմսի արտադրանքը լաւագոյններից է, եւ եթէ յաւելեմ Սիլվայի շնորհիւ այս սրահում ստեղծուած ջերմ մթնոլորտը՝ կարող եմ համարձակօրէն փաստել, որ սա ոլորտի դիզայներների ամենասիրելի վայրերից է», խոստովանում է հոլիվուդեան դիզայներ Հիլարի Օլսը:

Սիլվա Չաքմաքչեանն իր ուղին ընտրել է պատահաբար՝ ընկերոջն օգնելու արդիւնքում.

ԱՄԵՐԻԿԱ

Սիլվա Չաքմաքչեանը ծնուել է Լիբանանում, մանկութիւնն անցկացրել Հայաստանում մինչ 1967 թուականը, երբ ընտանիքով տեղափոխւում են Միացեալ Նահանգներ: Սիլվան արագօրէն յարմարւում է նոր իրականութեանը, որտեղ, ըստ նրա աշխատասէր մարդու համար ստեղծուած էին յաջողութեան հասնելու բոլոր պայմանները: Իր առաջին աշխատավայրում՝ Bank of America, Սիլվային խոստումնալից ապագայ էր սպասւում, սակայն մարդկանց անձնուիրաբար օգնելու նրա պատրաստակամութիւնը փոխում է նրա կեանքի ուղին:
«Հայ ընկերներիցս մէկը վերջապէս աշխատանքի առաջարկ էր ստացել, սակայն անգլերէնի հետ խնդիր ունէր: Որոշեցի օգնել նրան յաղթահարելու այդ խնդիրը եւ թողնելով բանկիս աշխատանքը միացայ նրան», դէպի նոր աշխարհ իր պատմութիւնը յիշում է տիկին Սիլվան:

Նա տարւում  է հագուստի ստեղծման սրահում ստեղծագործական բնոյթի նոր աշխատանքով, ինչն էլ որոշում է Սիլվա Չաքմաքչեանի ապագան: Շուտով, նա աշխատանքի առաջարկ է ստանում թատերական խոշոր կազմակերպութիւններից մէկում՝ Center Theatre Group-ում, որպէս հագուստի սրահի ղեկավար: Աշխատանքային ձեռքբերումներից ոգեւորուած Սիլվա Չաքմաքչեանը որոշում է ստեղծել սեփական գործը:

1979 թուականին Սիլվիաս Կոստիւմսն իր յաղթարշաւն է սկսում շոու բիզնեսում մեծ մրցակցութիւն ունեցող այս ոլորտում:

«Հանրայայտ դիզայներների հետ համագործակցութիւնների արդիւնքում սկսեցինք հագուստներ պատրաստել հոլիվուդեան աստղերի համար, որոնց թիւն այժմ անհաշուելի է», նշում է Սիլվա Չաքմաքչեանը:

Ժամանակի ընթացքում Սիլվիաս Կոստիւմսի յաճախորդների ցանկն ընդլայնւում է՝ ներգրաւուելով թատրոնի, կինոյի, հեռուստատեսութեան ոլորտները, Լաս Վեգասի շքեղ ու հանրայայտ շոուները (Jubilee, O), նաւային ճամփորդութիւնների ներկայացումները (Princess Cruises, Holland American Cruises, Royal Carribean Cruises), յայտնի մոդելային տներ (Polo Ralph Lauren) (Nike), հեղինակաւոր մրցանակաբաշխութիւններ (MTV Awards).

«Յաճախորդների հետ ազնուութիւն, ճշդապահութիւն, անձնուէր աշխատանք,  այս յատկանիշներն են ոլորտում յաջողութեան հասնելու նախապայմանները», նշում է Սիլվա Չաքմաքչեանը: Նրա  այս յատկանիշները բարձր են գնահատում գործընկերները, որոնցից շատերը  համագործակցութեան արդիւնքում այնուհետեւ բարեկամանում են տիկին Սիլվայի հետ:

«Սիլվան ոչ միայն իմ սիրելի ընկերն է, նաեւ՝ ինձ հանդիպած մարդկանցից ամենաբացառիկը: Յաղթահարելով հսկայական դժ-ուարութիւններ, նա կարողացել է իրականացնել լեգենդար գործունէութիւն դիզայնի ու կարի աշխարհում՝ իր բնական ունակութիւններով ու ձեռներէցի տաղանդով յաջողելով իր բոլոր նախաձեռնութիւններում», Սիլվա Չաքմաքչեանի մասին գրում է ամերիկեան կինոյի դերասանուհիներից Իւետ Միմիոն:

Սիլվիաս Կոստիւմսի կայացումը մեծապէս պայմանաւորուած է սրահի հմուտ դերձակների աշխատանքով, նշում է տիկին Սիլվան՝ իւրաքանչիւր աշխատակցին համարելով իրեն հարազատ:

«Սրահում հաւաքուել են տարբեր երկրների հայեր՝ ստեղծելով իւրատեսակ կոլորիտ, մի մեծ հայկական ընտանիք, որի կարգախօսը սէրն ու համերաշխութիւնն է», փաստում է  սրահի տիրուհին՝ ընդգծելով աշխատակիցների հաւատարմութիւնն ու նուիրուածութիւնը եւ նշելով իր գործընկեր ու բարեկամ Յասմիկ Եալենեանի մասին, ով իր հետ է եղել գործունէութեան ողջ ընթաքցում:

ԻՆՔՆՈՒԹԻՒՆ

Սիլվա Չաքմաքչեանի ծանրաբեռնուած աշխատանքը մեծ մրցակցութիւն ունեցող ոլորտում երբեւէ չի խանգարել նրան մեծապէս ներգրաւուած լինելու հայ համայնքի կեանքում: Սիլվա Չաքմաքչեանը մշտապէս բարոյական եւ նիւթական աջակցութիւն է ցուցաբերում բոլոր հայկական կազմակերպութիւններին, հայ եկեղեցիներին, իրեն դիմած իւրաքանչիւր անհատի: Հայ քրիստոնեային վայել, տիկին Սիլվան երբեք  չի բարձրաձայնել իր անհամար բարեգործութիւնների մասին եւ միայն ընկերներն են երբեմն յիշատակում դրանք. Փետրուարի 26ին ներկայ  էի ՀՕՄի «Սիփան» մասնաճիւղի կազմակերպած նորաձեւութեան ցուցադրութեանը, որի գլխաւոր հովանաւորներից մէկը Սիլվա Չաքմաքչեանն էր:

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ ՀԱՍԱԿՍ ԾԱՂԿՈՒՄ Է

Սիլվա Չաքմաքչեանն անմասն չէ նաեւ հայրենիքի զարգացման գործում: Հայաստանի անկախացումից յետոյ, 90ականների սկզբին նա շտապում է հայրենիք՝ այնտեղ ստեղծելով կարուձեւի սրահ, հագուստի խանութ՝ ստեղծելով հարիւրաւոր աշխատատեղեր: Տնտեսական դաշտի անկայունութեան պատճառով սակայն,  հայաստանեան գործունէութիւնը չի շարունակւում, բայց տիկին Սիլվան գտնում է հայրենակիցներին օգտակար լինելու այլ ձեւ: 2009 թուականին նա հիմնադրում է Գառնի բարեգործական կազմակերպութիւնը, որ  ստեղծման կարճ ժամանակահատուածում հասցրել է մեծ քանակութեամբ հագուստ առաքել հայ կարիքաւոր ընտանիքներին, անհատներին՝ Հայ աւետարանչական եկեղեցու(AMAA), Առաքելութիւն Հայաստանին (Mission Armenia) կազմակերպութիւնների միջոցով:

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՒ ՍՏԵՂԾԵԼՈՒ
ՈՒԺԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՄ
ԸՆՏԱՆԻՔԻՑՍ

Աշխատանքում արձանագրելով աննախադէպ յաջողութիւններ, Սիլվա Չաքմաքչեանը երբեք գործը չի գերադասել ընտանիքից:

«Շնորհակալ եմ ծնողներիս, որ փոխանցել  են կեանքի բանաձեւը, սովորեցրել աշխատելու արուեստը, ինչի արդիւնքում կերտել եմ իմ պատմութիւնը, ստեղծել իմ ընտանիքը», նշում է տիկին Սիլվան: Նա իր երկու զաւակներին հայեցի է մեծացրել՝ նաեւ փոխանցելով համամարդկային արժէքները:

«Որդիս ու դուստրս, նաեւ չորս թոռնիկներս հպարտ են իրենց հայկական ինքնութեամբ, միաժամանակ Ամերիկայի արժանի քաղաքացիներ են», ուրախութեամբ փաստում է գեղեցիկ ընտանիքի մայրն ու տատիկը:
«Հոյակապ պաշտօն է մարդ լինելն աշխարհում: Դու հիանալի ես «պաշտօնավարում: Թանկագին Սիլվա, Քեզ սիրում են շրջապատում, հեռաւոր Լոս Անջելեսում եւ Հայաստանում: Դու քո վարքագծով, կեցուածքով, անզուգական կազմակերպչական շնորհքով, մարդկային պարզ ու անմիջական բնաւորութեամբ, անցած ուղիով, սկզբունքային վարքով ու բարքով արժանի ես ընդօրինակման, յատկապէս երիտասարդութեան համար», նշուած է  ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի՝ Սիլվա Չաքմաքչեանին  ուղղուած նամակում:

«Եթէ կա՛յ ցանկութիւն, ստեղծւում է նաեւ ճանապարհ, փակուղիներ չկան, միշտ հնարաւոր է ելք գտնել», այսպիսին է կայացած հայ կնոջ պատգամը, որ իր օրինակով է հաստատում խօսքը.

Յ.Գ. Բիզնեսում յաջողութիւնների եւ համայնքում ու հայրենիքում իր ներդրումների համար, Հայ-ամերիկեան առեւտրի պալատը Սիլվա Չաքմաքչեանին արժանացրել է «բիզնեսում Լաւագոյն կին» կոչմանը: Մրցանակը կը տրուի Մարտի 26ին նախատեսուած հանդիսաւոր երեկոյի ժամանակ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Scroll Up