Նիկոլ Փաշինեանի Եւ Բակօ Սահակեանի Համանախագահութեամբ Տեղի Ունեցած Է Հայաստանի Եւ Արցախի Անվտանգութեան Խորհուրդներու Համատեղ Նիստ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի համանախագահութեամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացում ներկայ իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգուած գործողութիւնների ուրուագծմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդէս են եկել ելոյթներով:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան –
Արցախի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ,
Յարգելի գործընկերներ,

Թոյլ տուէք ողջունել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադէպ իրադարձութիւն է մեր հանրապետութիւնների գոյութեան ողջ ընթացքում: Այս իրադարձութիւնն ունի շատ խորհրդանշական եւ միւս կողմից` շատ կոնկրէտ իմաստ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան յարաբերութիւնները թեւակոխում են որակապես մի նոր փուլ: Թէ առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերեւս մեր այսօրուայ քննարկման կարեւորագոյն թեմաներից է:
յարգելի գործընկերներ,

2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւններից յետոյ սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետութիւն, եւ ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրութիւններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել` Արցախի Հանրապետութեան սուբյեկտութեան մակարդակը բարձրացնելու եւ արցախեան հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացում Արցախի` որպէս հակամարտութեան հիմնական կողմի ներգրաւուածութեանն ուղղուած քայլեր անելու համար: Սրանք կէտեր են, որոնք առանցքային նշանակութիւն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը եւ ես` որպէս ժողովրդի վստահութեան քուէն ստացած վարչապետ, ըստ այդմ հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղութեամբ, եւ այս հարցը եղել եւ շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարեւորագոյն կէտերից մէկը: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրաւուածութիւնը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճոյք չէ, ոչ էլ առաւել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցում առանցքային նշանակութիւն ունի Արցախի ներգրաւուածութիւնը:

Այս դիրքորոշումն արտայայտում է մեր յարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի եւ նրա իրաւունքների, այլեւ բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետեւ մենք իրապէս շահագրգիռ ենք եւ ուզում ենք հասնել հարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը եւ հաւատում ենք բանակցային գործընթացին, որի արդիւնաւէտութիւնը մեզ համար կարեւորագոյն առաջնահերթութիւն է, իսկ բանակցային գործընթացի արդիւնաւէտութեան առումով այս հարցը, ինչպէս նշեցի, առանցքային նշանակութիւն ունի:

Բանակցութիւնների մինչեւ այժմ յայտնի շրջանակը, ըստ էութեան, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մէկից: Այդ բանակցութիւններում ներկայացուած է Ադրբեջանը` ի դէմս նախագահ Ալիեւի: Վերջինս, ի դէպ, ներկայացնում է նաեւ, ինչպէս ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետեւ այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրութիւններին եւ, հետեւաբար, Ադրբեջանի նախագահին տուել են նաեւ իրենց ներկայացնելու լիազօրութիւն, հետեւաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայութիւնն ապահովում է նաեւ ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայութիւնը:

Այդ բանակցութիւններում ներկայացուած է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը` ի դէմս երկրի վարչապետի, որը տուեալ դէպքում հանդէս է գալիս որպէս Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի կողմից ընտրուած ներկայացուցիչ: Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդը նոյնպէս ներկայացուած է բանակցային գործընթացում:

Ի դէմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան` բանակցային գործընթացում ներկայացուած է նաեւ միջազգային հանրութիւնը: Այս ամէնը, ի հարկէ, լաւ է ու չափազանց կարեւոր, եւ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են եւ ներդնում են կարգաւորման գործընթացում: Բայց գլխաւոր հարցը հետեւեալն է` իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպէս որոշ դէպքերում ասւում է, Ղարաբաղի հայութեանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազօրութիւն, լեգիտիմութիւն ունեցող որեւէ ներկայացուցիչ չկայ, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ ներկայ չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպէս մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայութեան քուէն, լիազօրութիւնն ստացած որեւէ սուբյեկտ:
Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազօրութիւն կատարել` այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրութիւններին չի մասնակցում, չի քուէարկում եւ, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազօրութիւն ունեցող անձանց շրջանակի մէջ: Եւ սա ոչ թէ քմահաճոյքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմութեան հարց է, իսկ լեգիտիմութիւնը ժամանակակից յարաբերութիւնների առանցքային գործօն է` ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջպետական եւ միջազգային յարաբերութիւեւններում:

Ի դէպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանութիւնները, թէ Հայաստանի Հանրապետութիւնը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թօթափում են պատասխանատուութիւնը եւ այն դնում են Արցախի իշխանութեան կամ ժողովրդի վրայ: Որեւէ շահարկման տեղ չթողնելու համար Հարկ եմ համարում ընդգծել` Հայաստանի Հանրապետութիւնը եղել է, կայ եւ կը մնայ Արցախի անվտանգութեան թիւ մէկ երաշխաւորը եւ կը շարունակի իր ներգրաւուածութիւնը խաղաղութեան գործընթացում:

Յաջորդ կարեւորագոյն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետեւեալն է` իսկ Հայաստանի կառավարութիւն ընդունո՞ւմ է արդեօք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշուող 3 սկզբունքները եւ 6 տարրերը` որպէս բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապէս կարեւորագոյն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ու՞մն է դրանք մեկնաբանելու իրաւունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպէս այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, ի հարկէ, կարող ենք հանդէս գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանութեամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թէ լեզուակռիւն է, այլ արդիւնաւէտ բանակցային գործընթացը: Եւ հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պէտք է դառնան տարընթերցումների տեղիք չտուող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկուած սկզբունքները, տարրերը, ինչպէս արդէն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանութիւնների տեղիք են տուել, եւ հետեւաբար, առաջիկայ բանակցային գործընթացի կարեւորագոյն նպատակը պէտք է լինի այսպէս ասած հիմնական հասկացութիւնների` 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խօսակցութեան:

Յաջորդ կարեւորագոյն խնդիրը ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը չի կարող լինել բանակցութիւններում ներգրաւուած կառավարութիւններից որեւէ մէկի առանձին խնդիրը, եւ դա համատեղ աշխատանք է: Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրութեանը խաղաղութեան նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի իշխանութիւնների մասնակցութեամբ պէտք է տեղի ունենայ: Հէնց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդէս գալ մեր իրականութեան համար, ըստ էութեան, աննախադէպ մի յայտարարութեամբ` ասելով, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղութեան նախապատրաստելու գործում: Ցաւօք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժէք յայտարարութիւններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան` պատրաստ եմ շարունակել երկխօսութիւնը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզուած եմ` Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասէր է նոյնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը:

Շնորհակալութիւն, յարգելի գործընկերներ, այժմ կարող ենք անցնել մեր օրակարգային հարցերին»:

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան-
«Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ վարչապետ,
անվտանգութեան խորհրդի համատեղ նիստի յարգելի մասնակիցներ,

Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետութիւնների, ասել է թէ` մեր հայրենիքի համար կարեւորագոյն եւ առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Այս ընթացքում մենք միջանկեալ բազմաթիւ եւ բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով: Մեր ոլորտների, մեր գերատեսչութիւնների, մեր նախարարութիւնների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, եւ այդ հանդիպումների ընթացքում ծնուել է այդ գաղափարը` հրաւիրելու Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ:

Մենք նաեւ այս ընթացքում կարեւորել ենք, որ անհրաժեշտութիւն ունենք համազգային օրակարգ ունենալու, եւ ես աւելի քան համոզուած եմ, որ այսօրուայ մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձեւաւորմանը: Ինչպէս այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաեւ այդ ազգային օրակարգում դասակարգուած մեր առաջադրանքները: Եւ կարծում եմ` բոլորդ համամիտ կը լինէք, որ եղել է, կայ եւ վաղն էլ կը մնայ մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը, եւ այսօրուայ համատեղ նիստի ընթացքում մենք հնարաւորութիւն կ’ունենանք նաեւ անդրադառնալու, թէ ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղութեամբ քննարկումներն ինչպէս են ընթանում:

Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, եւ ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպէսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների եւ քննարկումների մասին: Ես կը տամ լրացուցիչ տեղեկութիւններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բնական է` խօսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպէս նաեւ բանակցային գործընթացի մասին: Եւ այսօրուայ այս իւրայատուկ խորհրդի նիստը հնարաւորութիւն կը տայ` անդրադառնալ մեր տնտեսութեան խնդիրներին, մեր հանրային կեանքում տեղ գտած զարգացումներին եւ կը նախանշենք յաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կը բարձրացնեն մեր երկրի անվտանգութեան աստիճանը եւ կը նպաստեն ընդհանրապէս մեր հայրենիքի հզօրացմանն ու շէնացմանը:

Ողջունում եմ այս նախաձեռնութիւնը եւ համոզմունք եմ յայտնում, որ այսօրուայ մեր համատեղ նիստը նպաստաւոր պայմաններ է ստեղծելու այդ նշուած ուղղութիւններով յաջողուած աշխատանքներ կատարելուն:

Շնորակալութիւն»:

Քննարկումների արդիւնքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների անդամների կողմից գնահատուել է Արցախի անվտանգութեան համակարգը եւ վերահաստատուել է, որ պաշտպանութեան ապահովման կարողութիւնները երաշխաւորուած են եւ գտնւում են բարձր մակարդակի վրայ: Միեւնոյն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցութիւնը եւ յանձնառութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ հիմնահարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը` հիմնուած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների, մասնաւորապէս, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրագործման վրայ:

Համատեղ նիստի շրջանակում ընդգծուել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգութեան ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայութիւններ: Կարեւորուել է խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորումը, ռիսկերի նուազեցման եւ միջադէպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահութեան ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպէս դա ամրագրուել է Դուշանբէի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում:

.

Scroll Up