Բանաստեղծ Գրիշ Դաւթեանի Երկու Գրքերի Ներկայացում

Ասպարէզ- Ուրախութեամբ եմ ընդառաջում, երբ հրաւիրւում եմ գրքի ներկայացման հանդիսութեան: Գրքի աշխարհը անեզր է անգին գանձերով ընդելուզուած: Ով գրքի ճամբով է գնացել, նա է իմացել գրքի արժանիքը եւ նրա միջոցով իմաստաւորել է կեանքը: Գիրքը գիտուն մարդու մտքի, ուղեղի արգասիքն է, գիշերները լուսացնող գրողի սրտի եւ հոգու անբիծ զգացումների բխումն է:

Յաճախ լսում ենք, թէ մարդիկ գիրք չեն կարդում, նոր գրքեր քիչ են գրւում, նրանք ասում են, որ համակարգիչը ամէն տեսակ տեղեկութիւններ փոխանցում է մարդուն: Հասկանալի է, որ համակարգչի կայսրութիւնը ամէն ինչ իրենով է արել: Գիրքը, սակայն,  երբ առնում ես քո ձեռքերում, շօշափում ես, նա մերւում է քո էութեան հետ, նոր հոգեվիճակ ու ներշնչանք է արթնացնում քո մէջ: Այս առիթով՝ գրքի մասին յիշենք երջանկայիշատակ Գարեգին Ա. կաթողիկոս Սարգսեանի մէկ ասոյթը.

«Գիրքը մի՛ արհամարէք»:

«Եթէ ձեզմէ մէկը գիրքը արհամարէ եւ հայ գիրքը անտեսէ, աւելի լաւ է, որ հայոց սա բարձրաբերձ լեռներու սեպ գագաթներէ ինքզինք վար նետէ դէպի անդնդախոր ձորերը եւ դառնայ ժայռերու կերակուր…»:

Փետրուարի 26, 2019թ. Երեքշաբթի օր, ներկայ եղայ նոր հրատարակուած երկու գրքերի շնորհանդէսին, որ կազմակերպուած էր գրքի Գլենդելի «Ապրիլ» գրախանութի «Թորոս Ռոսլին» ցուցասրահում:

Հանդէսի մեկնարկը կատարեց գրախանութի տնօրէն՝ Առնօ Երիցեանը, ասելով՝ «Ուրախ ենք ձեզ ներկայացնելու հեղինակ բանաստեղծ Գրիշ Դաւթեանի հրատարակած երկու հատորները՝ «Անձրեւ Է Գալիս» եւ «Ամերիկեան Թրթիռներ» գրքերը: Շատ ուրախ ենք, որ այսպիսի աշխուժ գրող ունենք մեր համայնքում»: Նա նաեւ որպէս հանդիսավար յաջորդաբար բեմ հրաւիրեց  գրքերը ներկայացնողներին:

Համայնքում ճանաչուած եւ սիրուած անձնաւորութիւն ու Armenian Observer  թերթի խմբագիր պրոֆ. Օշին Քէշիշեանը հանգամանալից ներկայացրեց Գրիշ Դաւթեանի կենսագրականը՝ անդրադառնալով նրա դերակատարութեանը ազգային-հասարակական, միութենական, խմբագրական, հրատարակչական եւ գրականութեան բնագաւառներում՝ Պարսկաստանում, Անգլիայում եւ ապա Լոս Անջելեսում, նա նաեւ նշեց  պարգեւատրումը ՀԳՄի կողմից եւ ամենայն հայոց կաթողիկոսից ստացած «Սահակ-Մեսրոպ» ոսկէ շքանշանները, յիշեց նաեւ Իտալիոյ Միլանօ քաղաքի միջազգային մրցոյթի առաջին դափնեկրի պատիւը: Օշին Քէշիշեանը այսպէս բնութագրեց Գրիշ Դաւթեանին՝ «Տարիներու փորձառութեամբ յագեցած տարբեր երկիրներու մշակոյթների բովէն անցած կեանքի հարուստ փորձ է կուտակել… այսպէս մշակուած եւ բազմազբաղ անձ մը ժամանակ գտած է նուիրումով տաս հատորներ հրատարակել 1964էն սկսեալ, մէկ հատորն ալ բանաստեղծութիւններու հաւաքածոյ՝ անգլերէնով»:  Քէշիշեանը նոր երկու հատորների մասին խօսելով եզրակացնում է՝ «Գ. Դաւթեանը աւելի խորացած է գաղափարական տուեալներու մէջ, հայրենասիրական երանգը ժամանակի հետ քայլ պահած է, սիրոյ ոլորտին մէջ աւելի անկեղծ եղած է անցեալը վերյիշելով»: Ինն էջերի մէջ ամփոփուած Օշին Քէշիշեանի խօսքը առանձին մի յօդուածի ատաղձ է:

Սրտի ջերմ խօսքով ելոյթ ունեցաւ գրող Ռուբէն Կորիւնը (Քէշիշեան), յիշենք մէկ հատուած նրա խօսքից. «Գ. Դաւթեանը հրատարակել է գրքե՛ր, որոնք ներկայացնում են հեղինակի սիրոյ աշխարհը, ջերմ զգացումները հայրենիքի, ազգի, գրականութեան եւ մշակոյթի հանդէպ: Գրքե՛ր, որոնք արտայայտում են հեղինակի յոյզերը, մտքերն ու մտորումները տարբեր երեւոյթների շուրջ: Գրքե՛ր, որոնք արտացոլում են ծննդավայր երկրի, հօրենական տան…ընտանեկան օջախի ջերմութիւնը…նա լաւապէս ըմբռնել է կեանքի իմաստը եւ հարազատօրէն շարադրել է իր մտքերը…»:

Ասմունքով ելոյթ ունեցաւ Այլին Քէշիշեանը. նա «Անձրեւ է գալիս» գրքից ապրումով ընթերցեց՝ «Հայոց պատմութիւն» քերթուածը:

Ամբիոն հրաւիրուեց ճանաչուած գրականագէտ եւ բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը՝ Գրիշ Դաւթեանի գրականութեան վերլուծականը ներկայացնելու համար:

«Ուրախալի օր է, որ անդրադառնում ենք մեր գրականութեան: Գրականութիւնը պիտի ունենայ իր հողը, իր հողի վրայ զարգանայ, սակայն այսպէս է եղել, որ աշխարհի տարբեր ծայրերում ենք ընկել եւ աւելի դժուար պայմաններում ստեղծում ենք գիր ու գրականութիւն: Այդ գործում անգերազանցելի է Գ. Դաւթեանի անձնական ներդրումը: Հայաստանում լոյս են տեսել այս երկու գրքերը, որոնք կը հաստատեն, որ իսկապէս Գ. Դաւթեանը արդէն ժամանակակից լաւագոյն բարձրարուեստ գրողների շարքին է պատկանում եւ լաւագոյն բանաստեղծներից է համարւում»: Այնուհետեւ Քրիստինեանը խօսքն ուղղելով մեծարեալին ասաց՝ « Ես շնորհաւորում եմ Գ. Դաւթեանին եւ ընդհանրապէս մեր ժամանակի այն մարդկանց, ովքեր զբաղւում են բանաստեղծութեամբ, ովքեր զգում են բանաստեղծութիւնը երաժշտութիւն է, նկարչութիւն է, մեր արուեստն է, որ ժողովրդին ճանաչել է տալիս աշխարհին եւ այդ աշխարհը պիտի հարստացնենք Գ. Դաւթեանի նման»:

Սրտի խօսք ասաց Գրիշ Դաւթեանի որդին՝ Հարմա Դաւթեանը:

Հանդիսավարի միջոցաւ ամբիոն է հրաւիրւում մեծարեալ Գ. Դաւթեանը, նա յուզուած էր այդ բոլոր մեծարանքի եւ գնահատանքի արտայայտութիւններից, ուրախ էր, որ մշակն արժանանում է գնահատանքի՝ տարիների իր կատարած ազգօգուտ եւ մշակութային աշխատանքների ու գրականութեան համար: Նա շնորհակալութեան խօսքը ուղղում է երեկոյի դերակատարներին եւ ներկաներին ասում է՝ «Խորապէս շնորհակալ եմ, ես գնահատանքով եմ վերաբերւում ձեր հանդէպ»: Նա շնորհակալութիւն յայտնեց կնոջ, աղջկան, փեսային, տղային եւ հարսին, որոնք միշտ աջակցել են իր ստեղծագործական աշխատանքին: Նա շարունակելով խօսքը ասաց. «Գրականութեան մասին ինչ որ ընկերները արտայայտուեցին ես իսկապէս շնորհակալ եմ, որով ինձ հարկադրանքի տակ են դնում առաւել պատասխանատու զգամ ինձ, որը լուրջ խնդիր է»: Սիրոյ մասին նա ասաց՝ « Հին աշխարհը սիրոյ շնորհիւ է այսօրուայ աշխարհը դարձել, առանց սիրոյ կեանքը դժոխք է, իմ գրականութիւնը կառուցուած է սիրոյ վրայ, ես սիրերգակ եմ եւ ոչ այլ բան»:

Իր խօսքի աւարտին նա ընթերցեց «Գինեձօն» խորագրով իր գողտրիկ բանաստեղծութիւնը:

Երեկոյթի աւարտին պատրաստուել էր համեստ ընդունելութիւն:

Ռ. ԿՈՐԻՒՆ

Scroll Up