Ինչու է աղմկում Թամար Պօղոսեանը

Թամար Պօղոսեանն իմ լաւ բարեկամն է, անգամ` իմ լաւ ընկերը: Ես, աշխատելով «Օրինաց երկիր»  պաշտօնաթերթում որպէս գլխաւոր խմբագրի տեղակալ, ընդդիմանալով կուսակցութեան ներսում ձեւաւորուած հակապողոսեանական կեղտոտ խաղերին, առաջինն եմ մամուլում հանդէս եկել ի պաշտպանութիւն նրա, բարձրաձայնել այն մասին, որ յատկապէս կուսակցութեան մի շարք կին գործիչների նախաձեռնութեամբ արշաւանք էր սկսուել նրա դէմ, որ Թամար Պօղոսեանն ընդդիմանում էր կուսակցութեանը «մուծուելու» հրահանգին, չէր կամենում աշխատանքի ընդունել անգրագիտութեան մէջ թաղուած օեկական կադրերին, որոնց կամենում էր անգամ մշակոյթի ոլորտում ներդնել Արթուր Բաղդասարեանը:

Լրագրողի ու մշակոյթի գործչի անաչառութեամբ անդրադարձել եմ Թամար Պօղոսեանի գործունէութեանը` համոզուածօրէն պնդելով, որ մի շարք օեկական գործիչներ օգտագործում էին որոշ ծախու լրագրողների` Թամարին հեղինակազրկելու եւ նրա մասին զաւեշտախառն պատմութիւններ յօրինելու համար…

Մեծ եղաւ հիասթափութիւնս, երբ ականատեսը եղայ այն բանակռուի, որը սանձազերծել է Թամար Պօղոսեանը` ձգտելով պաշտպանել իրեն ու իր գլխաւորած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը` թաքցնելով հակաօրինական մի շարք քայլեր, որոնք ընդդիմանում են բանականութեանն ու տարրական պարկեշտութեանը: Այդ ամէնի բարձրակէտն վերջերս հրաւիրուած մամլոյ ասուլիսն էր, որը տխուր տպաւորութիւն թողեց, առաւելագոյնս հաստատեց այն միտքը, որ Թամար Պօղոսեանն իր պաշտօնավարման շրջանում իսկապէս թոյլ է տուել օրէնքի բազում խախտումներ եւ անասելի ընչասիրութիւն` յանուն իր ու իր հարազատների գրպանելով միլիոնաւոր դրամներ, կատարեալ խեղկատակութեան վերածելով մի հիմնադրամ, որը ոմանց համար,  յատկապէս վերջին տարում, դարձաւ ֆինանսաբեր հրաշալի երակ: «Մենք արդէն լուծարման եզրին ենք, բայց ես բարոյապէս ուզում եմ այս խնդիրը աւարտել, ինչքան որ ռեսուրս ունենք»,- հէնց հարցազրոյցի սկզբում յայտարարեց Թամար Պօղոսեանը` մեղադրելով ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին փողերի լուացման, ինքնուրոյն որոշումների կայացման մէջ` հերքելով նախարարութեան ներկայացրած բազմաթիւ մեղադրանքներ: «Սփիւռքի նախարարութիւնը 2009-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել կառավարութեան կողմից հաստատուած կանոնադրութեան խախտումով, հետեւաբար սփիւռքի նախարարի` հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը եւս կանոնադրութեան խախտում է»,- յայտարարեց Թամար Պօղոսեանը` այսպէս ձգտելով ծխածածկոյթի տակ առնել իր եւ հարազատների գրպանած միջոցների փաստը:

Ին՞չ խախտման մասին է խօսում Թ. Պօղոսեանը, երբ Հ. Յակոբեանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել մեր երկրում գործող օրէնքների համաձայն: «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը հիմնադրուել է ՀՀ կառավարութեան 14.04.2004 թ. թիւ 585Ն որոշմամբ, որով հաստատուել են հիմնադրամի կանոնադրութիւնը եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Նոյն որոշմամբ, ի կատարումն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրէնքի պահանջի, որպէս պետական կառավարման մարմին, սահմանուել է ՀՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը: ՀՀ կառավարութեան 03.06.2004 թ. թիւ 829Ն որոշմամբ փոփոխութիւններ են կատարուել նախորդ որոշման մէջ, այդ թւում` սահմանուել է հոգաբարձուների խորհրդի անդամների թուակազմը եւ անհատական կազմը:  Հաշուի առնելով այն հանգամանքը, որ հիմնադրամը գործել է մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան համակարգում, հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակուել փոխնախարար Կ’արինէ Խոդիկեանը: Այն բանից յետոյ, երբ հիմնադրամն անցել է սփիւռքի նախարարութեան ենթակայութեան ներքոյ, նախարար Հրանոյշ Յակոբեանը նշանակուել է հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ին՞չ խախտման մասին է յայտարարում Թամար Պօղոսեանը` խախտումը հիմնաւորող որեւէ փաստ չներկայացնելով: Քաղաքական պոպուլիզմը երբեմն դառնում է փրկարար օղակ, սակայն հազիւ թէ իրաւական դաշտում նոյն այդ պոպուլիզմն օգտակար լինի, եթէ չկան հիմնաւորումներ եւ փաստեր: Աւելին, բոլոր փաստերը խօսում են Թամար Պօղոսեանի դէմ` նրան դնելով անելանելի կացութեան առջեւ: Եւ սփիւռքի նախարարութեան ենթակայութեանն անցնելուց յետոյ էլ բացայայտուել են հիմնադրամի գործունէութեան ստուերային կողմերը, պետական միջոցների մսխումները:

Թամար Պօղոսեանն իր ասուլիսում չանդրադարձաւ այն փաստին, թէ այդ ո՞ր ամենօրեայ գործունէութեան համար է ամսական 80 հազար դրամ աշխատավարձ վճարել «ազգէ թերթի լրագրող Մարիետա Մակարեանին, երբ հիմնադրամի աշխատանքների լուսաբանմամբ զբաղւում են բոլոր լրատուամիջոցները, իսկ Մարիետա Մակարեանն էլ լուսաբանումների համար, ինչպէս բոլոր լրագրողները, աշխատավարձ է ստանում «Ազգ» թերթից: Նա նաեւ չխօսեց այն մասին, թէ ինչպէս է պատահել, որ հիմնադրամում ամենաբարձր աշխատավարձերը ստացել են ինքն ու գեղարուեստական ղեկավար Արմէն Մանուկեանը. «Տնօրէնի հրամանով առաւել բարձր աշխատավարձեր եւ հաւելավճարներ են ստացել տնօրէն Թամար Պօղոսեանը, գեղարուեստական ղեկավար Արմէն Մանուկեանը, աշխատակազմի ղեկավար, համատեղութեան կարգով գանձապահ Քնարիկ Պօղոսեանը (տնօրէնի քոյր) եւ արտաքին յարաբերութիւնների գծով գլխաւոր մասնագէտ Զարուհի Դադայեանը (տնօրէնի քրոջ աղջիկը)…»,- կարդում ենք ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայութեան տեղեկանքում: Նոյն այս տեղեկանքում նշւում է, որ Թ. Պօղոսեանը 2008 թ. որպէս աշխատավարձ ստացել է 2,5 մլն դրամ, հաւելավճար եւ պարգեւավճար` 2,1 մլն դրամ, 2009-ին աշխատավարձն ու հաւելավճարը միասին կազմել են 2.9 մլն դրամ, 2010-ի աշխատավարձը կազմել է 2.4 մլն դրամ, իսկ ընդամէնը 2010 թուականի յուլիսի 20-ից յուլիսի 28-ի համար Թ. Պօղոսեանն իրեն պարգեւատրել է 2.631.850 դրամով: Քնարիկ Պօղոսեանին 7 օրուայ համար վճարուել է 482 հազար 930 դրամ, Զարուհի Դադայեանին` 504 հազար 365 դրամ, Մարիետա Մակարեանին` 278 հազար 370 դրամ, գեղարուեստական ղեկավար Արմէն Մանուկեանի 2010 թուականի հաւելավճարը կազմել է 2 միլիոն 200 հազար դրամ…

Մեր երկրի նախագահը կարո՞ղ է մրցակցել Թամար Պօղոսեանի հետ, կարո՞ղ է ասել, թէ 7 օրուայ համար ինքը ստանում է 2 եւ կէս միլիոն դրամից աւելի: Չի կարող: Որովհետեւ Թամար Պօղոսեանի հաշուարկներն այլ են, որովհետեւ հիմնադրամը հանդիսացել է իր, քրոջ, նրա դստեր եւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը սեփական բոստանի վերածած Արմէն Մանուկեանի համար «կթու կ’ով»: Պետական միջոցներն այս մարդիկ տարիներ շարունակ մսխել են, հարստացել, իսկ այսօր, երբ վերահսկողութիւն է սահմանուել, առաջ են մղել Թամար Պօղոսեանին, որն էլ անջուր ջրաղացի նման աղմկում է` չհասկանալով, որ բոլոր հարուածները դէպի իրեն են գալիս:

Հիմնադրամը պետական կառոյց է, նրա միջոցները հաստատւում են պետութեան կողմից, ուրեմն` պետութիւնն էլ իրաւասու է վերահսկել եւ կանխել ապօրինութիւնները: Հիմնադրամը նաեւ պարտաւոր է զբաղուել ձեռնարկատիրական գործունէութեամբ, հայթայթել միջոցներ, մինչդեռ Թամար Պօղոսեանն ու իր «գրասենեակը» տաքուկ անկիւն են գտել ու վայելել` երբեք չմտածելով այն մասին, որ հարկաւոր է ոչ միայն վայելել պետութեան տուած գումարները, այլեւ սեփական գործարարութեան միջոցով աւելացնել այդ միջոցները: «Հիմնադրամը իր կանոնադրական գործառոյթները իրականացրել է մասնակիօրէն` միայն պետութեան կողմից նախատեսուած եւ ֆինանսաւորուած մշակութային միջոցառումների շրջանակներում: Հիմնադրամը իր միջոցառումները, այդ թւում աշխատակազմի պահպանման ծախսերը, ամբողջութեամբ իրականացրել է ՀՀ պետական բիւջէի միջոցների հաշուին: Չեն ձեռնարկուել հետեւողական, գործնական քայլեր հիմնադրամի գոյքի ձեւաւորման համար նախատեսուած աղբիւրներից միջոցներ հայթայթելու ուղղութեամբ, չեն զբաղուել թոյլատրուած ձեռնարկատիրական գործունէութեամբ, ինչը հնարաւորութիւն կը տար ստանալ եկամուտներ: Անթոյլատրելի է, որ հիմնադրամը սեփական նախաձեռնութեամբ եւ միջոցներով գրեթէ ոչինչ չի իրականացրել: Փաստօրէն, հիմնադրամը չի ծառայել իր բուն նպատակին եւ առաւելապէս կատարել է Պոակ-ին բնորոշ գործառոյթներ»,- կարդում ենք Տեղեկանքում: Այս ամէնի մասին, բնականաբար, Թամար Պօղոսեանն ասուլիսում չասաց: Չասաց նաեւ այն մասին, որ խախտելով հիմնադրամների գործունէութիւնը համակարգող օրէնսդրական ակտերը` ինքնուրոյնաբար կազմել է հաստիքացուցակը, որոշել աշխատավարձերը, ինքնուրոյնաբար հաստատել ու սկսել վճարել իր մտերիմներին:

Հրանտ Մաթեւոսեանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսներից մէկն ասում է. «Լաւ եմ արել, ինքս ինձ պարգեւատրել եմ»: Բայց հազիւ թէ պետական հիմնադրամի տնօրէնն իրաւունք ունէր խեղճուկրակ լօռեցի հովուի հոգեբանութեամբ աշխատել, քանի որ պատասխանատու է օրէնքի ու բիւջէի առջեւ: Ասուլիսի ժամանակ Թամար Պօղոսեանն անընդհատ շեշտում էր, որ Հրանոյշ Յակոբեանի «կամայականութեան հետեւանքով» հիմնադրամին յատկացուած 18 միլիոն դրամն ուղղորդուել է այլ ծրագրերի: Ընդորում, այդ ծրագրերի իրականացնողները հոգաբարձուների խորհրդի անդամներ են:

Վարչապետի վերահսկողական ծառայութիւնը պարզել է. «Անհրաժեշտ է նշել, որ հոգաբարձուների խորհրդի եւ հիմնադրամի տնօրէնի միջեւ առկայ են լուրջ տարաձայնութիւններ, անառողջ է բարոյահոգեբանական մթնոլորտը, որը խոչընդոտում է բնականոն աշխատանքներին: Անընդունելի է գործադիր տնօրէնի կողմից խորհրդի ընդունած որոշումների չկատարումը եւ դրանց նկատմամբ անյարգալից վերաբերմունքը, ինչպէս նաեւ բիւջետային միջոցների խնայողաբար եւ արդիւնաւէտ օգտագործելու համար խորհրդի կողմից ձեռնարկած միջոցառումները անհիմն ձգձգելու եւ չկատարելու փաստը: Երեւոյթը փաստում է, որ գործադիր տնօրէնը չի պատկերացնում հիմնադրամի կանոնադրային գործառոյթների նպատակը եւ հնարաւորութիւնները, այն է` ոչ բիւջետային միջոցներով մշակութային ծրագրերի եւ հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերի ապահովումը, այլ փորձում է ձեւաւորուած` պետական բիւջետային միջոցների հաշուին գոյատեւելու պրակտիկան շարունակելը»: Այս մասին էլ է լռում Թամար Պօղոսեանը: Լռում է, սակայն յարձակման թիրախ է դարձնում սփիւռքի նախարարին` չհասկանալով, որ նման ձախաւեր գործունէութեան եւ պետական միջոցների անպտուղ օգտագործման համար կարող է կանգնել դատարանի առջեւ… Աւելին, ստիպուած է լինելու իր հարազատների, գեղարուեստական ղեկավար Արմէն Մանուկեանի եւ լրագրող Մարիետա Մակարեանի հետ վերադարձնելու պետութիւնից շորթուած միջոցները…

Այսքանից յետոյ, իսկապէս, ինչու՞ է աղմկում Թամար Պօղոսեանը, ինչու՞ է պարտադրում սեւեռուն ուշադրութիւն դարձնել իր գործունէութեանն ու հրապարակ հանել փաստեր, որոնց մասին տեւական ժամանակ բոլորը լռել են` հաշուի առնելով, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթն» այնուհանդերձ, ինչ-որ ազգօգուտ գործ կատարում է: Պարզապէս` ինչ-որ… Քանի որ շատ յաճախ հէնց հիմնադրամը ի յայտ է բերում սփիւռքը վարկաբեկող որակներ, սեպ խրում հայրենիքի ու սփիւռքի միջեւ…

Լեւոն ՄՈՒԹԱՖԵԱՆ

Յետգրութիւն. Մենք բաւարարուեցինք մի քանի «երեւացող» փաստերի հրապարակմամբ: Եթէ Թամար Պօղոսեանը շարունակի աղմկել, պատրաստ ենք այլ փաստեր եւս հրապարակել` ամբողջապէս բացայայտելով նրա ու հիմնադրամի գործունէութիւնը, երեւան բերել բազմաթիւ խախտումներ եւ աղաղակող իրողութիւններ: Մենք պատրաստ ենք:

Scroll Up