Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միութեան անդամներին
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միութեան անդամներին՝ գլխաւորութեամբ միութեան նախագահ Մուրադ Աքիւզի եւ ուղեկցութեամբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանի եւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանի:
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին Սրբութեանը ներկայացնելով միութեան անդամներին եւ նրանց բարեսիրական գործունէութիւնը, հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնը:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց միութեան ակտիւ մասնակցութիւնն ու ներդրումը Գերմանիայի հայ համայնքի ազգային-հոգեւոր կեանքի զօրացման գործում: Վեհափառ Հայրապետը փաստեց միութեան կողմից Մայր Աթոռին ցուցաբերուող զօրակցութիւնը, ինչպէս նաեւ շարունակական աջակցութիւնը Գեւորգեան ճեմարանին եւ ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետին: Նորին Սրբութիւնը մասնաւոր իր գնահատանքը յայտնեց միութեան նախագահին եւ անդամներին Հայաստանում եւ Արցախում իրականացուող սոցիալական եւ կրթական բարեգործական ծրագրերի համար:
Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանօրէն ներկայացնելով իրենց ծրագրերը, հաւաստիացրեցին, որ մշտապէս կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի եւ հայ ժողովրդի կողքին:
Վերջում Նորին Սրբութիւնը հիւրերին մաղթեց Աստծոյ օգնականութիւնն ու պահպանութիւնը իրենց աստուածահաճոյ առաքելութեան իրականացման գործում: