Մուտք… ԴԷՊԻ ԱՇԽԱՐՀ

Ազգային թատերգութիւնն իրապէս ինքնատիպ ու հետաքրքիր կերպարանափոխումների ծիրում է յայտնուել` իր միջոցով արտացոլելով  նորահաստատումների այն ընթացքը, որն իր ներկայութիւնն է ամրապնդել համաշխարհային դրամայում:

Ձեւի ու բովանդակութեան, ֆաբուլայի ու դիպաշարի, արտայայտչական համակարգերի եւ դրամատիկական կոմպոզիցիայի կառուցումների, կերպարաստեղծումների եւ այդ կերպարների շրջագծերում իրապաշտականի տրոհումների եւ աւերումների, աբստրահարման ու սիւրռէալիստական ընդգծումների ձեւաւորման գործընթացն արդէն իսկ վկայութիւնն է այն բանի, որ ազգային թատերգութիւնը, իւրովի յենուելով բանաստեղծական-դրամատիկական կուտակումների վրայ, հասնում է նոր ու ուշագրաւ գեղարուեստական յայտնութիւնների եւ փորձարարական միտումների գոյաւորման` այսպէս շարժման ու նորացման փիլիսոփայութիւնը հռչակելով գերակայ, այսպէս հեռանալով աւանդական կարծրատիպերից, դրամայի մասին ձեւաւորուած չարչրկուած ընկալումներից:

Ասուածի լաւագոյն արտայայտութիւններից է Բէյրութում ծնուած ու մեծացած, իսկ այսօր արդէն հայաստանեան իրականութեան մէջ սեփական հանգրուանը հիւսած Սեւակ Արծրունու «մահալեռան խորշերըէ դրամատիկական երկը, որում աւանդոյթն ու նորարարութիւնը մէկտեղուել-միաձուլուել են, որում անսպասելիօրէն ի յայտ են եկել նոր միտումներ` ընդլայնելու դրամայի գաղափարական եւ արտայայտչական տիրոյթները, հաստատելու պոստմոդեռնիզմի եւ աբստրակտի ներթափանցման եւ միահիւսման ուշագրաւ քայլերը: Սեւակ Արծրունին նոր անուն է գրականութեան մէջ, առաջին անգամ է տպագրուած գրքով ներկայանում հանրութեանը, սակայն գրականութիւնը եւ մասնաւորաբար թատերական գրականութիւնը նրա համար նոր ու անսպասելի չէ: Մեծացել է բէյրութահայ ականաւոր թատերագիր եւ հրապարակախօս, արձակագիր Արա Արծրունու ընտանիքում: Արա Արծրունին այն բացառիկ թատերագիրներից մէկն է մեզանում, ով մեր դրամայի տիրոյթում վճռական դարձրեց «աբսուրդի դրամայի» ներկայութիւնը` շատ յաճախ նորացնելով եւ գեղարուեստական նոր ընթացք յուշելով 20-րդ դարի համաշխարհային թատերգութեան կարեւոր հանգրուաններից մէկին: Սեւակ Արծրունին իր սեւեռումներով եւ դրամայի նկատմամբ ունեցած վերաբերմունքով տարբերւում է Արա Արծրունուց. նա ընտրում է բանաստեղծական-միֆականի ներկայութեան ձեւը, դրամայի մէջ առաջնային դարձնում ասքի սկզբունքը, սակայն ասքն ու պատմական նախասկիզբը նրա համար միջոց են` արդիականութիւնն ու պատմութիւնը միաւորելու, պատմական արքետիպերի արդիական դրսեւորումները ներկայացնելու համար:

Սեւակ Արծրունին իր դրամատիկական պօէմը կառուցել է արտաքուստ աւանդական թուացող դրամա-երկխօսութեան սկզբունքի վրայ, հերոս ընտրել Արտաւազդ արքային, ով վաղուց արդէն ներկայանում է վերացական-միթոլոգիականի սահմաններում` մեր դիցաբանութեան եւ գրականութեան մէջ ընկալուելով որպէս յաւէրժական շղթայուած, ում կերպարն ու թեման հետաքրքրել են շատ բանաստեղծների ու գրողների` առաւել ցայտուն շօշափումների հասնելով Լեւոն Շանթի «շղթայուածը» դրամայում: Սակայն Սեւակ Արծրունին բնաւ էլ միտում չի ունեցել կենտրոնանալու պատմական-միթոլոգիական կերպարի վրայ, պատկերելու Արտաւազդի տուայտանքներն ու տառապանքները. Արտաւազդը Սեւակ Արծրունու ստեղծագործութեան մէջ բեւեռացուած, խորհրդանիշի արժէք ստացած այն կերպարն է, որը մտորում ու խորհում է, կռւում ու ստամբակում է, ով ձեւաւորում է գաղափարական կոնֆլիկտի մի առանցքը` այսպէս հնարաւորութիւն տալով զօրեղանալու իր հակատիպին` Կնոջը, ով այստեղ ներկայի ու պատմութեան ձայնն է, այն իւրատեսակ դատաւորը, ով ոչ թէ դատավճիռներ է կարդում, այլ հակադրութիւնների միջոցով ձեւաւորում է բախման փիլիսոփայութիւնը:

Աւանդոյթը, որն այս դէպքում հանդէս է գալիս որպէս ուրոյն գեղարուեստական կաղապար, ամփոփուած է ստեղծագործութեան բանաստեղծական կառոյցի մէջ` այսպէս ներկա-շօշափելի դարձնելով դրամայի նախնական պատկերացումը, այսպէս այս ստեղծագործութիւնը «ժառանգական շարունակութիւնըէ հռչակելով Թեսպիդեսի ու Փրինիխօսի, Էսքիլոսի ու Սոփոկլեսի, այլոց գոյաւորած սկզբունքների, երբ դրաման դիտարկւում էր որպէս բանաստեղծական արուեստի մի դրսեւորում` չափածոյ խօսքի ներքին երաժշտականութեան եւ պատկերային կուտակումների միջոցով ձեւաւորելով թատերային տարրը: Սեւակ Արծրունին հետեւել է դրամայի այս ձեւին ու սկզբունքներին, դիմել պօէմ-դրամայի եղանակին` վերականգնելով ու վերածնելով ոչ միայն յունական-հռոմէական, վերածննդեան թատերգութեան աւանդոյթները, այլեւ ազգային պատմա-հայրենասիրական եւ կրօնա-բարոյախօսական դրամայի ձեւերն ու կերպերը` հէնց բանաստեղծական-չափածոյ խօսքի միջոցով ներկայացնելով պատումը, այդ պատումի շարժիչ ուժեր հանդիսացող հերոսներին, որոնք որքան նիւթական, նոյնքան էլ պայմանական-աբստրահարուած են` յայտնուած վերժամանակային  տիրոյթում:

Միայն չափածոյի կիրառումն է Սեւակ Արծրունու «մահալեռան խորշերը» դրամատիկական պօէմն աղերսում դրամայի աւանդական ընկալումին, մինչդեռ ողջ ստեղծագործութիւնը հաստատում է համարձակ նորարարութիւնը, յայտածում դիպաշարի ու դրամատիկական գործողութեան կառուցման նոր դրոյթներ, որոնք էլ ծնում են կոմպոզիցիոն-արխիտեկտոնիկ լուծումների առանձնաձեւերը, գեղագիտական այն նորոյթը, որն իրապէս  ազգային թատերգութեան մէջ հետայսու սկզբնաւորում է նոր ձեւեր, աւանդական դրաման մղում հետ` հոգեբանական-իրապաշտական թատերգութեան փոխարէն հաստատելով այլաբանական-փիլիսոփայական թատերգութեան ժամանակը: Այն թատերգութեան, որը ծնունդ է ոչ թէ ազդեցութիւնների, այլ սեփական գեղագիտական թափանցումները հաստատելու հրամայականի: Ահա ինչու Սեւակ Արծրունու այս ստեղծագործութիւնը չի դիտարկւում ազգային թատերգութեան աւանդոյթների համածիրում, այլ ներկայանում է  թատերաարտայայտչական նոր համակարգերի դիրքերից` ձեւաւորելով «պօէտիկ-էլիտարէ թատերգութեան նախահիմքերը մեզանում: Աւելին` թատերագիրը ձեւաւորում է պայմանական-թափանցիկ տարածք, ամէն ինչ ենթարկում  «միջավայրիէ տրամաբանութեանը` այսպէս մղուելով դէպի «աբսուրդի դրամայիէ մի նոր շրջագիծ: Բայց սա ՙաբսուրդի դրամայի՚ կանոններին եւ միտումներին ամբողջապէս ենթարկուող ստեղծագործութիւն չէ, քանզի աբսուրդի ներկայութիւնը պայմանաւորուած է լոկ շարժման բացակայութեամբ, մինչդեռ Սեւակ Արծրունին ձեւաւորում է փիլիսոփայական հոսքերի մի ընթացք, որն ինքնին շարժման նորագոյն մոդելի վկայութիւնն է:

Դրամատիկական երկի առանցքում, ինչպէս հաստատեցինք, Արտաւազդի մասին հիւսուած առասպելի անդրադարձն է, յաւէրժական շղթայուածի ներկայութիւնը: Շատ վաղուց իրական-առասպելական այս կերպարը մեր գրականութեան մէջ վերածուել է ինքնայատուկ արքետիպի, առիթ տուել Յովհաննէս Յովհաննիսեանին եւ Լեւոն Շանթին իւրովի անդրադառնալու Մարդ-առասպելին, ով վերածուեց չարի խորհրդանիշի, սանդարամէտեան մի ոգու, ով պահուած Յաւէրժական լեռան այրերում եւ գամուած շղթաներով` հեծեծում է ու տառապում, անգոսնում իր յայտնութիւնն աշխարհի վրայ, չարացած մռնչում` այսպէս պարզելով ատելութիւնն ու ցասումը: Առասպելաբանութեան մէջ յայտնուած հակա-հերոս, ով միթոլոգիականն ու իրականը միատեղել, միաւորել է: Սեւակ Արծրունին միայն միթոլոգիական հերոսի կերպարն է բերել իր ստեղծագործութեան տարածք` նրան դիտարկելով այն իւրատեսակ առանցքն ու ուժը, որը ելնում է Պատմութեան ու Բանականութեան դէմ, ելնում է ահեղ-անբանտելի ուժով, անպարագիծ ցասմամբ` ձգտելով մշտաներկայ դարձնել Չարի գոյութիւնը: Եւ իր ներկայութեան ձգտմամբ նա դառնում է ողբերգական ու ահարկու, դառնում է մերժելի, ով ճիգեր է գործադրում իր ճշմարտութիւնը հաստատելու, արդարացնելու իր փիլիսոփայութիւնը: Ի հակադրութիւն Արտաւազդի` Սեւակ Արծրունին դրամատիկական պատումի մէջ ձեւաւորում է Կնոջ կերպարը` այսպէս ողջ ստեղծագործութիւնը դիտարկելով որպէս երկու ուժերի բախման գործողութիւն, ուր կոնֆլիկտը հասունանում է փիլիսոփայական-իմացական սեւեռումներով եւ ընդգծումներով. ոչ թէ անձնային դիտումներն ու խնդիրներն են այստեղ ձեւաւորում հակադրութիւնները, այլ մշտնջենական-հաւէրժական պատկերացումները, որոնք մտնում են բախման մէջ, յայտածում դիրքաւորումներն ու սեւեռումները, քննարկում Մարդու եւ Աշխարհի փոխմերձեցման եւ օտարացման յաւէրժական հիմնահարցերը: «դուն մարդկութէան Անմարդկային տեսութիւնն եսե- ասում է Կինն Արտաւազդին` այսպէս ընդգծելով-կարեւորելով այն բեւեռը, որի դէմ ելնում է ինքը, որին ինքնատեսութեան ու ներսուզումի է տանում` այսպէս ընդհանրական-զօրեղ դարձնելով գաղափարական կոնֆլիկտը: Այսպէս նաեւ հակադրուելով Չարի ու Ոչնչի այն փիլիսոփայութեանը, որի նախաստեղծ ներկայութիւնն է հաստատում Արտաւազդը:

Սեւակ Արծրունու «մահալեռան խորշերը» դրամատիկական երկը բազմաթիւ ներքնաշերտերի, փիլիսոփայական ընդգծումների մի ամբողջութիւն է, որը շատ աւելի յուշում է պայմանական -խորհրդանիշային լուծումներ, մետերլինկեան խորհրդանշական թատրոնի տեսադրոյթը քննարկում նոր ձեւաստեղծումների ընթացածիրում` գոյաւորելով ազգային դրամայի զարգացման նոր շրջափուլը:

ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ

Scroll Up