ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հանդիպած Է Թիֆլիսի Հայ Համայնքի Ներկայացուցիչներուն

Պաշտօնական այցով Վրաստանի մէջ գտնուող վարչապետ Նիկոլ Փաշինեան այցելած է «Խոջիվանք»  պանթէոն, ուր ծաղիկներ  դրած է Յովհաննէս Թումանեանի, Րաֆֆիի եւ Գաբրիէլ Սունդուկեանի շիրիմներուն` յարգանքի տուրք մատուցելով անոնց յիշատակին: Այս մասին կը հաղորդեն ՀՀ կառավարութեան մամլոյ ծառայութենէն:

Այնուհետեւ վարչապետն ուղեւորուած է Թիֆլիսի Ս. Գէորգ եկեղեցի, ուր վարչապետը դիմաւորած են Հայ Առաքելական եկեղեցւոյ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգէն եպիսկոպոս Միրզախանեան եւ Վրաստանի հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինեան եկեղեցւոյ բակին մէջ ծաղիկներ տեղադրած է Սայաթ Նովայի շիրիմին եւ կատարած մոմավառութիւն: Վազգէն եպիսկոպոս Միրզախանեան մատուցած է փառաբանական աղօթք եւ վարչապետ Փաշինեանի գլխաւորած կառավարութեան մաղթած ուժ ու կորով:

Նիկոլ Փաշինեան շնորհակալութիւն յայտնած է վիրահայերուն ջերմ ընդունելութեան համար եւ նշած, որ ուրախ է անոնց տեսնելու բարձր տրամադրութեամբ: «Այն յաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երեւանում նաեւ ձերն է, դուք այդ յաղթանակի լիարժէք կրողն ու շահառուն էք, որովհետեւ այն տեղի է ունեցել ձեր հայրենիքում: Մենք զգացել ենք ձեր աջակցութիւնը եւ զօրակցութիւնը, ձեր յղած բարի ցանկութիւնները հասել են տեղ` Հանրապետութեան հրապարակ, եւ այսօր այն համազգային ոգեւորութիւնը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այն կերտել է ձեզնից իւրաքանչիւրն իր մտքով, իր ցանկութեամբ, իր կամքով, իր սիրոյ եւ համերաշխութեան զգացումով: Յեղափոխութիւնը, որ տեղի է ունեցել Երեւանում` մենք անուանում ենք սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւն, եւ ես այսօր այստեղ եմ եկել սիրոյ եւ համերաշխութեան ուղերձով: Ուզում եմ ասել ձեզ, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին եւ իւրաքանչիւրիդ առանձին: Ես հպարտանում եմ ձեզնով, հպարտանում եմ` ձեր կամքով, հպարտանում եմ` ձեր աչքերի մէջ տեսնելով հայ լինելու հպարտութիւնը, հպարտանում եմ` տեսնելով Հայաստանի եւ Վրաստանի յարաբերութիւնները, հպարտանում եմ` համոզուած լինելով, որ մեր երկրների յարաբերութիւնները գնալով աւելի ու աւելի են խորանալու ու ամրապնդուելու եւ հայերն իրենց աւելի լաւ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները` Հայաստանում: Այսօր ամենաբարձր արժէքը, որ ունեն հայ եւ վրացի ժողովուրդները` պետականութիւնն է եւ անկախութիւնը, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանութիւնը, պաշտպանելու ենք սեփական հայրենիքն ու երջանիկ լինելու մեր ժողովրդի իրաւունքը: Այսօր շատ են ասում, ցանկանում, մի փոքր էլ կասկածով յոյս յայտնում, որ այս ամէնը կը բերի նոր յաջողութիւնների, մաղթում են, որ հիասթափութիւն տեղի չունենայ: Չի կարող լինել հիասթափութիւն, որովհետեւ մենք ծառայել ենք, ծառայում ենք եւ ծառայելու ենք հայ ժողովրդին: Ես ասել եմ ու ասում եմ` մեր ամենամեծ առաքելութիւնը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրայ եւ տանեն նորանոր յաղթանակներ: Հայ ժողովուրդն այլեւս երբեք չի պարտուելու, որովհետեւ հայ ժողովուրդը յաղթանակի ժողովուրդ է, հայ ժողովուրդը հպարտութեան ժողովուրդ է, հայ ժողովուրդն Աստծոյ ժողովուրդ է: Եւ ուրեմն, կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ Վրաստանը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցէ՛ հայ-վրացական եղբայրութիւնը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ դառնալու ենք 5, 10 միլիոն»,- նշած է վարչապետ Փաշինեան:

Scroll Up