Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բաշխեց բուժումէն վերադարձած զինուորականին

Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց մայոր Սարգիս Ստեփանեանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնութեամբ եւ Կալկաթայի Ս. Նազարէթ եկեղեցու վարչութեան աջակցութեամբ ամիսներ առաջ մեկնել էր Հնդկաստան` ստանալու վերջոյթների պրոթեզաւորման համար անհրաժեշտ բուժումը:

Հանդիպմանը ներկայ էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը, Հնդկահայոց հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ. Մովսէս աբեղայ Սարգսեանը, Կալկաթայի Ս. Նազարէթ եկեղեցու վարչութեան փոխատենապետեր տիար Սունիլ Սոբթին եւ տիկին Սյուզան Ռուբենը:

Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ սպան, Նորին Սրբութեան օրհնութեամբ ամիսներ առաջ մեկնելով Հնդկաստան, ստացել է անհրաժեշտ բուժում եւ, օրեր առաջ վերադառնալով հայրենիք, պիտի շարունակի իր ծառայութիւնը:

Իր հերթին մայոր Սարգիս Ստեփանեանը խորին շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Կալկաթայի Ս. Նազարէթ եկեղեցու վարչութեան անդամներին իր բուժումն ու ապաքինումը Հնդկաստանում կազմակերպելու եւ իրեն ընտանիքով հանդերձ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում այս ժամանակահատուածում ջերմօրէն հիւրընկալելու համար: Զինուորականը վստահեցրեց, որ այս նախաձեռնութեան շնորհիւ ինքը վերստին հնարաւորութիւն է ստացել շարունակելու իր պարտականութիւնների իրագործումը:

Այնուհետեւ Նորին Սրբութիւնը, իր օրհնութիւնը բերելով հայրենեաց պաշտպանին, հետաքրքրուեց նրա առողջական վիճակով եւ բուժման ընթացքով, ապա իր գնահատանքը յայտնեց Հնդկահայոց հոգեւոր հովուին եւ Կալկաթայի Ս. Նազարէթ հայկական եկեղեցու վարչութեան անդամներին նման հայրենանուէր գործունէութեան համար: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ նշեց, որ Մայր Աթոռն այսուհետ եւս կը շարունակի այս նախաձեռնութիւնը` աջակցելով մարտական գործողութիւններում վիրաւորում ստացած զինուորների բուժման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղօթք բարձրացրեց առ Աստուած հայրենիքի խաղաղ ու անվտանգ կեանքի համար:

Scroll Up