Նախագահն Ընդունել Է Աշխարհահռչակ Երաժշտահան Քշիշտոֆ Պենդերեցկուն
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն եւ նրա տիկնոջը` Էլժբիետա Պենդերեցկային: Անուանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամեակին նուիրուած փառատօնի շրջանակներում:
Ողջունելով հիւրերին` Հանրապետութեան Նախագահը նշել է, որ մշտապէս ուրախ են նրանց հիւրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում եւ ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն եւ նրա արուեստը:
«Յարգելի՛ պարոն Պենդերեցկի, մաեստրօ՛,
Ես վստահ եմ, որ Դուք համոզուած էք` այստեղ սիրում են Ձեզ եւ Ձեր արուեստը: Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարուայ ընթացքում նախատեսուած` Ձեր յոբելեանին նուիրուած միջոցառումների շարքը սկսւում է հէնց Երեւանից: Կարծում եմ, որ մեծ արուեստագէտի կոչումներից մէկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջեւ բարեկամութիւնը, եւ Դուք դա շատ լաւ էք անում»,-ասել է Նախագահ Սարգսեանը եւ յոյս յայտնել, որ մաեստրօ Պենդերեցկին այսուհետ եւս նոյն եռանդով ու նուիրումով կը շարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամութիւնը` հնարաւորութիւն տալով հայ հանդիսատեսին մեծ բաւականութիւն ստանալ մեր ժամանակների մեծագոյն երաժիշտներից մէկի ստեղծագործութիւններից:
Սերժ Սարգսեանը գոհունակութեամբ է փաստել, որ անցեալ տարի Հայաստանը եւ Լեհաստանը նշեցին դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակը, ինչպէս նաեւ Լեհաստանում հայ համայնքի կազմաւորման 650-ամեակը, որոնց շրջանակներում բազմաթիւ միջոցառումներ տեղի ունեցան` առաւել սերտացնելով հայ-լեհական միջպետական յարաբերութիւնները:
Շնորհակալութիւն յայտնելով Նախագահին ընդունելութեան եւ ջերմ խօսքերի համար` Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թէ շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտութիւնը մեծ ժողովրդականութիւն է վայելում Հայաստանում:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ յոբելեանին նուիրուած փառատօնը մեկնարկել է Հայաստանից: Առաջին անգամ չէ, որ նման հրաշալի փառատօններ են անցկացւում Երեւանում: Հայաստանում, իրօք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը` ինչպէս նուագախմբի, դիրիժորի, այնպէս էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճոյք եւ երջանկութիւն է Հայաստանում գտնուելը: Պէտք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»,-ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին եւ շնորհակալութիւն յայտնել փառատօնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպէս նաեւ Հայաստանում պետական մակարդակով մշակոյթին ցուցաբերուող նման վերաբերմունքի համար: