Սփիւռքահայ Երիտասարդուհին Իր Տարեկիցներուն Կոչ Կ՛ընէ՝ Հայաստանի Մէջ Դասաւանդելու

Ալիս Պետրոսեան «Ասպարէզ»-ի խմբագրութեան ուշադրութեան յանձնած է սփիւռքահայ երիտասարդուհիի մը գրառումը դիմատետրի իր էջին վրայ: Գրողը Սաթենիկ Պետրոսեանն է, որ Teach For Armenia ծրագիրով Հայաստան կը գտնուի:

Գրութիւնը կոչ մըն է իր տարեկիցներուն՝ մասնակցելու այդ ծրագիրին եւ Հայաստան երթալով հոն դասաւանդելու, իրենց փորձառութիւնը բաժնելու համար գիւղական շրջաններու հայ երեխաներուն հոտ: Այս ծրագիրի մասնակիցները կը դասաւանդեն Հայաստանի 11 գիւղական շրջաններու մէջ: Ցարդ, 46 երիտասարդուհիներ մասնակցութիւն բերած են սոյն ծրագիրին:

Teach For Armenia ծրագիրը հիմնուած է Լարիսա Յովհաննիսեանի կողմէ՝ 2013-ին, Teach For America ծրագիրի օրինակով:

Ստորեւ՝ Սաթենիկ Պետրոսեանի սրտէն բխած գրութիւնը.

«Հաւատս չի գալիս, որ 2017-ը վերջանում է, ու մի տեսակ ուզում եմ ամէն ձեւ էս տարին մի քիչ էլ ձգած լինեմ…

Ուզում եմ ասեմ, որ երկու տարի առաջ էս ժամանակ ես դիմում էի Teach For Armenia-ին, ու մտածում էի՝ գրողը տանի, բայց երկո՞ւ տարի ինչ որ շատ է գիւղում ապրելու համար, կարող է չձգեմ: Հիմա, երբ էդ երկու տարուց մէկ ու կէսն արդէն յետեւում է, ես մտածում եմ՝ գրողը տանի, ո՞նց եմ ես էդքան բանը հասցնելու էդ հինգ ամսում անել: Ո՞նց եմ ես էս ամէնը սենց թողնելու… մտածում եմ… ուրիշ ի՞նչը կարող է էդքա՛ն շատ էմոցիաներ (յուզումներ-Խմբ.) առաջացնի, ու մի տեսակ վախենում եմ, որ սրանից յետոյ կարող է էլ ոչ մի բան սրտիս տենց չկպնի: Մարդիկ սովորաբար հարցնում են՝ բա էրեխե՞քը, ու չէ, ես էրեխեքի համար չեմ անհանգստանում, որովհետեւ իրանք իրականում աւելի՛ շատ բան են վերցնում, քան մենք կարող ենք տեսնել, ու աւելի շատ հետեւութիւններ են անում, քան մենք կարողանում ենք ֆիքսենք (յստակացնենք-Խմբ.):

Բայց…

Մի հատ մե՜ծ բայց:

Ես մտածում եմ, թէ ո՛վ է իմ տեղում գնալու Վազաշէն: Եւ ուզում եմ մի տեսակ վստահ լինել, որ…

0202satenik1 Բանը, ասածս ինչ է՝ լա՛ւ մարդիկ, դիմէ՛ք ծրագրին, Վազաշէնը սպասում է ձեզ: Երկու տարին թռնում է, բայց ձեր ներդրումը մնալու է, ու իրականում՝ է՛ն, ինչ ստանաք էրեխեքից, ցանկացած փոխհատուցումից աւելի է: (Այս փորձառութիւնը) սովորացնում է կեանքին լրիւ ուրիշ ձեւ նայել, ու աւելի շատ սիրել էն ամէնը, ինչ կայ:

Յայտադիմումները երկու շաբաթից բացւում են: Եթէ ուզում էք ինչ որ կարեւոր բան անել, էս հաստա՛տ ընտիր հնարաւորութիւն է»:

Scroll Up