Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր Հիւպատոսարանը Հիւրընկալել Էր Լոս Անջելեսի Քաղաքապետի Աշխատակազմի Հայ Պաշտօնեաների
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/0125CONSULATE.jpg)
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը Յունուարի 17ին հիւրընկալել էր Լոս Անջելեսի քաղաքապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտօնեաների եւ համայնքի ներկայացուցիչների:
«Հրաւիրել ենք մասնաւորապէս հայազգի պաշտօնեաների՝ Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային յարաբերութիւնների հարցերով տեղակալ Նինա Հաչիկեանին, քաղաքապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջորջ Կեւորկին, եւ օրէնսդրական քաղաքականութեան հարցերով բաժնի տնօրէն Միշել Գարակեանին՝ ծանօթանալու եւ յարաբերութիւնները սերտացնելու նպատակով: Հրաւիրել ենք նաեւ մեր համայնքի տարբեր կազմակերպութիւնների ու միութիւնների ղեկավարների՝ միասին ուղենշելու քաղաքապետարանի հետ համագործակցութեան հնարաւորութիւնները», յայտարարեց Լոս Անջելեսում ՀՀ հիւպատոս Արմելա Շաքարեանը:
Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային յարաբերութիւնների գրասենեակը նորաստեղծ է, եւ միակն է ԱՄՆում, Նինա Հաչիկանն էլ առաջինն է, ով 2017թ.ի Սեպտեմբերից զբաղեցնում է քաղաքապետի տեղակալի այս պաշտօնը: Հայազգի գործչի գլխաւորած գրասենեակը համակարգում է Լոս Անջելեսի միջազգային հարցերը՝ ներառեալ քաղաքական եւ առեւտրային ռազմավարութիւնն այլ երկրների հետ, զբաղւում է համաշխարհային ներդրումների, զբօսաշրջութեան հարցերով, աջակցելու է 2028թ.ին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական եւ Պարաօլիմպիկ խաղերի յանձնախմբին:
«Այս պաշտօնի ստեղծումը ցոյց է տալիս այլ երկրների եւ մեր քաղաքում բնակուող տարբեր ազգային համայնքների հետ յարաբերութիւններն առաւել սերտացնելու Լոս Անջելեսի քաղաքապետի ձգտումը: Համոզուած եմ, որ հայ համայնքի հետ քաղաքապետի ունեցած ամուր կապերը կը շարունակուեն զօրանալ, ինչպէս նաեւ՝ աշխատանքներ կը տարուեն Հայատանի հետ յարաբերութիւնները նոր որակի հասցնելու ուղղութեամբ», նշեց Հաչիկեանը: Նշենք, որ Նինա Հաչիկեանը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի յատուկ նշանակութեան դեսպանը Հարաւ-արեւելեան Ասիայի պետութիւնների ասոցիացիայում, (ASEAN) 2014-2017թթ.: Նա աշխատել է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կառավարութիւնում՝ Ազգային անվտանգութեան խորհրդում 1998-1999թթ.ին:
Լոս Անջելեսի քաղաքապետի օրէնսդրական քաղաքականութեան հարցերով բաժնի տնօրէն Միշել Գարակեանն էլ կարեւորեց տարբեր ոլորտներում համագործակցութիւնը քաղաքապետարանի հետ՝ ցանկութիւն յայտնելով, որ աւելի մեծ թուով ամերիկահայեր քաղաքական պաշտօններ զբաղեցնեն:
Լոս Անջելեսի քաղաքապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջորջ Կեւորկը տեղեկացրեց հայերի հետ կապուած քաղաքապետի նպատակների մասին. «Էրիկ Գարսետին առաջնային է համարում հայ ժողովրդի մշակոյթի եւ պատմութեան մասին հնարաւորինս ընդլայնուած տեղեկատուութեան տարածումը մեր քաղաքում, նաեւ յարաբերութիւնների զարգացումը Հայաստանի հետ՝ սկսած Լոս Անջելես-Երեւան ուղիղ աւիաչուերթների ստեղծումից, զբօսաշրջութեան աշխուժացմամբ, տարբեր ոլորտներում ներդրումների խթանումով»: Կեւորկը նաեւ անդրադարձաւ հայ նուիրեալների գործունէութեանը, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են հայկական զօրեղ համայնքի ստեղծմանը, եւ կարեւորեց նոր սերունդների ներդրումն այդ ջանքերում:
ՀՀ Գլխաւոր հիւպատոսարանում անցկացուած ձեռնարկի կազմակերպմանն աջակցել էր «Կալիֆորնիա Քընսալթինգ» կազմակերպութիւնը, որի նախագահ Սթիւ Սամուէլեանը համառօտ ներկայացրեց հիւպատոսարանի աշխատանքները: Հայազգի գործիչներին, իրենց աշխատանքի եւ քաղաքում ունեցած ներդրումների համար շնորակալագրեր յանձնուեցին Կալիֆորնիայի խորհրդարանի ծերակոյտի անդամ Էնթնընի Փորթանթինոյի, Լոս Անջելեսի գաւառի կառավարիչ Քեթրին Բըրգըրի եւ Լոս Անջելեսի գաւառի գնահատող Ջեֆրի Փրենգի կողմից:
Միջոցառման հիւրերի թւում էին ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի նախագահ Նորա Յովսէփանը, Հիւսիսային Ամերիկայի աւետարանչական ընկերակցութեան վերապատուելի Պերճ Ջանբազեանը, Լոս Անջելեսի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Աննա Գերերօն, պետքարտուղարութեան արտաքին յարաբերութիւնների գրասենեակի տարածաշրջանային տնօրէն Քրիսթինա Հերնանդեսը եւ այլոք: