Սերժ Սարգսեան Հանդիպած Է Ֆրանսայի Ազգային Ժողովի Նախագահին Հետ
Նախագահ Սերժ Սարգսեանը յունուարի 23-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռիւժիի հետ:
Նախագահը շնորհաւորել է Ֆրանսուա դը Ռիւժիին այդ բարձր պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ: Սերժ Սարգսեանը մեծապէս կարեւորել է միջխորհրդարանական յարաբերութիւնները, որոնք, նրա համոզմամբ, լաւագոյնս լրացնում են միջպետական յարաբերութիւնների օրակարգը: Հանրապետութեան Նախագահը դրուատանքով է խօսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամութեան խմբի գործունէութեան մասին` ուղղուած հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը: Այդ գործունէութիւնը, ըստ Նախագահի, դրսեւորւում է նաեւ պատգամաւորների Հայաստան այցերի ժամանակ երկրի մասին ճիշտ պատկերացումների ձեւաւորմամբ եւ համապատասխան տեղեկատուութեան տարածմամբ, որը թոյլ է տալիս Ֆրանսիայում առաւել ամբողջական եւ օբյեկտիւ պատկերացում կազմել Հայաստանի մասին:
Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունէութիւնը, որը, Նախագահի խօսքով, համահունչ է Ֆրանսիայի` մարդու իրաւունքների առաջամարտիկ երկրի համբաւին: Զրուցակիցները երկուստէք գոհունակութեամբ են խօսել նաեւ հայ-ֆրանսիական սերտ համագործակցութեան մասին բազմակողմ հարթակներում` միջազգային խորհրդարանական կազմակերպութիւնների շրջանակներում:
Նախագահ Սարգսեանը բարձր է գնահատել Ֆրանսիայի` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ` այդ համատեքստում կարեւորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգաւորման գործին, բացայայտում` Արցախի վերաբերեալ Ադրբեջանի կողմից տարածուող կեղծիքը:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա դը Ռիւժին անդրադարձել են նաեւ Հայաստան-Եւրամիութիւն յարաբերութիւններին եւ շրջանակային համաձայնագրի ստորագրումից յետոյ դրանց յետագայ զարգացմանը: