Պատմական Մկրտութիւն` Պատմական Շուշիում

«Մեր Ընտանիքի Մասնագիտութիւնը Հայ Ազգին Ու Մշակոյթին Ծառայելն Է». Նարեկ Յարութիւնեան
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
«Հաւատք, յոյս, սեր եւ մկրտութիւն. մկրտուել եւ արդարանալ, սրբուել մեղքերից, ազատուել դեւերից, ծառայել Աստծուն», հոգեւորականի` «Ի՞նչ է խնդրում երեխան» հարցին ի պատասխան ասել է մուսալեռցի կնքահայր Վահագն Գարագաշեանը: 8 ամսական Քնարն ուշի-ուշով հետեւում էր երկխօսութեանը: Կատարուող արարողութիւնից փոքրիկի հայեացքը փախցրեց կնքահօր ձեռքերում խնամքով պահուած խաչը, որը մէկ րոպէ չանցած` կախուեց փոքրիկի պարանոցին:
«Թող Աստծու սէրն ու խաղաղութիւնը թագաւորի Քնարի սրտում», միաձայն արտաբերեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հաւաքուած շուրջ 200 հիւրեր` ժամանած աշխարհի տարբեր անկիւններից:
Օրը օգոստոսի 26-ն էր: Այդ օրը տօն դարձնելու առիթը ասեղնագործուած ձիւներանգ շորով Քնարի մկրտութիւնն էր, Շուշիի «Նարեկացի» արուեստի կենտրոնի հիմնադիրի` Նարեկ Յարութիւնեանի աղջնակի մկրտութիւնը:
«Քրիստոնեայ կնքուելն անհրաժեշտութիւն է: Ինձ եւ կնոջս համար նշանակալից էր, որ այդ կարեւոր արարողութիւնը տեղի ունենայ մայր հողում, մանաւանդ` Շուշիում», ասել է Երեւանում եւ Ամերիկայում ապրող, բայց սիրտն ու հոգին, միտքը Շուշիին պարգեւած Նարեկը:
Կնքահայր Վահագն Գարագաշեանի ձեռամբ Նարեկի աղջնակի մկրտութեան օրը Շուշիի բազմադարեայ պատմութիւնում գրուեց եւս մէկ էջ. պատմութեան մէջ առաջին անգամ հայոց մայրաբերդում հնչեց 1884 թուականին ծնուած Մուսա Լերան թմբուկը` թմբուկի առաջին տիրոջ ծոռան` Սարգիս Զէյթլեանի կատարմամբ:
«Թմբուկը հայ ազգի ժառանգութիւնն է: Մուսա Լեռից եկել, հասել է Հայաստան, դարձել «Մուսա Լեռ» հայրենակցական միութեան տօնախմբութեան կազմակերպման հիմնաքարը: Միայն Շուշիում չէր եղել, եկաւ», ընդգծել է Սարգիս Զէյթլեանը:
Տիրոջ կամքով է Նարեկը Շուշիի մի մասնիկը դարձել: Տիրոջ կամքով են Նարեկն ու Շուշին լրացնում իրար, յագենում իրարով: Տիրոջ կամքով է նաեւ սէրը դէպի հայրենիքը եւ արուեստը Նարեկի պապիկից փոխանցուել իր հայրիկին, այնուհետեւ իրեն` պսակուելով 2006 թուականին «Նարեկացի» արուեստի կենտրոնի հիմնադրմամբ:
«Նարեկացի» արուեստի միութեան ստեղծուելու, կառուցուելու առաքելութեան մէջ կայ նախախնամութիւն: Աստծու ձեռքը խառն է,- նշել է Ն. Յարութիւնեանը եւ շարունակել,- Շուշիում նման կենտրոն ունենալն անհրաժեշտութիւն էր: Շուշին պէտք է դառնայ հայ ազգի մշակութային մայրաքաղաքը` վերականգնելով իր մշակութային հին անցեալը եւ նորանոր ծրագրեր, կառոյցներ, հինը պահպանելով` նորը կառուցելու աւանդոյթը ունենայ»:
Կրելով «Տիեզերական եկեղեցու վարդապետ» Գրիգոր Նարեկացու անունը եւ ունենալով «Քո կապը մշակոյթի հետ» նշանաբանը` դարձաւ արուեստների եւ արհեստների միութեան օճախ, որտեղ միախառնուել են երգն ու պարը, նկարչութիւնն ու գծագրութիւնը:
«Մենք միշտ ասում ենք, որ վերակառուցող ժողովուրդ ենք: Շուշին այսօր ունի վերակառուցուելու կարիք եւ կանչում է իր ժողովրդին: «Նարեկացի» կենտրոնը իմ առաքելութիւնն էր: Յուսամ` միութիւնն իր էութեամբ օրինակ կը ծառայի նաեւ շատերի համար, որ իրենք էլ ծրագրեր մշակեն, որպէսզի մօտ ապագայում տօնենք Շուշիի վերածնունդը», նշել է Ն. Յարութիւնեանը:
Շուշիի «Նարեկացի» արուեստի միութիւնը Յարութիւնեանների` Արցախում իրականացրած միակ ծրագիրը չէ: Նարեկի հօր ձեռամբ ազատագրուած Քարվաճառի շրջանում հիմնուել է Քնարաւան գիւղը` Նարեկի մօր` Քնարի յիշատակին:
Աղջկան Քնար կոչելը եւ Շուշիում մկրտութիւնը կազմակերպելը պատահականութիւն չէ: Ամէն ինչ իր խորհուրդն ու նպատակն ունի: «Երբ աղջիկս մեծանայ, ես կը պատմեմ նրան Շուշիի հերոսական պատմութիւնը, կը պտտեմ նրա հետ Շուշիի բոլոր նեղ ու լայն փողոցներով, կը ծանօթացնեմ նրան «Նարեկացի» կենտրոնում սովորող երեխաների հետ, կը տանեմ նրան Քնարաւան գիւղ: Իմ Քնարը պէտք է իմանայ, որ այդ առաքելութեան մի մասն է կազմում: Նա այդ առաքելութեան շարունակութիւնն է: Նա պէտք է գիտակցի, որ Շուշին իր պատասխանատուութեան մասն է կազմում,- ասել է Նարեկ Յարութիւնեանը եւ` շեշտել,- մեր ընտանիքի մասնագիտութիւնը հայ ազգին ու մշակոյթին ծառայելն է»:
Աղբիւրը՝ Ազդակ