Հանրապետութեան Նախագահի Աշխատանքային Այցը Արագածոտնի Մարզ

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր առաւօտեան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Այս մասին «Հայերն այսօր»-ին յայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայութիւնից:

Հանրապետութեան Նախագահն այցելել է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումեանի անուան Բիւրականի աստղադիտարան` ծանօթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման եւ երիտասարդ կադրերի ներգրաւման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկուող նախագծերին, որոնք միտուած են խթանելու նաեւ զբօսաշրջութիւնն այդ տարածաշրջանում:

Առաջարկներից մէկը վերաբերել է գիտակրթական կենտրոնի ստեղծմանը, որի գործունէութիւնը հիմնուած կը լինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտութեան ուսուցման գաղափարի վրայ: Բիւրականի աստղադիտարանի ճանաչողական դերի ամրապնդման, ինչպէս նաեւ դպրոցականներին, ուսանողներին եւ այլ այցելուների, այդ թւում` օտարերկրեայ հիւրերին Հայաստանի գիտական արժէքները ցուցադրելու նպատակով աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաեւ այցելութիւնների կենտրոն, որի կազմում կը կառուցուի աստղագիտութեան պատմութեան թանգարան, աստղացուցարան (պլանետարիում), հանրային դասախօսութիւնների սրահ, կը բարեկարգուեն աստղադիտակ տանող ճանապարհը եւ յարակից տարածքները: Հանրապետութեան Նախագահը աստղադիտարանի ղեկավարութեան եւ ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացուած առաջարկների իրականացման հնարաւորութիւնները, առաջնահերթութիւնները, խնդիրները, ինչպէս նաեւ նախանշուած նպատակներին հասնելու համար հնարաւոր այլ տարբերակներ:

Հանրապետութեան Նախագահի այցի ժամանակ քննարկուել են նաեւ աստղադիտարանի կողմից Վ․ Համբարձումեանի անուան միջազգային գիտական մրցանակի եւ նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկութիւնները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ աւելի օգտակար եւ արդիւնաւէտ: Մրցանակի առաջարկուող ձեւափոխութիւնը, ըստ այն ներկայացնողների, մեծապէս կը նպաստի Հայաստանում աստղագիտական հետազօտութիւններին, ինչպէս նաեւ հայ գիտնականներին հնարաւորութիւն կը տայ աւելի ակտիւօրէն ինտէգրուել միջազգային աստղագիտական հանրութեանը, ուսանողների եւ աշակերտների շրջանում կը մեծացնի աստղագիտութեան նկատմամբ հետաքրքրութիւնը:

Բիւրականի աստղադիտարանից Հանրապետութեան Նախագահը մեկնել է Աշտարակ քաղաք, որտեղ ներկայ է գտնուել վերակառուցուած եւ հիմնանորոգուած Հայաստանի «Սեւան» մարզական հասարակական կազմակերպութեան մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողութեանը:

Նախագահ Սարգսեանը քաղաքային իշխանութիւնների, մարզաշխարհի ներկայացուցիչների, դպրոցի ղեկավարութեան եւ մարզիչների ու սաների ուղեկցութեամբ շրջայց է կատարել մարզադպրոցում, ծանօթացել իրականացուած աշխատանքներին, մարզումների համար ստեղծուած պայմաններին եւ հնարաւորութիւններին, զրուցել մարզաշխարհի ներկայացուցիչների ու դպրոցի սաների հետ:

Աշտարակի մարզադպրոցի վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներն իրականացուել են պետական բիւջէի միջոցների հաշուին: Հանրապետութեան Նախագահի յանձնարարութեամբ մեկնարկած ծրագիրը աւարտուել է 2017թ. յուլիսին: Ծրագրի արժէքը շուրջ 463 մլն դրամ է:

Պատասխանատուների հաւաստմամբ, վերակառուցուած մարզադպրոց կարող են յաճախել Աշտարակի եւ յարակից համայնքների շուրջ 350 մարզիկներ, դպրոցում կը գործեն ազատ եւ յունահռոմէական ոճերի ըմբշամարտի, վոլէյպոլի, բռնցքամարտի, ֆութպոլի, բասկեթպոլի եւ ծանրամարտի խմբակներ:

Scroll Up