Վաչէ Ծատուրեան Անդամ` Հեծելարշաւի Արաբական Ֆետերասիոնին
Կիրակի, 30 Ապրիլ 2017-ին, Քազապլանքայի մէջ (Մարոք) տեղի ունեցաւ Հեծելարշաւի արաբական ֆետերասիոնի ընդհանուր ժողովը, որուն աւարտին ընտրուեցաւ յառաջիկայ 4 տարիներու (2017-2021) գործադիր մարմինը` նախագահութեամբ շէյխ Ֆայսալ Պըն Հըմէյտ Ալ Քասիմիի (Արաբական Միացեալ էմիրութիւններ), որ կը պահէ իր պաշտօնը 1997-էն ի վեր: Արաբական ֆետերասիոնի առաջին փոխնախագահ ընտրուեցաւ Ափրիկեան ֆետերասիոնի նախագահ եւ Միջազգային ֆետերասիոնի փոխնախագահ տոքթ. Մոհամետ Ուաժիհ Ազզամ (Եգիպտոս), իսկ երկրորդ փոխնախագահ ընտրուեցաւ Ահմետ Զահեր Ֆատլի (Քուէյթ): Խորհրդականներ ընտրուեցան Մոհամետ Պըլմահի (Մարոք), Նաուֆալ Մրրշաուի (Թունուզ), Խալետ Պաշիր (Սուտան), Մապրուք Քարպուհ (Ալճերիա) Ժամալ Ֆահուրի (Յորդանան) եւ Վաչէ Ծատուրեան (Լիբանան), 7-րդ խորհրդական նշանակուեցաւ (առանց ընտրութեան) Պաղեստինի ներկայացուցիչ Քարիմ Սամեր Ապտել Հատի, իսկ կանացի աթոռը վիճակուեցաւ մարոքցի Քարիմա Սալահէտտինի:
Լիբանանի «Ազդակ» օրաթերթին հաղորդած տեղեկութիւններով՝ հեծելարշաւի արաբական ֆետերասիոնի գործադիր մարմինի Լիբանանի ներկայացուցիչ Վաչէ Ծատուրեանի ընտրութիւնը արաբական մարզական աշխարհի վարչական եւ կազմակերպական ոլորտին մէջ արձանագրուած նոր նուաճում մըն է Լիբանանի համար: Նշենք, որ Լիբանանի Հեծելարշաւի Ֆետերասիոնի նախագահ եւ Լիբանանի Ողիմպիական կոմիտէի անդամ Վաչէ Ծատուրեան շուրջ ամիս մը առաջ ընտրուած էր Հեծելարշաւի ասիական ֆետերասիոնի գործադիր մարմինի անդամ: Ան այս օրերուն Փարիզի մէջ կը մասնակցի նիստերուն Հեծելարշաւի ֆրանսախօս երկիրներու ֆետերասիոնի Գործադիր մարմինին, որուն անդամ է նաեւ 2014-էն ի վեր: