Մարաղայի Կոտորածի 25-րդ Տարելիցին Առթիւ Կազմակերպուած Է Ձեռնարկ

1992 թուականի ապրիլ 10-ին ատրպէյճանական զինուած ուժերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղին մէջ իրականացուցած  են հայերու կոտորած:

«Արցախփրէս»-ի   թղթակիցին   հետ  զրոյցին   Մարաղա  գիւղի  ինքնապաշտպանական ջոկատի   հրամանատար,  համայնքի  ղեկավար  Ռոմա  Կարապետեան ըսած  է, որ 1992  թուականի   ապրիլ 9-ին գիւղը հրետակոծուած  է, ու  իրենք հասկցած  են, որ թշնամին  պիտի յարձակի:

«Յաջորդ օրը`  ապրիլ  10-ին,    ազերի  հրոսակները  յարձակած  են Մարաղայի  վրայ:  Այդ  օրը  3  անգամ     գիւղի  ինքնապաշտպանական  ջոկատները անհաւասար   մարտեր     մղած են`  ետ  շպրտելով  թշնամին: Յարձակման  արդիւնքով    այրուած  է  գիւղի  173  բնակարան, սպաննուած`  50 հոգի,     38  հոգի  ալ  պատանդ    վերցուած է.  անոնցմէ  24-ը  փոխանակուած, իսկ   14-ի   ճակատագիրը  մինչ   օրս  ալ   անյայտ  կը մնայ: Հայկական  ուժերու    ջանքերով  մենք   կրցած ենք   նոյն  օրը`  գիշերուան  ժամը  12-1,     վերջնականապէս  ազատագրել  Մարաղան»,-պատմած  է  Ռ.  Կարապետեան :

Մարաղայի  կոտորածի  25-րդ  տարելիցի   կապակցութեամբ Նոր Մարաղայի  Վագիֆ  Համբարձումեանի  անուան  միջնակարգ  դպրոցի   աշակերտներու  ուժերով      կազմակերպուած  է  ձեռնարկ:

Դպրոցականները  հանդէս     եկած են  զինուորական հագուստներով`  ձեռքերնին  բռնած  գիւղի   պաշտպանութեան  համար  նահատակուած հերոսներու  նկարներ  եւ   թուրք հրոսակներու   բարբարոսութիւնը     դատապարտող   պաստառներ. ձեռնարկի   մասնակիցներու  ձեռքերուն   կը    ծածանէր  հայոց  եռագոյն  դրօշը:

Ձեռնարկին    ներկաները     ծաղիկներ     խոնարհած են     25 տարի  առաջ   Մարաղայի համար  զոհուած  հերոսներու  յիշատակին   կանգնեցուած յուշաքարին:

Դպրոցականները  արտասանած  են  մարտական  ու  ոգեկոչող բանաստեղծութիւններ, իսկ   ՀՀ վաստակաւոր արուեստագէտ, Մարտակերտի պատուաւոր քաղաքացի Շուշան  Պետրոսեանն   ալ  հանդէս    եկած է  հայրենասիրական   երգերով:

Ձեռնարկին  ներկայ էին   Մարտակերտի  շրջանի վարչակազմի  ղեկավարի  տեղակալ Ռադիկ  Առուշանեան, Մարաղայի  բնակիչներ, հիւրեր  եւ  այլք:

Լուսանկարները`  Լուսինէ  Զ աքարեանի

 

Scroll Up