Հայ Մենապարողը Լոս Անջելըսի Բալետի Կազմում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/Tigran-sargsyan.jpg)
Ասպարէզ- Լոս Անջելըսի Բալետը, որ մէկ տասնամեակի պատմութիւն ունի, Մարտ 11ին, Գլենդելի «Ալեքս» թատրոնում հանդէս եկաւ երեք մասից բաղկացած, պարարուեստի մէջ համաշխարհային հռչակ վայելող Ջորջ Բալանչինի երեք պարադրումների ներկայացմամբ:
Առաջին պարադրումը հիմնուած էր Մոցարտի «Դիվերտիսմենտ համար 15»ի, երկրորդ պարադրումը՝ Սերգէյ Պրոկոֆեւի «Անառակ Որդի»ի, իսկ երրորդը՝ æորջ Գերշուինի «Ո՞ւմ Հոգն Է» երաժշտական ստեղծագործութիւնների վրայ: Լոս Անջելըսի Բալետի գեղարուեստական ղեկավարներն են Թորդալ Քրիստենսենը եւ Քոլին Նիրին։
Համաշխարհային հռչակ վայելող æորջ Բալանչինը յայտնի է որպէս պարարուեստի վարպետ եւ նորարար. նա ծնուել է 1904թ., Ս. Պետերբուրգում, եւ մահացել՝ 1983թ., Նիւ Եորքում: Ուսումն ստացել է Ս. Պետերբուրգի բարձրագոյն երաժշտանոցում, ապա անցել Եւրոպա, ճանաչուել որպէս 20րդ դարի պարարուեստի ամենաազդեցիկ դէմքը, կատարել չորս հարիւրից աւելի պարադրումներ՝ հիմնուած դասական երգահանների ստեծագործութիւնների վրայ, Չայկովսկիից մինչեւ Ստրաւինսկի եւ Գերշուին:
æորջ Բալանչինը բալետի մէջ պարային նոր ոճի ստեղծողն է եւ համահիմնադիրը՝ Նիւ Եորքի Բալետի եւ Ամերիկեան բալետի դպրոցի:
Լոս Անճելըսի Բալետը բարձրակարգ ներկայացում նուիրեց հանդիսատեսին, որի հետ մէկտեղ, հայ հանդիսատեսն ունեցաւ կրկնակի վայելք՝ դիտելով պարախմբի հայազգի մենակատար Տիգրան Սարգսեանին, որի պարն արժանացաւ ջերմ ընդունելութեան:
Տիգրան Սարգսեանը, որպէս պարող, իր նախնական կրթութիւնն ստացել է Երեւանի Պարարուեստի ուսումնարանում, ապա ուսանել Ցիւրիխի Պարարուեստի ակադեմիայում եւ Սան Ֆրանսիսկոյի Բալետի դպրոցում: Աշխատել է Դորթմունդի Բալետային թատրոնում եւ այժմ Լոս Անջելըսի Բալետի մենապարողներից է: Լոս Անջելըսի Բալետում, Տիգրան Սարգսեանի կողքին կան ընգրկուած այլ հայ ղեկավարներ, ինչ-որ նոյնպէս արժանի է գնահատանքի:
Որքա՛ն էլ տխուր է այն իրականութիւնը, որ հայրենի շատ արուեստագէտներ այլուր են յաջողութեան հասնում, ուրախալի է միաժամանակ, որ մենք ներդրում ենք ունենում բոլոր այն երկրներում, ուր հանգրուանում ենք, եւ որ ոչ միայն վերցնողի, այլեւ՝ տուողի դերում ենք, ինչպէս միշտ եղել ենք պատմութեան ընթացքում:
Սակաւ է հայ հանդիսատեսի թիւը նմանօրինակ ներկայացումների ժամանակ, մինչդեռ ցանկալի է, որ բազմաթիւ լինի այն, որը ոչ միայն խրախուսական կը լինի հայազգի արուեստագէտների համար, այլեւ կ՛օգնի բարձրաճաշակ հանդիսատես ձեւաւորելու խնդրին: Այլ հանգամանքներին առընթեր, յաճախ այդ կարգի հանդիսատեսի բացակայութիւնն է ցածրորակ, երբեմն էլ՝ անորակ հայկական գեղարուեստական յայտագրերի առատութեան եւ ծաղկումի պատճառներից մէկը. յայտագրեր, որոնք լեփ-լեցուն սրահներ են ապահովում եւ հետզհետէ աւելի հանդուգն են դառնում նորանոր բեմեր գրաւելու, գեղարուեստական ճաշակ փչացնելու եւ անարժանօրէն բարձր պարգեւների արժանանալու իրենց արշաւի մէջ:
Հայը ո՛չ միայն պէտք է սնի, այլեւ պէտք է սնուի այլ մշակոյթներից, ինչպէս վարուել է դարերի ընթացքում, յարգելով ու սիրելով սեփականը՝ լայնախոհաբար արտաշխարհի համար բաց պատուհաններ է պահել: Որպէս այս երկրում ապրողներ, պէտք է երբեմն այդ պատուհաններից դուրս նայենք, որպէսզի հաղորդակից դառնանք աշխարհի արուեստին:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ