Կանացի Թախծոտ Մի Ձայն՝ Ցեղասպանութեան Յուշարձանի Մօտ

Երեւանում գտնուող գագաթներից մէկում տեղակայուած Ցեղասպանութեան յուշարձանից արձագանգում է մի հայերէն երգի թախծոտ մեղեդին իսկ նոր բաժիններով համալրուելիք թանգարանը նախապատրաստւում է 2015-ին:

Որքան գագաթին ենք մօտենում, այնքան եղանակը ցրտում է: Տաքանալու համար ագուցում եմ աշնանային վերարկուիս կոճակները: Կա՛մ Երեւանի կենտրոնի եւ Ցեղասպանութեան յուշարձանի գտնուելու գագաթի միջեւ ջերմաստիճանի զգալի տարբերութիւն կայ, կա՛մ էլ ես եմ այդպէս զգում:

Հէնց հասնում ենք թանգարան եւ Ծիծեռնակաբերդ կոչուող Ցեղասպանութեան յուշարձանի գտնուած գագաթ, լսում ենք կանացի մի ձայն: Կինը երգում է յայտնի թախծալի հայկական «Տլէ եամանը»: Գեղեցիկ եւ զգացական ձայնը ծիծեռնակների պէս թեւածում է գագաթին: Հայ ժողովրդի՝ Ցեղասպանութիւնից յետոյ վերածնունդը խորհրդանշող բարակ, բարձր յուշասիւնից եւ 1915 թ. առաջ Անատոլիայում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.) հայերի բնակուած 12 վիլայեթները խորհրդանշող քարէ մոյթերից բաղկացած Ցեղասպանութեան յուշարձանը մեր առջեւում է: Սակայն նախ մտնում ենք թանգարան եւ աշխատակիցներից տեղեկութիւններ ստանում այնտեղ ցուցադրուող նմուշների եւ փաստաթղթերի մասին:

Ցաւալի Անցեալի Վկաները

Ցեղասպանութեան յուշարձանը նման է մի հայելու, որում արտացոլուած է 98-ամեայ վաղեմութիւն ունեցող խորը մթութիւնը: Անհնար է 1915 թ. տեղի ունեցածը ներկայացնող լուսանկարների, նմուշների ու վաւերագրերի կողքից անցնել մի սովորական թանգարան այցելած զբօսաշրջիկի հանգստութեամբ: Զգացւում էք, ցաւում, ձեր հոգին դառնանում է լուսանկարների դէմքերին նայելիս:

Առաջին բաժնում ներկայացւում է արեւմտահայերի, այսինքն Անատոլիայի հայերի՝ 1915 թ. առաջ ունեցած կեանքը՝ հին թերթեր, բնակչութեան գրանցումներ, եւրոպացի ճանապարհորդների՝ արեւմտահայերի առօրեայ կեանքի մասին նոթեր եւ այլ մանրամասներ…

Իսկ թանգարանի գլխաւոր սրահը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան թեմային:

1911-ին «Հոլոքոստ» Էր Ասել

Նախ հայեացք են նետում Ապտուլ Համիտ Երկրորդի ժամանակաշրջանում, 1980-ական թուականներից յետոյ սկսուած կոտորածների մասին Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների մամուլում հրապարակուած լուրերին: Անցեալի տխուր ստուերների հետ կողք կողքի քայլելիս մեր ուշադրութիւնն է գրաւում թանգարանի աշխատակից կնոջ խօսքերը: Թանգարանում ցուցադրուող մի գիրք մատնանշելով՝ նա ասում է. «1911 թ. մի անգլիացի գրողի հեղինակած սոյն գրքում առաջին անգամ կիրառուել է «հոլոքոստ» արտայայտութիւնը»: Այդպիսով տեղեկանում ենք, որ հոլոքոստը հրէական ցեղասպանութիւնից դեռ տարիներ առաջ է օգտագործուել՝ հայերի դէմ իրականացուած կոտորածները բնութագրելու համար:

Մահուան Ճամբորդութիւն

Որպէս Հայոց ցեղասպանութեան տարելից համարուող 1915 թ. ապրիլի 24-ին 235 հայ մտաւորականներ են ձերբակալուել եւ ուղարկուել մի ճամբորդութեան, որի վերջը մահն էր: Թանգարանում նայում եմ նրանց լուսանկարներին: Գլխաւոր տեղում գրող Գրիգոր Զոհրապն է, ապա՝ բանաստեղծ Դանիէլ Վարուժանը, երգահան, վարդապետ Կոմիտասը եւ այլք… Անատոլիայի հայկական համայնքի՝ մի քանի օրուայ ընթացքում բնաջնջուած մտաւորականութիւնը…

Կոտորածի Քաղաք Էլազիկը

1915-ին Էլազիկում (Խարբերդում «Ակունք»-ի խմբ.) պաշտօնավարած Միացեալ Նահանգների հիւպատոսը (ի նկատի ունի Լեսլի Տէյվիսին, որի յուշերը տպագրուել են «Սպանդի նահանգը» վերնագրով, «Ակունք»-ի խմբ.) թէ՛ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նոթեր է գրել եւ թէ՛ լուսանկարներ արել: Նրա՝ թանգարանում ցուցադրուող յուշերի համաձայն, Անատոլիայի զանազան քաղաքներից բերուած հայ տղամարդկանց հաւաքել են Էլազիկում եւ սպաննել: Թանգարանի աշխատակցից տեղեկանում ենք, որ Միացեալ Նահանգների հիւպատոսը հէնց դրա պատճառով Էլազիկին տուել է «Սպանդի նահանգ» անունը: Ապա խօսքն ակամայ հասնում է Հայոց ցեղասպանութեան նախագծողներից մէկի՝ ժամանակաշրջանի ներքին գործերի նախարար Թալէաթ փաշային: Աշխատակիցը նշում է. «1919 թ. դատավճիռ է կայացուել՝ Հայոց ցեղասպանութեան պատասխանատուները հանդիսացող իթթիհատականներին մահապատժի ենթարկելու վերաբերեալ: Սակայն դա առանձնապէս անկեղծ որոշում չէր, որի պատճառով էլ չգործադրուեց: Քանզի երբ սոյն վճիռը կայացուեց, այդ անձինք հեռացել էին Թուրքիայից: Ինչպէս յայտնի է, Թալէաթ փաշան էլ սպաննուել է Գերմանիայում, Սողոմոն Թեհլիրեան անուամբ մի հայի կողմից»:

Ցաւի Դաջուածքները

Այնուհետեւ նայում ենք հրկիզուած, ռմբակոծուած հայկական եկեղեցիների լուսանկարներին: Այն ժամանակաշրջանում ոչնչացուել է 2 հազարից աւելի եկեղեցի: Ոչ միայն մարդիկ են ոչնչացուել, այլեւ՝ նրանց հետքերը: Եղել են նաեւ դաջուածքով կանայք, որոնց ընտանիքները կոտորուած էին, իսկ իրենք՝ բռնի իսլամացուած, թուրքացուած, քրտացուած… Թանգարանի վերջին հատուածում տեղ է յատկացուած նրանց լուսանկարներին: Բոլորի ճակատին նոյն դաջուածքն է: Իրենց ապրած ցաւի, ամօթի խորհրդանիշը եղող այդ դաջուածքներով մեզ են նայում՝ պատմութեան մի մութ կէտում կանգնած:

Ամէն Շաբաթ Թուրքեր Են Գալիս

Ցեղասպանութեան թանգարանում տենդագին շինարարական աշխատանքներ են ընթանում: Քանի խորանում ես ներքին բաժանմունքներում, այնքան ուժգնանում են մուրճի եւ շաղափի ձայներն: Թանգարանը 2015 թ., այսինքն՝ Ցեղասպանութեան 100-ամեակին համալրուած է լինելու նորանոր տեղեկատուութեամբ եւ փաստաթղթերով: Հէնց դրան են ուղղուած այս բոլոր նախապատրաստական աշխատանքները: Թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը յայտնում է, որ իրենք բացելու են նաեւ Ցեղասպանութեանն ընդդիմացած եւ հայերին մահից փրկած թուրքերին նուիրուած մի բաժին, որում տեղ են գտնելու նրանց վերաբերեալ վաւերագրեր ու գրութիւններ: Երբ աշխատանքներն աւարտին հասցուեն, թանգարանը հիմիկուանից 2 ու կէս անգամ աւելի ընդարձակ կը լինի: Ինչպէս նշում են թանգարանի աշխատակիցները, յաճախ թուրքեր էլ են այցելում յուշարձան ու թանգարան, եւ իրենց տպաւորութիւնների մասին գրում հիւրերի համար նախատեսուած մատեանում: «Գրեթէ ամէն շաբաթ ոեւէ թուրք է գալիս թանգարան», ասում են աշխատակիցները:

Անատոլիայի 12 Վիլայեթները Եւ Անմար Կրակը

Թանգարանից դուրս գալով՝ քայլում ենք դէպի Ցեղասպանութեան յուշարձան: «Տլէ եաման» երգող այն կանացի թախծոտ ձայնը դեռ արձագանգում է գագաթին: Դէպի յուշարձան տանող ճանապարհին հանդիպում ենք թուրքերէն խօսող մի զոյգի: Պարզւում է՝ եկել են Պոլսից Երեւանը տեսնելու: Ասում են, որ շրջել են քաղաքում եւ հաւանել այն: Զրուցելուց յետոյ բաժանւում ենք նրանցից եւ շարունակում քայլել դէպի Ծիծեռնակաբերդ կոչուող յուշահամալիր: Անատոլիայի՝ անցեալում հայերով հոծ բնակեցուած 12 վիլայեթները խորհրդանշող քարէ մոյթերից բաղկացած յուշարձանի ճիշդ մէջտեղում անմար կրակն է, իսկ դրա կողքին՝ հայ ժողովրդի՝ Ցեղասպանութիւնից յետոյ վերածնունդը խորհրդանշող բարձր յուշասիւնը: Կրակն անմար է, իսկ Ցեղասպանութեան զոհերի յիշատակի համար կառուցուած յուշարձանին դրուած մեխակները՝ միշտ թարմ:

ՕԶԼԵՄ ԷՐԹԱՆ

«Թարաֆ»

Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Ակունք»

http://www.aztagdaily.com

Scroll Up