7-ամեայ Արցախցի Աղջնակին Նոր Տարուան Խնդրանքը Ձմեռ Պապիկէն

Նամակ Ձմեռ Պապիկին
Բարեւ Ձմեռ պապ, գրում եմ հեռավոր մի շատ գեղեցիկ վայրից` Արցախ աշխարհի սահմաններից` Մարտակերտից:
Ես Հարությունյան Բերտան եմ` այդ քաղաքի աշխույժ ու չարաճճի բնակչուհին: Ձմեռ պապ, ես բազում ցանկություններ ու երազանքներ ունեմ, սակայն իմ ամենամեծ ցանկությունը, որը կցանկանայի դու իրականություն դարձնեիր` դա սահմանամերձ բնակավայրիս ու Արցախիս խաղաղություն բերելն է: Ես ուզում եմ, որ այլեւս թշնամիներ չունենանք ու երեխաներս ապրենք խաղաղ երկնքի տակ: Ձմեռ պապ, ես շատ եմ վախենում արկերի պայթյունից, նրանց անչափ վախենալու ձայնից իմ փոքրիկ սրտիկը սկսում է արագ բաբախել: Խնդրում եմ բարություն ու սեր բեր համայն մարդկությանը, որ այլեւս ոչ մի մանկան սրտիկ չտրոփի վախից…
Ձմեռ պապ, ես անչափ սիրում եմ Նոր տարին, գիտեմ, որ այդ օրը բոլոր երազանքները կատարվում են: Սիրում եմ տոնածառն իր բոլոր փայլերով ու գեղեցկությամբ: Խաղալիքներ անչափ եմ սիրում: Տիկնիկներ, փափուկ արջուկներ շատ ունեմ, սակայն միշտ երազել եմ հեծանիվ ունենալ, բայց ծնողներս այն ինձ համար չեն գնել, որովհետեւ ես չարաճճի եմ, ու ասում են վտանգավոր է ինձ համար: Ձմեռ պապ, խնդրում եմ ինձ համար հեծանիվ բերես, ես այն թաքուն կպահեմ մայրիկից ու հայրիկից: Ես գիտեմ, որ քեզ նամակ գրող շա~տ ու շա~տ փոքրիկներ կան, գիտեմ, որ բոլորիս նվիրական երազանքները դու կարող ես իրագործել: Ձմեռ պապ, ես անհամբեր ու սիրով սպասում եմ քո գալուն, եւ գիտեմ, որ կբերես իմ երազած խաղաղությունը, եթե չկարողանաս բերել հեծանիվս` հոգ չէ, ես շատ չեմ տխրի, բայց խաղաղությունս, խաղաղությունս չմոռանաս, այն կդառնա բոլորիս սպասված նվերը:
Քեզ անչափ սիրող ու սպասող, քո թոռնուհի` ԲԵՐՏԱ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի 2-րդ «ա» դասարանի աշակերտուհի