Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում անցկացուող «Եկեղեցի եւ պետութիւն փոխյարաբերութիւններ. հրամայակններ եւ մարտահրաւէրներ» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
Հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին, կարեւորեց նման գիտաժողովի անցկացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակութիւնը յայտնեց գիտաժողովի գումարման առիթով` ողջունելով Քոյր Եկեղեցիների, էկումենիկ կազմակերպութիւնների, միջազգային եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը գիտաժողովին եւ իր գնահատանքը յայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին:
Վեհափառ Հայրապետը, կարեւորելով գիտաժողովի շրջանակներում քննարկուող նիւթը, վստահօրէն նշեց, որ այն փորձառութեան փոխանակմամբ պիտի փոխադարձաբար զօրացնի ժողովի մասնակիցներին, նպաստի համագործակցութեան ամրապնդմանը եւ երկրում ժողովրդավարական կառոյցների հզօրացմանը: «Գոհունակութիւն է մեզ համար հաստատել, որ Հայաստանում առկայ է կրօնական ազատութիւն, որը երաշխաւորուած է օրէնքով: Բնականաբար, Մայր Եկեղեցին առանձնայատուկ կարգավիճակ ունի այս երկրում, որպէս Ազգային Եկեղեցի, ինչն ամրագրուած է ՀՀ Սահմանադրութեան մէջ, որով կարեւորւում է Հայոց Եկեղեցու դերը մեր ժողովրդի կեանքում…: Սակայն, Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնայատուկ կարգավիճակը երբեք խոչընդոտող հանգամանք չէ այլ կրօնական կազմակերպութիւնների եւ Եկեղեցիների համար, որոնք գործում են Հայաստանում», – ընդգծեց Նորին Սրբութիւնն իր խօսքում` մասնաւորապէս անդրադառնալով Հայ Եկեղեցու անդամակցութեանը միջազգային էկումենիկ կազմակերպութիւններին եւ Քոյր Եկեղեցիների հետ սերտ յարաբերութիւններին:
Վերստին ուրախութիւն յայտնելով գիտաժողովի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդիւնաւէտ ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին, որոնք մեծապէս պիտի զօրացնեն եկեղեցիների գործակցութիւնը` յանուն բարօր, արդար եւ խաղաղ աշխարհի:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց գիտաժողովի մասնակիցներին յուզող հարցերին:
Հանդիպումից յետոյ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին Մատենադարանի դահլիճում ժողովականները ներկայ գտնուեցին ասեղնագործ-գեղանկարիչ Մարիետայ Մարտիրոսեան-Ալեքսանեանի «Հոգու շարական» խորագրով ցուցահանդէսի բացմանը: