Տեղի ունեցաւ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողութիւնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/19-3.jpg)
Հոկտեմբերի 19-ին Տաւուշի թեմում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Հաղարծնի վանական համալիրի բացման արարողութիւնը:
Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացեալ Էմիրութիւնների Գերագոյն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցութիւն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ բարերարութեամբ:
Բացման արարողութեանը ներկայ էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը, Շարժայի կառավարիչ շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյայ Ջաֆարը, ՀՀ Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, Մայր Աթոռի միաբաններ, Տաւուշի մարզպետ Արմեն Ղուլարեանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսեանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանեանը, ՄԱԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գեղամ Ղարիբջանեանը, Շարժայի հայ համայնքի անդամներ եւ հիւրեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուած վանքի բացման եւ օրհնութեան արարողութիւնից հետօ ներկաներին ողջոյնի խօսքով դիմեց Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիկոպոս Պետրոսեանը: Սրբազանն իր ուրախութիւնն արտայայտեց շնորհիւ Շեյխ Քասիմիի վանքի հիմնանորոգութեան եւ բարեկարգման առիթով` ընդգծելով, որ այն սիրելի ուխտավայր է ինչպես հայորդիների, այնպես եւ Հայաստան այցելող օտարների համար: Եզնիկ Սրբազանը նաեւ անդրադարձաւ վանքերի կարեւոր պատմական դերակատարութեանը` ընդգծելով, որ բարենորոգուած Հաղարծինն այսուհետ լիարժեք գործելով կվերագտնի իր հիմնական առաքելութիւնը` դառնալով միջկրօնական երկխօսութեան գործնական վկայութիւնը:
Այնուհետեւ իր սրտի խօսքն ասաց տիար Համիդ Դիյայ Ջաֆարը: Շնորհաւորելով վանքի վերաբացման առիթով` տիար Ջաֆարը ամենքին փոխանցեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի ողջոյններն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ ափսոսանքը, որ չի կարողացել անձնապես ներկայ գտնվել այս յատկանշական եւ մեծ իրադարձութեանը: Շարժայի կառավարչի նուիրակն անդրադարձաւ նաեւ Արաբական աշխարհում եւ մասնաւորապես Միացեալ Արաբական Էմիրութիւններում բնակուող հայերի նկատմամբ արաբ ժողովրդի վերաբերմունքին: «…Արաբական աշխարհը մասնաւորապես, հակառակ որ հիմնականում մահմեդական է, միշտ գնահատել է հայերին որպես եղբայրների եւ նրանց համար անվտանգ կեցութիւն ապահովել: Հայերն էլ իրենց հերթին դարեր շարունակ Արաբական աշխարհը ամենայարմար վայրն են նկատել իրենց ազգային ինքնութեան պահպանութեան համար եւ ի պատասխան` մեծապես նպաստել են իրենց երկրների շենացմանը` յաջողութեամբ նեգրաւվելով առեւտրի, արհեստների եւ այլ ոլորտներում:
Նորին Գերազանցութիւն Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին միշտ բարձր է գնահատել Շարժայի հայ համայնքին՝ որպես հասարակութեան բարեպաշտ, հաւատաւոր, վստահելի եւ աշխատասեր անդամների, ընդգծելով յատկապես հայորդիների սերը գիտելիքի եւ կրթութեան նկատմամբ: Նորին Գերազանցութեան սերն ու գնահատանքը Շարժայի հայ համայնքի հանդեպ լաւագոյնս դրսեւորվեց, երբ նա տարածք նուիրաբերեց Արաբական Միացեալ Էմիրութիւններում միակ հայկական եկեղեցու կառուցման համար, որն օծվեց 1998 թուականին», – նշեց տիար Համիդ Ջաֆարն իր խօսքում` հաւելելով, որ շեյխ Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմին մեծապես հպարտ է նաեւ պատմական Հաղարծնի վանական համալիրի վերանորոգութեան գործում ներգրաւուած լինելու համար:
Իր խօսքում Շեյխ Քասիմիի նուիրակն ընդգծեց, որ Շեյխ Սուլթանը մեծ ակնածանք է տածում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ եւ բարձր է գնահատում նրա գործունեութիւնը` նշելով, որ Վեհափառ Հայրապետը եւ Շարժայի կառավարիչն ունեն միեւնոյն տեսլականը մի շարք կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկութեան խաղաղ եւ անվրդով կեանքի հենասիւներ հանդիսացող շարունակական միջկրօնական երկխօսութիւնը, այլ կրօնների եւ մշակոյթների հանդեպ հանդուրժողականութիւնը, փոխադարձ յանգանքն ու սերը:
Այս առիթով տիար Ջաֆարը նաեւ շնորհակալութիւն յայտնեց ՀՀ ԱԺ նախագահին եւ տիար Վարուժ Ներգիզեանին` Հաղարծնի վանական համալիրի վերանորոգութեան գործում ներդրած ջանքերի համար:
Ապա վանքի բացման առիթով ներկաներին շնորհաւորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը: Իր խօսքում ԱԺ նախագահն անդրադարձաւ մասնաւորապես հայ-արաբական դարաւոր բարեկամութեանը եւ ներկայիս համագործակցութեանը Հայաստանի եւ Միացեալ Արաբական Էմիրութիւնների միջեւ: Այնուհետեւ տիար Աբրահամեանը տեղեկացրեց, որ Արաբական Միացեալ Էմիրութիւնների Գերագոյն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցութիւն Շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամադ Ալ Քասիմիին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից պարգեւատրվել է Պատուոյ շքանշանով: Իսկ Շարժայի կառավարչի ներկայացուցիչ Համիդ Դիյայ Ջաֆարին տիար Աբրահամեանը յանձնեց «Անանիա Շիրակացի» մեդալ` տնտեսական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում կարեւոր ներդրման համար:
Վերջում ներկաներին օրհնութեան խօսք ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհութիւն ենք մատուցում Երկնաւորին, որ օրհնեց Հաղարծնի նշանաւոր պատմական համալիրի հիմնանորոգման բարի ձեռնարկումը: Փառք ենք մատուցում Բարձրեալին, որ հաւատքը, մարդասիրութիւնը, եղբայրասիրութիւնը զօրեղ են մարդկային ներաշխարհում, եւ այդ ոգով երկնահաճոյ բարեգործութիւններ են իրականացւում` աստուածաշնորհ կեանքը լցնելով օրհնութեամբ եւ խնդութեամբ:
Հաղարծնի վանական համալիրի վերանորոգութիւնը եւ միաբանական շենքի կառուցումը իրականացվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ, Շարժայի Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ նուիրատուութեամբ: Այսօր թեպետ այստեղ չէ պատուարժան Շեյխը, սակայն մեզ հետ է իր խոհերով, բարի կամեցօղութեամբ ու բարեկամութեան ջերմ զգացումներով, որոնք մեզ փոխանցելու է եկել նրա ներկայացուցիչը` մեծարգոյ տիար Համիդ Դիյայ Ջաֆարը:
…Սիրելիներ, Հաղարծնի հինաւուրց վանքը` շարականագրի խօսքով արդեն նորափետուր զարդարեալ, իր դռներն է բացում հաւատաւոր բոլոր ուխտաւորների առջեւ: Բարեզարդուած այս կամարների ներքոյ մշտահունչ պիտի լինեն առ Աստուած բարձրացող աղօթքն ու գոհաբանական փառաբանութիւնը, եւ աստուածային շնորհները պիտի բաշխվեն` զօրացնելով աստուածպաշտութեան առաքինի ընթացքը Տիրոջ հաւատաւոր հոտի:
Հաղարծնի վանքը աւելի քան հազար տարի իր ներդրումն է բերել հայոց հոգեւոր, ազգային-մշակութային կեանքի առաջընթացին: Մեր պատմիչները խօսել են Հաղարծնի մասին նաեւ որպես ուսումնագիտական յայտնի կենտրոնի, որը մեծապես նպաստել է ազգային մեր անդաստանում կրթութեան եւ լուսաւորութեան տարածմանը եւ հայ գիտական մտքի զարգացմանը: Բարեկարգ պայմաններում նոր պայծառութեամբ պիտի գործի Հաղարծնի վանքը եւ վանական կեանքի վերահաստատումով պիտի արգասաւորուի Աւետարանի քարոզութեան ու կրթագիտական նրա առաքելութիւնը:
Պատուարժան Շեյխի վսեմագործութիւնը արտայայտութիւնն է հայոց հանդեպ նրա եղբայրասիրութեան ջերմ զգացումի եւ հայ-արաբական բարեկամութեան: Պատմութեան դարաւոր իրադարձութիւնների յիշատակներով, տնտեսական ու մշակութային սերտ առնչութիւններով են շաղկապուած յարաբերութիւնները հայոց եւ արաբական աշխարհի, որը վաղնջական օրրաններից է մարդկութեան քաղաքակրթութեան: Հայ-արաբական բարեկամութիւնը փրկարար եղաւ մեր ժողովրդի համար Հայոց Ցեղասպանութեան դժնդակ օրերին, երբ Եղեռնից մազապուրծ բազմահազար հայորդիներ ապաստանեցին արաբական աշխարհի տարբեր երկրներում, հոգածութիւն, հիւրասիրութիւն ու խնամք գտան իրենց արաբ եղբայրների եւ քոյրերի կողմից: Արաբական բարեկամ երկրների իշխանութիւնները ամենուր սատար եւ աջակից եղան հայորդիներին` կազմակերպելու ազգային-հոգեւոր իրենց կեանքը, քանզի վստահ էին հայ համայնքների օրինապահ ընթացքին եւ բարեկամական զգացումներին եղբայր ժողովուրդների նկատմամբ: Մեր ժողովուրդների եղբայրութիւնը եւ հաստատուած անքակտելի բարեկամութիւնը առիթ տվեց ազգիս զաւակներին մասնակցելու եւ նպաստելու իրենց համար երկրորդ հայրենիք դարձած արաբական երկրների վերելքին, բարգաւաճմանն ու ծաղկումին:
Գոհունակութիւն է Հայոց Հայրապետիս համար անդրադառնալ, որ պատուարժան Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ-Քասիմին զօրակից եղաւ Շարժայում հայ համայնքի հաստատմանը եւ հաւատաւոր մեր զաւակների ազգային կեանքի կազմակերպմանը: Պատուարժան Շեյխի ազնիւ զօրակցութեամբ է կառուցվել Շարժայի հայոց Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որի շուրջ ներկայիս համախմբուած է հայ համայնքի կեանքը: Այստեղ բնակութիւն հաստատած մեր ժողովրդի զաւակները` գործարարներ, արհեստաւորներ, բժիշկներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, երախտագետ սրտով իրենց բարի նպաստն են բերում Արաբական Միացեալ Էմիրութիւնների զարգացմանն ու բարգաւաճմանը: Ուրախալի է, որ այսօր զարգացում են ապրում Արաբական Միացեալ Էմիրութիւնների եւ Հայաստանի Հանրապետութեան միջպետական յարաբերութիւնները: Տարիներ առաջ յարգարժան Շեյխի Հայաստան այցելութեամբ այդ յարաբերութիւններն առաւել ամրապնդվեցին` գիտական, մշակութային, տնտեսական բնագաւառներում համագործակցութեան, ինչպես նաեւ քաղաքակրթութիւնների երկխօսութեան նոր հեռանկարներով:
Այս նշանակալի առիթով Մեր հաւատաւոր ժողովրդի անունից ի դեմս մեծարգոյ տիար Համիդ Դիյայ Ջաֆարի` խորազգաց շնորհակալութիւն ենք յայտնում եւ Մեր գնահատանքը բերում Շարժայի Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ-Քասիմիին իր ազնիւ յանձնառութեան համար` մաղթելով արեւշատ կեանքի երկար օրեր, բարի կառավարում եւ երկնահաճոյ գործոց յաջողութիւններ», – ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբութիւնը հայրապետական իր գնահատանքն ու օրհնութիւնն բերեց նաեւ վանական համալիրի նորոգութեանը նպաստ բերած «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նորոգութեան գործում մեծ ջանքեր ներդրած հայորդիներին` տիար Վարուժան Ներգիզեանին եւ Հրայր Սողոմոնեանին, ինչպես նաեւ` վերականգնող ճարտարապետներին ու շինարարներին:
Իր խօսքի աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը հրաւիրեց ներկաներին հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամութեան գեղեցիկ նոր վկայութիւն մատուցող Հաղարծնի վանական համալիրից միասնական աղօթք բարձրացնել երկինք` հայցելով, որ Ամենակալն Աստուած հաստատուն պահի մեր երկրների ու ժողովուրդների եղբայրութիւնը, ամրապնդի խաղաղութիւնն ու համերաշխութիւնը աշխարհում, համայն մարդկութեան կեանքում:
Արարողութեան աւարտից հետո ներկաները շրջայց կատարեցին վանական համալիրում: