Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետութեան ակադեմիայի նախագահին
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի 70- ամեակի առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետութեան ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկին եւ տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների` ուղեկցութեամբ ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ Ռադիկ Մարտիրոսեանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ տարբեր երկրների ակադեմիաների ու գիտական հաստատութիւնների միջեւ ձեւաւորուած համագործակցութեանը` յոյս յայտնելով, որ փորձի փոխանակութիւնը եւ սերտ գործակցութիւնը պիտի նպաստեն գիտութեան առաջընթացին: Խօսելով գիտական հաստատութիւնների առջեւ ծառացած դժուարութիւնների ու մարտահրաւէրների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահութիւն յայտնեց, որ դրանք կը յաղթահարուեն գիտնականների կամքի, համատեղ ջանքերի եւ գիտական հաստատութիւնների գործունէութեան վերակազմակերպման շնորհիւ:
Հանդիպման ընթացքում Ռումինիայի ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկը Վեհափառ Հայրապետին շնորհեց Ռումինիայի ակադեմիայի դոկտորի պատուաւոր կոչում: Նորին Սրբութեանը փոխանցելով պատուաւոր դոկտորի վկայագիրը` տիար Հայդուկը մեծագոյն պատիւ նկատեց այս արարողութիւնը նախագահելը` վերյիշելով Նորին Սրբութեան այցը Ռումինիայի ակադեմիայ եւ դասախօսութիւնը: Այս առիթով Ռումինիայի ակադեմիայի նախագահն իր խօսքում ընդգծեց նաեւ, որ կրօնն ու գիտութիւնը ամբողջապէս կարող են համագործակցել:
Վերստին շնորհաւորելով հայ ակադեմիկոսներին ՀՀ ԳԱԱ 70-ամեակի առիթով եւ երախտագիտութիւն յայտնելով ներկաներին այցի ու պատուաւոր կոչման համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օգնականութեամբ առաւել արգասաբեր դառնայ ակադեմիաների միջեւ ձեւաւորուած համագործակցութիւնը: