Տեղի Ունեցաւ Հեռաժողով` Ռումանիոյ Հայ Համայնքի Ներկայացուցիչներուն Հետ

Յունիս 17-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան մէջ տեղի ունեցաւ հեռաժողով` Ռումանիոյ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, որուն մասնակցեցան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնեանն ու Վահագն Մելիքեանը, նախարարութեան աշխատակիցներ:

Տեսակապով հեռաժողովին մասնակցեցան Ռումանիոյ մէջ ՀՀ դեսպան` Համլէտ Գասպարեան, Ռումանահայոց Միութեան նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանեան, Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տէր Տաթեւ եպիսոկոպոս Յակոբեան, ՌՀՄ փոխնախագահ, Ռումանիոյ խորհրդարանին մէջ ազգային փոքրամասնութիւններու խումբի ղեկավար Վարուժան Փամբուկչեան, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ:

Բարձր գնահատելով համայնքի կազմակերպուածութիւնը` նախարարը նշեց. «Ուրախ եմ ձեզ ողջունել տեսակապի միջոցով, կարծում եմ, որ այն շարունակական կը լինի: Ապրիլեան  վերջին իրադարձութիւնները եւս մէկ անգամ փաստեցին սփիւռքի համախմբուածութիւնն ու միասնականութիւնը: Խորին  շնորհակալութիւն եմ յայտնում Սփիւռքին եւ, մասնաւորապէս ռումինահայ համայնքին, որ անմիջապէս արձագանքեցին եւ թէ՛ բարոյական, թէ՛ նիւթական աջակցութիւն ցուցաբերեցին Արցախին: Այսօր մեր հիմնախնդիրը Հայաստանի եւ Արցախի հզօրացումն է, եւ մենք` համախմբուելով Հայրենիքի շուրջը, պէտք է կարողնանք սփիւռքեան կառոյցների գործուն  աջակցութեամբ  հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը»:

Նախարարը անդրադարձաւ  Հռոմի Պապի` Հայաստան կատարելիք այցին: «Յունիսի 24-26-ին Հայաստան է այցելելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ սա է Ապրիլի 12-ին մատուցած պատարագից յետոյ նրա երկրոդ մեծագոյն քայլն է: Հռոմի Պապն այցն անուանել է ուխտագնացութիւն դէպի առաջին քրիստոնեայ երկիր: Կարծում եմ այդ երեք օրերը շատ մեծ պատմական, քաղաքական եւ ազգային նշանակութիւն կ’ունենան»,- նշեց ան:

Նախարարը նաեւ համայնքին յորդորեց առաւել աշխոյժ մասնակցիլ նախարարութեան ծրագիրներուն` ընգծելով ատոր անհարժեշտութիւնը համայնքը առաւել աշխուժացնելու, ազգային արմատներէն կտրուած հայերուն հայ իրականութիւն վերադարձնելու եւ Սփիւռքը Հայրենիքին հետ կապելու համար:

Շնորհակալութիւն յայտնելով նման ձեւաչափով համագործակցելու հնարաւորութեան համար` դեսպան Համլէտ Գասպարեան նշեց. «Այս տեսակապը թոյլ է տալիս համայնքների եւ Սփիւռքի նախարարութեան պատասխանատուներին միմեանց ճանաչել, անմիջականօրէն շփուել եւ խօսել համատեղ ծրագրերի եւ համահայկական հարցերի մասին: Ռումինահայ համայնքը հազարամեակի պատմութիւն ունի, որով անբաժանելի մաս է կազմում հայ ժողովրդի պատմութեան եւ քաղաքակրթութեան: Հետեւաբար այսօր համայնքի պահպանումը եւ կենսագործունէութեան ապահովումը համազգային առաջնահերթութիւններից է: Առաջնային հարցերից են համայնքի թուի նուազումը մարդահամարի վերջին տուեալներով այն հազիւ հասնում է 2000-ի, ասիմիլացիայի բարձր աստճանը, սերնդափոխութիւնը, հայոց լեզուի տիրապետումը եւ հայկական վիթխարի մշակութային ժառանգութեան պահպանումը: Ռումինահայ համայնքի իւրայատկութիւններից է Թրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի դարաւոր եւ մեկուսի գոյութիւնը, որ բարեբախտաբար վերջին քսան տարուայ ընթացքում Ռումինիայի Հայոց միութեան եւ թեմի ջանքերով ներգրաւուում է համահայկական կեանքի մէջ: Այս մարտահրաւէրները նկատի առնելով` Հայաստանի դեսպանութիւնը ձեռնարկել է մի շարք քայլեր. Պուխարեստի համալսարանում վերսկսել է հայոց լեզուի դասաւանդումը, որը 2011-2012 ուստարուանից ի վեր վարում է դոկտ. Աիտա Մարկոսեանը: Այդ ընթացքում նա վերամշակել եւ հրատարակել է ռումինախօսների համար հայոց լեզուի իր քառահատոր դասագրքի 1-ին եւ 2-րդ հատորները: Իր հերթին, Ռումինիայի կրթութեան նախարարութեան գրիֆով հրատարակուել է Ուլնիա Պըլընարու Մականեանի Արեւմտահայերէն լեզուի դասագիրքը, ՌՀՄ պատուէրով Վարդան Մարթայեանի «Հայ-ռումէն» եւ «Ռումէն-հայ» բառարանները: Ռումինական Ակադեմիայի եւ ՀՀ ԳԱԱ միջեւ ստորագրուել է համագործակցութեան համաձայնագիր: Նման համաձայնագրեր ԵՊՀ-ն ստորագրել է Պուխարեստի եւ

Քլուժի համալսարանների հետ: Քլուժի համալսարանում բացուել է Հայագիտութեան ինստիտուտ: Համագործակցութեան համաձայնագիր է պատրաստւում ստորագրուել Հայաստանի եւ Ռումինիայի ազգային արխիւների միջեւ: Ռումինիայի բուհերում տարեկան ութ կրթաթոշակ է յատկացւում Հայաստանի ուսանողներին: Երեւանի լեզուաբանական համալսարանում դասաւանդւում է ռումիներէն: Ռումինահայ մշակութային ժառանգութեան պահպանութեան գծով 2013թ. Պուխարեստում կազմակերպել ենք միջազգային գիտաժողով: Առաջիկայ Հոկտեմբերին Ռպաթ-ում պատրաստում ենք խոշոր ցուցահանդէս, հրատարակուելու է ծաւալուն կատալոգ: Անցեալ Հոկտեմբերին Ռումինական Ակադեմիայում կազմակերպեցինք Յակոբ Սիրունու ծննդեան 125-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով, եւ Հայաստանում թողարկեցինք յոբելեանական բացիկ: Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամեակի կապակցութեամբ 2012թ. Ռոմֆիլատելիան եւ Հայփոստը թողարկեցին համատեղ նամականիշ:

 Աջակցելու համար համայնքային կեանքին եւ հայապահպանութեան ջանքերին, դեսպանութեան նախաձեռնութեամբ 2012թ. եղբայրական կապեր ենք հաստատել ՀՀ եւ Ռումինիայի 10-ական քաղաքների միջեւ, յատկապէս Ռումինիայի այն քաղաքների, ուր առկայ է հայոց պատմական ներկայութիւն, ժառանգութիւն եւ համայնք»:

Դեսպանը անդրադարձաւ նաեւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ իրականացուած աշխատանքներուն եւ նշեց. «Ռումինիայի պաշտօնական դիրքորոշումն է այս հարցում դրսեւորել առաւելագոյն զգուշաւորութիւն` թողնելով երկու կողմերին հաշտութեան եզրեր գտնելու: 2015թ. առաջին անգամ Ռումինիայի նախագահի մակարդակով ուղերձ յղուեց հայ ժողովրդին այդ մեծ ողբերգութեան 100-ամեակի առիթով: Ռումինիայի խորհրդարանի Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահը յայտարարութիւն տարածեց` կոչ անելով Ռումինիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ Ապրիլի 24-ը յայտարարել ցեղասպանութեան զոհերի յիշատակի միջազգային օր: Հայերին ուղղուած ուղերձներ արւում են տեղական մակարդակներով: 2014թ.-ին թեմի ջանքերով Պիտեշտում կանգնեցուեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշարձան, ինչը նախատեսւում է նաեւ Պուխարեստում: Սենատոր Վարուժան Ոսկանեանը եւ պատգամաւոր Վարուժան Փամբուկչեանը պարբերաբար հարց են բարձրացնում Ռումինիայի խորհրդարանում ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը: Հանրային մակարդակով Ռումինիայում Ցեղասպանութեան թեման լայն քննարկման առարկայ է ամբողջ տարուայ ընթացքում: Տպագրւում են ծաւալուն յօդուածներ, գրքեր, պատրաստւում հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, թատերական եւ երաժշտական ներկայացումներ, ցուցահանդէսներ, գիտաժողովներ: Առանձնայատուկ տեղ է զբաղեցնում Վարուժան Ոսկանեանը «Շշուկների մատեան» վէպը, որը Ռումինիայի ներսում եւ աշխարհում կատարում է քարոզչական վիթխարի գործ: Այս հարցում Ռումինիայի առանձնայատկութիւններից է, որ մինչեւ այժմ չեն դրսեւորուել ժխտողականութեան դէպքեր»:

Հեռաժողովի մասնակիցներուն ողջունեց համայնքի նախագահ Վարուժան Ոսկանեան: Ան անդրադարձաւ համայնքէն ներս առկայ խնդիրներուն, իրականացուցած ձեռնարկներուն եւ յառաջիկայ ընելիքներուն:

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Ռումանիոյ մէջ ազգային ներուժի համախմբման, համայնքային կեանքի կազմակերպման հետ կապուած հարցեր, ուղենշուեցան համագործակցութեան յետագայ քայլերը:

Scroll Up