«Մեծ Հաշուով, Այս Քայլով Քրտերը Պաշտպանում Են Ցեղասպանութեան Ժխտման Թուրքական Նոր Թեզը». Գէորգ Պետրոսեան
Վերջերս Թուրքիայի Տիգրանակերտ նահանգի Սուր քաղաքում բացուեց յուշակոթող` նուիրուած Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Որոշ կայքեր, յատկապէս` ազրպէյճանական, նշեցին, որ սա Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշարձանն է, եւ որ` Սուրի քաղաքապետ Ապտիւլլա Տեմիրպաշը թուրքական իշխանութիւններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանութիւնը, ներողութիւն խնդրել եւ հատուցել ցեղասպանութեան վնասները: Տիգրանակերտում այս յուշակոթողի բացման դրական ու բացասական կողմերն ու հետեւանքները «Նիութ.ամ» կայքի ընթերցողների համար պարզաբանում է թուրքագէտ Գէորգ Պետրոսեանը:
«Այդ յուշակոթողը միայն հայերի ցեղասպանութեանը չի նուիրուած: Այն ընդհանուր կոթող է, որ հաւասարաբար վերաբերւում է հայերին, թուրքերին, քրտերին, ասորիներին, յոյներին, եզիտիներին, բոլոր նրանց, ովքեր տուժել են Ա. Աշխարհամարտից: Այստեղ խօսքը միայն Հայոց ցեղասպանութեան մասին չէ: Մեծ հաշուով, այս քայլով քրտերը պաշտպանում են Հայոց ցեղասպանութեան ժխտման թուրքական ժամանակակից պաշտօնական թեզը, որում ասւում է, թէ 1915-ին որոշ դէպքեր եղել են, բայց դրանից հաւասարաչափ տուժել են նաեւ թուրքերը:
«Ի հարկէ, չեմ կարող ամբողջովին պնդել, թէ ուղիղ Անգարայի ուղղորդմամբ է դա արուել, անկեղծութիւն էլ կարելի է գտնել նրանց քայլում, սակայն, որ այն անուղղակիօրէն պաշտպանում է պաշտօնական Անգարայի տեսակէտը, ակնյայտ է: Քիւրտ քաղաքապետ Ապտիւլլա Տեմիրպաշը յայտնի է իր հայամէտ քաղաքականութեամբ:
«Ընդհանրապէս, Տիգրանակերտի շրջանի ինքնակառավարման մարմինները մշտապէս հայերի հետ սերտ յարաբերութիւններ են փորձում հաստատել: Դրա վառ վկայութիւնն է Սուրբ Կիրակոսի վերանորոգումը, հայերէն ցուցանակները Տիգրանակերտում:
«Այսպէս, Անգարայի դէմ քաղաքականութիւն վարելով` քրտերը փորձում են իրենց ինքնուրոյնութիւնը հաստատել: Նրանք Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ յայտարարութիւններ են անում, վերանորոգում են հայկական յուշարձանները, յուշակոթողները: Նրանք փորձում են հայկական խաղաքարտն օգտագործել Անգարայի դէմ եւ իրենց դաշնակից գտնել: Ի վերջոյ, հիմա նրանք դաշնակիցներ ունենալու պահանջ ունեն:
«Այսինքն հայերի հետ լաւ յարաբերութիւնները, հայկական պատմամշակութային օճախների պահպանումն այսօր բխում է քրտական շահերից: Տիգրանակերտում եւ քրտաբնակ միւս շրջաններում տեղի բնակչութիւնը մշտապէս փորձում է ինքնուրոյնութիւն ցուցաբերել:
«Սա մեր գեղեցիկ աչքերի համար չէ, որ արւում է, այլ որոշակի քաղաքականութեան մի մասն է: Բայց քրտերի այս քայլը մենք կարող ենք օգտագործել ու որոշ դրական ձեռքբերումներ ունենալ` պատմամշակութային ժառանգութեան պահպանման հարցում: Իսկ վտանգաւորն այն է, որ քրտերի մէջ ընդհանրապէս տարածուած է` որտեղ մէկից աւելի քիւրտ կայ, դա Քիւրտիստան է: Պատմական Հայաստանի տարածքում այսօր արդէն մի քանի միլիոն քիւրտ է բնակւում», ասում է Գէորգ Պետրոսեանը:
aztagdaily.com