«Գիշերն Աւելի Շատ Լոյս Եմ Տեսնում, Քան Ցերեկը»
Շատ է զգացմունքը եւ պակասում է կոնկրետութիւնը: Այսպէս է բնութագրում իր նկարները երիտասարդ նկարչուհի Հռիփսիմէ Մանթաշեանը: Տեսաւ, զգաց, պատկերեց` չկենտրոնանալով մասնագիտական ճշգրտութիւնների վրայ: Սովորաբար այսպէս են ծնւում նրա նկարները:
Չնայած Հռիփսիմէն նաեւ պատուէրներ է ընդունում, բայց իր արուեստում կարեւորում է զգացմունքն ու այդ պահի հոգեվիճակը: Այժմ էլ խոստովանում է, որ սկսել է նկարել մի կնոջ դիմանկար (ոչ պատուէրով), բայց չի աւարտել. ամիսներ շարունակ չի կարողանում մօտենալ նկարին:
Հռիփսիմէի նկարները միմեանցից տարբեր են թէ գունային, թէ ժանրային տեսանկիւնից: Ամէն մէկը կոնկրետ հոգեվիճակի, կեանքի փուլի արդիւնք է: Միաժամանակ, դրանք փնտռտուքների, նորը փորձելու, իւրովի դրսեւորուելու միջոց են: Նկարչուհին խոստովանում է, որ չի կարող անընդհատ նոյն ժանրով ու ձեւով նկարել, պէտք է փոխել ոճը, որպէսզի լճացում չլինի: Հանգիստ գոյներով բնապատկերների կողքին յայտնւում են վառ գոյներով կմախքներ, մելամաղձոտ դիմանկարների կողքը` մօրէմերկ կանայք:
Կմախքների, մարդու ներքին օրգանների միջոցով, որոնք ֆիզիկական բնոյթ ունեն, Հռիփսիմէն փորձում է ցոյց տալ մարդու ներաշխարհը, պատկերել նրանց այնպէս, ինչպէս տեսնում է ինքը: Այստեղ գուցէ մարդն ունի ընդամէնը մէկ ոտք կամ երկու սիրտ. արուեստում կենսաբանութիւնն «աղաւաղւում է»: Այդպիսին են նաեւ Հռիփսիմէի նկարած դիմանկարները, որոնք աւելի շուտ հոգեվիճակ են, քան մարդու ֆիզիկական տուեալների արտացոլումը: Հռիփսիմէն, ով նաեւ գեղանկարչութիւն է դասաւանդում, սիրում է յատկապէս իր աշակերտների դիմանկարներն անել: Յիշում է, որ սկզբում շատերն անգամ նկարներում իրենց չէին ճանաչում, բայց յետոյ արդէն սովորեցին ուսուցչուհու ոճին:
Այժմ Հռիփսիմէն աշխատում է Նոյեմբերեանի գեղարուեստի դպրոցում եւ «Յոյսի կամուրջ» ՀԿ-ում: Նրա ամուսինը նոյնպէս նկարիչ է, սակայն հանգամանքների բերումով այլ գործով է զբաղւում: Հռիփսիմէն ասում է, որ այնպէս է ստացուել` տանը մէկը նկարում է, միւսը` աշխատում:
Նկարչուհու խօսքերով` բնապատկերներ նկարելիս կարծես իր հոգին, ներաշխարհը զարթօնք են ապրում, դրանք շատ աւելի զգայական ֆոնի վրայ են ստեղծւում, իսկ մարդուն պատկերելիս գալիս է մտածելու, խորհելու ժամանակը:
Առհասարակ, նկարչուհու ուսումնասիրութեան եւ հետաքրքրութեան կենտրոնում մարդն է. ինչպիսին է նա, նրա բնոյթը, դրսեւորումները, ինչից է ազդւում է եւ ինչպէս է ազդում: Հետաքրքիր է նաեւ մարդու աշխատանքը, ստեղծածը, վաստակը: Այդ պատճառով էլ նկարչուհին մեծ սէր ունի հին իրերի նկատմամբ: Իր արուեստանոցը, որտեղ նա սիրում է առանձնանալ իր մտքերի եւ նկարների հետ, վաղուց արդէն փոքրիկ թանգարան է յիշեցնում: Այստեղ նա հաւաքել է անցեալ դարերից մնացած հնատիպ գործքիներ, իրեր, որոնք հիմնականում օգտագործուել են հայերի կողմից իրենց կենցաղում եւ գիւղատնտեսութեան մէջ:
Հին կաւէ սափորների կողքին կարելի է տեսնել նաեւ Հռիփսիմէի ձեռքի գործերը: Բացի նկարչութիւնից, նա նաեւ զբաղւում է կաւագործութեամբ: Երբ Հռիփսիմէն դեռ սովորում էր Թերլեմեզեանի անուան քոլէջի գեղանկարչութեան բաժնում, որոշում է սեփական գումարը վաստակել: Նա գիտէր, որ գեղանկարչութեան միջոցով չի կարող բաւարար գումար վաստակել, եւ որոշում է զբաղուել բրուտագործութեամբ: Կարճ ժամանակում նա հմտանում է այս գործի մէջ, եւ այն դառնում է Հռիփսիմէի երկրորդ մասնագիտութիւնն ու աշխատանքը:
Նկարչութիւնն եւ բրուտագործութիւնը թոյլ են տալիս նրան զբաղուել ամենատարբեր գործերով, ստեղծել տարատեսակ ձեռքի աշխատանքներ, դեկորատիվ իրեր, որոնք նաեւ վաճառում է: Բայց Հռիփսիմէն իրեն նախ եւ առաջ համարում է գեղանկարիչ, իսկ գեղանկարչութիւնը` բոլոր ոճերի եւ ուղղութիւնների հիմքը:
Նկարչուհին սիրում է ստեղծագործել յատկապէս գիշերուայ ժամերին, քանի որ «գիշերն աւելի շատ լոյս է տեսնում, քան ցերեկը»: Նրան կարող է ներշնչել նաեւ մռայլ ու ամպամած եղանակը, չնայած բնոյթով կենսախինդ մարդ է: Սակայն ներշնչման աղբիւրիներից առաւել կարեւոր է այն հոգեւոր աշխարհը, որով ապրում է արուեստագէտը եւ ներկայացնում իր արուեստի միջոցով:
Գեղանկարչութեան մէջ Հռիփսիմէն առաջնութիւնը տալիս է Հիերոնիմոս Բոսխին: Վերջինիս գոյները, արուեստի աշխարհը, որի միջոցով երեւում է նաև նկարչի փիլիսոփայութիւնը, մտածողութիւնը, երեւակայութեան անսահմանութիւնը, Հռիփսիմէի համար իւրայատուկ է: Կան նաեւ բազմաթիւ այլ նկարիչներ, որոնցով հիանում է Հռիփսիմէն եւ կարծում է, որ երբեք չի կարողանայ հասնել նրանց արուեստի մակարդակին: Բայց եւ շատ է ցանկանում, գոնէ նրանց գործերը ուսումնասիրելով, սովորել նրանցից առաւելագոյնը:
ՄԵՐԻ ՄԱՄԵԱՆ
Ռամկավար Մամուլ