Երջանիկ Եմ, Որ Երգի Միջոցով Կրցայ Օտարին Պատմել Իմ Երկրի Պատմութիւնը. Արաքս Մանսուրեան

Մարտ 22-ին Ճափոնի մէջ ՀՀ դեսպանատան աջակցութեամբ` Թոքիոյի «Տայկանեամա Հիլսայտ թերաս» սրահներու համալիրին մէջ մեկնարկեց Հայկական մշակոյթի շաբաթը, որուն նպատակն է ոչ միայն հայկական մշակոյթը առաւել ճանաչելի դարձնել ճափոնցի հասարակութեան, այլեւ մշակութային կամուրջ հաստատել Հայաստանի եւ Ճափոնի միջեւ: Մարտ 24-ին, 26-ին եւ 27-ին իրականացուեցան հայ երաժշտութեան փառատօն, որուն ընթացքին տեղի ունեցաւ համերգային երեկոյ, որուն ժամանակ ելոյթ ունեցան հայ, ճափոնցի երաժիշտներ եւ ճանչցուած սոփրանօ Արաքս Մանսուրեան:

«Համերգի երաժշտական մասը  ճափոնացի երաժիշտ Թաքահիրօ Աքիպան` կոմիտասեան երաժշտութեան մեծ սիրահարն էր կազմել: Նա թէեւ ճափոնացի է, բայց հայկական ուժեղ ոգի ունի, ինչը շատ բարձր գնահատանքի է արժանի: Ծրագիրը պատրաստել էր իր ուսանողների միջոցով, երաժիշտներից միայն մէկն էր հայ` ջութակահար Կարէն Իսրայէլեանը, միւսները` Մէկումի Նաքանոմորին (դաշնամուր), Ռիրիքօ Տաքակին (ջութակ), Ֆութօ Եամանեն (թաւջութակ), ճափոնացիներ էին, որոնք փայլուն նուագեցին»,- «Հայերն այսօրի» հետ զրոյցին պատմեց Արաքս Մանսուրեան:

Երեկոյին ընթացքին հնչած են Բաբաջանեանի, Յարութիւնեանի, Բաղդասարեանի, Միրզոյեանի եւ Կոմիտասի ստեղծագործութիւնները: Համերգը եզրափակած է Արաքս Մանսուրեան, որ հնչեցուցած է կոմիտասեան երգեր` Թաքահիրօ Աքիպայի նուագակցութեամբ: Սակայն հանդիսատեսի ոգեւորութեան ի պատասխան` Արաքս Մանսուրեան 18-ամեայ դաշնակահարի նուագակցութեամբ կատարած է նաեւ Բարսեղ Կանաչեանի «Օրօրը»:

Համերգին ներկայ եղած են դեսպաններ, պաշտօնեաներ, մշակութային, հասարակական գործիչներ:

«Համերգից յետոյ շատերը մօտեցան, շնորհակալութիւն յայտնեցին, ջերմութեամբ արտայայտուեցին հայ երաժշտութեան, Կոմիտասի երգերի մասին: Ամենայուզիչն այն էր, երբ ինձ մօտեցաւ մի ճափոնացի պաշտօնեայ եւ ասաց. «ես առաջին անգամ էի լսում Կոմիտաս, այնքան գեղեցիկ էր: Զարմանալի է, բայց ես կոմիտասեան մեղեդիների միջոցով ճանաչեցի հայ ժողովրդի խորութիւնը, գոյները, ջերմութիւնը, գեղեցկութիւնը: Ձեր երգերի շնորհիւ նաեւ բացայայտեցի մինչ այսօր ինձ համար անծանօթ մի երկիր: Արդէն որոշում եմ կայացրել` անպայման այցելել Հայաստան: Անչափ երջանիկ եմ, որ երգի միջոցով կարողացայ օտարին պատմել իմ երկրի պատմութիւնը, իմ իմաստուն ժողովրդի մասին»,-ըսաւ Արաքս Մանսուրեան:

Համերգէն բացի Արաքս Մանսուրեան վարպետութեան դասեր  իրականացուցած է Թոքիոյի, Նականոյի մէջ: «Ճափոնիայում մնացի 8 օր. շատ երջանիկ ու գոհ վերադարձայ: Գիտէք, յաճախ չի լինում, որ ես գոհ եմ լինում ինքս ինձանից: Բայց եւ՛ համերգը շատ փայլուն անցաւ, եւ՛ վարպետութեան դասերը: Հնարաւորութիւն ունեցայ ոչ միայն հայ երգը քարոզել, հնչեցնել ու ճանաչելի դարձնել, այլեւ իմ գիտելիքներով օգտակար լինել երիտասարդ երաժիշտներին»,-եզրափակեց իր խօսքը Արաքս Մանսուրեան:

Ա.Մ8Ա.Մ7 Ա.Մ10Ա.Մ6Ա.Մ9Ա.Մ2 Ա.Մ1Ա.ՄԱ.Մ4

Scroll Up